ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մհեր Սպարտակի Աղաբեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և արարքի կատարման պահին գործող՝ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն արարքի կատարման համար, որ նա, Երևանի քաղաքապետի՝ 27.11.2018թ. թիվ 505-Ա կարգադրության համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ից զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը, Երևանի քաղաքապետի՝ 29.07.2009թ. N 7149-Ա որոշմամբ հաստատված՝ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված դրույթների ուժով, ի թիվս այլնի, ունեցել է անմիջականորեն ենթակա և հաշվետու բաժինների աշխատակիցներ, օժտված է եղել վարչության աշխատանքները կազմակերպելու, ծրագրելու, համակարգելու, ղեկավարելու և վերահսկելու, վարչության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրները լուծելու, որոշումներ ընդունելու, վարչության բաժիններին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տալու, հողհատկացման և հողօգտագործման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերի, դիմումների, գրությունների ուսումնասիրությունն ապահովելու, դրանց մասին եզրակացություն տալու, Երևանի քաղաքապետի քննարկմանը Երևանի քաղաքապետի որոշման նախագծեր ներկայացնելու, իր և վարչության անունից պատրաստվող փաստաթղթերն ստորագրելու լիազորություններ, որոնց ուժով հանդիսացել է պաշտոնատար անձ:

 

Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Շրջանցիկ թունել 9/10 հասցեի անշարժ գույքի սեփականատեր Անահիտ Վահանի Ներսիսյանը ամուսնու քրոջ որդու՝ Ամրամ Կլեկչյանի եւ վերջինիս կնոջ՝ Հերմինե Խառատյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության հիման վրա՝ 2019 թվականի օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Շրջանցիկ թունել 9/10 հասցեի անշարժ գույքին հարակից, սակայն փաստացի Ամրամ Կլեկչյանի ընտանիքի կողմից տիրապետվող Երեւանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի՝ որպես ընդլայնում՝ ուղղակի վաճառքի եղանակով օտարման վերաբերյալ դիմում, որի կատարումը, վերաբերելի գործառույթների մասով, Երեւանի քաղաքապետի՝ նույն օրը կատարված մակնշմամբ հանձնարարվել է Մհեր Աղաբեկյանին, իսկ վերջինիս կողմից, միջնորդավորված եղանակով, 2019 թվականի օգոստոսի 2-ին հանձնարարվել է Երեւանի քաղաքապետի՝ 30.05.2019թ. թիվ 253-Ա կարգադրությամբ 2019 թվականի մայիսի 30-ից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության հողհատկացման եւ հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող, Երեւանի քաղաքապետի 21.04.2011թ. N 1468-Ա որոշմամբ հաստատված՝ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված դրույթների ուժով պաշտոնատար անձ հանդիսացող Արմենուհի Շահենի Մարտիրոսյանին: Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հերմինե Խառատյանի քույրը լինելու հանգամանքով պայմանավորված՝ հիշյալ անձնական այլ դրդումներից ելնելով, Մհեր Աղաբեկյանը Արմենուհի Մարտիրոսյանի կողմից միջոց տրամադրելու, այն է՝ փաստաթղթի տեքստային մասի նախագծի մշակմամբ դրսեւորված նրա օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական ձեւաթղթի վրա նույն օրը՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, կազմել եւ իր ստորագրությամբ հաստատել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին հասցեագրված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ թիվ 1806/1-Ն-1425 գրությունը (դրական եզրակացությունը), որում Անահիտ Ներսիսյանին պատկանող հողամաս մուտք գործելու համար ինքնուրույն՝ լրացուցիչ տրամադրման ենթակա հողամասի հետ առնչություն չունեցող ճանապարհի փաստացի առկայության պայմաններում, ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, թե ըստ տարածքի տեղազննման եւ տեղագրական հանույթի ճշգրտման՝ ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրման ենթակա 176.0 քմ մակերեսով հողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, եւ ընդլայնվող հողամասին սահմանակից օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որեւէ այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից, կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿԱԼԱՆՔՆԵՐ ՍԿՍԵԼ ԵՆ 5.6 %-ՈՎ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԿԻՐԱՌՎԵԼ

