Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի արդյունքներից տեղեկանալու համար՝ ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության ղեկավար Մետաքսե Հակոբյանի հետ:
«Այն նախաձեռնող խումբ է կազմակերպել և չենք կարող դիտարկել որպես համաարցախյան հանրահավաք: Դա մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ է կազմակերպվել և նպատակն էր բարձրացնել սոցիալական մի քանի հարցեր: Ելնելով Կառավարության հեթական որոշումներից՝ ուղղակի ակնհայտ է, որ միևնույն է, ինչ որոշումներ, որ կանխավ կային, ոչ մի փոփոխություն դրանք չեն կրել: Այս հարցի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն ունենք և գտնում ենք, որ որևէ սոցիալական ծրագիր չի կարող արդյունավետ լինել, անկախ իր ծավալից, եթե այն չի ներառում Արցախ վերադառնալու բաղադրիչը: Այս ամենին զուգահեռ՝ հայաստանյան իշխանություններն իրենց քաղաքականությունում չունեն հայերին Արցախ վերադարձնելու բաղադրիչ և, հետևաբար, միտում ունեն փակելու Արցախի հարցը:
Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 40+10 հազար դրամական աջակցությանը՝ Հակոբյանը նշեց, որ ծրագրի մինչև տարեվերջ շարունակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իր ասուլիսի ժամանակ, սակայն չի բացառում նաև հանրահավաքների ազդեցությունն այդ որոշման վերաբերյալ:
«Բնականաբար հանրահավաքներն ունեցան իրենց ազդեցությունը, քանի որ բողոքներ կլինեին և մարդիկ չէին ընդունի ծրագրի դադարեցման մասին որոշումը: Կարծում եմ, այս հանգամանքը հաշվի է առվել: Սակայն, միևնույն է, ես (նաև շատ արցախցիներ) մնում եմ այն կարծիքին, որ սոցիալական ծրագրերը չեն կարող երբևէ բավարարել արցախցիների պահանջը, քանի դեռ դրանք չեն պարունակում իրենց մեջ Արցախ վերադառնալու բաղադրիչ»,- նշեց Հակոբյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանը ներկայացրեց նաև «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության առաջիկա քայլերն ու ծրագրերը: Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունը մարտի 30-ից սկսած կձեռնարկի այցեր դեպի Հայաստանի 10 մարզեր՝ հանդիպելու տվյալ մարզերում բնակություն հաստատած բռնի տեղահանված երիտասարդ արցախցիների հետ:
«Մարտի 30-ին, այս ծրագրի շրջանակում, մեր առաջին այցը կկատարենք Կապան: Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել արցախցի երիտասարդների ձայնը, լսելի դարձնել նրանց խնդիրներն ու պահանջները, ինչպես նաև հասկանալու, թե արցախցի երիտասարդներն ինչպես են տեսնում հայերի վերադարձը Արցախ: Բոլոր 10 մարզերի այցելությունից հետո կկատարվի արդյունքների վերլուծություն և կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ որպես արցախցիների ձայն»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:
Ծրագրի ավարտին ՀԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացվի քննարկումների ամփոփ պատկերը:
Աշխատանքների արդյունքները կներկայացվի ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և բարերարներին՝ հետագա ծրագրերի իրականացման նպատակով:
Նանիկ Աղասյան