Դատական դեպարտամենտից ArmLur.am-ին հայտնում են, որ ուսումնասիրել են կալանքների կիրառման պրակտիկան մինչեւ 2022 թվականի հուլիս ամիսը, այսինքն` մինչ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը եւ դրանից հետո։

 

Մասնավորապես՝ ուսումնասիրվել է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը եւ 2023 թվականն ամբողջությամբ։

Այսպես, ըստ վիճակագրական տվյալների` 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դատարանները ստացել են 3733 կալանքի միջնորդություն, որից բավարարվել է 3037-ը, այսինքն՝ ներկայացված կալանքների միջնորդությունների ընդհանուր թվի 81,3 %։

Իսկ 2023 թվականի ընթացքում, երբ Հայաստանի դատական համակարգում արդեն ձեւավորվել էր նաեւ Հակակոռուպցիոն դատարանը, կալանքը կիրառելու մասին ստացվել է 5782 միջնորդություն, այսինքն՝ 55%-ով ավելի քան 2021-ի հուլիսի 1-ից մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հատկանշական է, որ ներկայացված 5782 միջնորդությունից բավարարվել է 4377-ը, այսինքն՝ ներկայացված կալանքների միջնորդությունների ընդհանուր թվի 75,7%-ը։

Այսպիսով՝ վիճակագրության ուսումնասիրությունը փաստում է, որ կալանքները սկսել են ավելի քիչ կիրառվել` պակասելով 5.6 %-ով: Հարկ է հաշվի առնել նաեւ, որ քրեական դատավարության փոփոխված օրենսգիրքը հնարավորություն է տվել դատարաններին կիրառել ազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այն է՝ տնային կալանք եւ վարչական վերահսկողություն:

Արդյունքում՝ 2023 թվականի ընթացքում դատարաններ ներկայացված միջնորդությունների գրեթե 10 տոկոսի դեպքում, մասնավորապես՝ 515 դեպքով կիրառվել է տնային կալանքը, իսկ 85 դեպքով ընտրվել է վարչական հսկողությունը:

Այսպիսով՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ձեւավորված պրակտիկայի ուսումնասիրությամբ կարող ենք փաստել, որ կալանքների կիրառումը դատարանների կողմից նվազել է, եւ դատարանները կիրառում են ազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐ

Ըստ էության հաշվի առնելով վերջին ողբերգական դեպքը՝ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական շարժընթացը։

Ըստ այդմ՝ 2023թ.-ին կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։ Այսպիսով՝ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերեւույթ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ։

Դրան զուգահեռ ավելացել է նաեւ դատարան ուղարկված վարույթների քանակը։ Այսպես՝ 2023թ.-ին նախաձեռնված 1159 քրեական վարույթից 78-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 82 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան (2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 66-ը՝ 73 անձի վերաբերյալ)։

Դատարան ուղարկված վարույթներով հիշյալ 82 մեղադրյալներից 29-ը կամ 35%-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից։ Մնացած հանցագործությունները կատարվել են այլ անձանց կողմից:

Դատարան ուղարկված վարույթներից՝

l 1-ը քննվել է սպանության

l 7-ը՝ առողջությանը տարբեր աստիճանի վնասներ պատճառելու

l 4-ը՝ մարդուն առեւանգելու

l 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու

l 10-ը՝ ֆիզիկական ներգործության

l 14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

l 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի

l 40-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով տուժող է ճանաչվել 91 անչափահաս։ Նրանցից՝

l 35-ը եղել են մինչեւ 12 տարեկան

l 17-ը՝ 12-ից 14 տարեկան

l 19-ը՝ 14-ից 16 տարեկան

l 20-ը՝ 16-ից 18 տարեկան:

2023թ. ընթացքում քննված 522 քրեական վարույթ կարճվել է, որից 450-ը` ռեաբիլիտացնող, 71-ը` ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։151-ով ավարտվել են վարութային եւ ապացուցողական գործողությունները. 9 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 36-ը` միացվել է։ 363 վարույթի քննությունը տեղափոխվել է 2024 թվական:

Երեխայի օրինական շահերի քրեաիրավական պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեի բացարձակ առաջնայինություններից է։ Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների անաչառ եւ համակողմանի քննությունը, նաեւ նրանց նկատմամբ հանցավոր ոտնձգությունների կանխման համատեքստում մշտապես գտնվում է կոմիտեի ուշադրության կենտրոնում։

 

 




Լրահոս