ԿԿԻՐԱՌՎԵՆ ՆՈՐ՝ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հունվարից հանրապետությունում անտառների պահպանության հիմնական գործառույթը տրվել է նոր ստեղծված էկոպարեկային ծառայությանը։ Այն իր պահպանության տակ է վերցնում անտառային ու հատուկ պահպանվող տարածքները։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը նշեց, որ սա շատ կարեւոր նախաձեռնություն է՝ ուղղված անտառների պահպանության մակարդակի բարձրացմանը։

«Իրականացվելու են առավել խստացված ռեժիմով անտառի պահպանության աշխատանքներ։ Էկոպարեկները վերահսկողություն են իրականացնելու անտառներում ու անտառներին մոտ գտնվող ճանապարհների վրա։ Նրանք իրականացնելու են ստուգումներ, հետեւելու են անտառի փայտանյութի տեղաշարժին, ուշադրության կենտրոնում են պահելու ապօրինի որսը, հողի հարթեցման, հողի տեղափոխման աշխատանքները, ջրային ռեսուրսների պահպանությունը եւ այլն»,-ասաց Սեւակ Մարկոսյանը։

Էկոպարեկները անտառի պահպանության գործում տեխնիկական լայն հնարավորություններ են ունենալու։ Ձեռք են բերվելու ժամանակակից սարքավորումներ, դրոններ, պարեկները շրջելու են ամենագնաց ավտոմեքենաներով։ Անտառներում գործարկվելու են ձայնի, ծխի ազդանշանային սարքեր, որոնց տեղեկությունը ստացվելու է կենտրոնական կառավարման համակարգում, ըստ այդմ էլ՝ իրականացվելու են հրատապ գործողություններ։  Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ էկոպարեկներն արդեն գործնականում կաշխատեն։

«Էկոպարեկները ծառայություն են իրականացնելու շաբաթը 7 օր 24 ժամ ռեժիմով։  Սա շատ կարեւոր է, որովհետեւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ խախտումները, ապօրինությունները լինում են ոչ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային ժամերին»,-ասաց Սեւակ Մարկոսյանը։

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն, «Հայաստանի անտառային դաշինքի» ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ ողջունում են էկոպարեկային ծառայության հիմնումը։ Նրա կարծիքով դա ազդեցիկ ուղերձ է, եւ բավական մեծ անձնակազմ է ներգրավվելու։

«Անտառն ազգային հարստություն է։ Հաճախ շատերն անտառների դերը էսթետիկ են պատկերացնում, թվում է՝ գեղագիտական նշանակություն ունեն, սակայն իրականում անտառները դրանից զատ ունեն խիստ ռազմավարական նշանակություն։ Անտառները ջրային ռեսուրսների պահպանման երաշխիք են, պաշտպանում են հողը էրոզիայից,. դա նշանակում է՝ չենք կորցնում հողի բերքատվությունը, թթվածինը, անտառն օդը մաքրելու կարեւոր աղբյուր է եւ այլն։ Անտառների պահպանության ոլորտի խնդիրները շատ են։ Կարող եմ առանձնացնել անտառային տարածքներում կենդանիներին արածեցնելը, ծառահատումները. թեպետ այս առումով որոշակի առաջընթաց կա, թվերը կրճատվել են: Մյուս խնդիրը վայրի տարածքները, արոտավայրերը հրդեհելն է, ինչը վտանգավոր է, եւ կրակը հասնում է անտառային շերտեր»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանը։ Մասնագետը նշեց, որ խնդիրները պետք է համակարգային լուծումներ ստանան։ Միայն արգելելով կամ պատասխանատվության ենթարկելով խնդիրը չի լուծվի։ Անհրաժեշտ է վերհանել պատճառները եւ գյուղացիներին այլընտրանք առաջարկել, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ իրականացնել։

Անտառների հաշվառման տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում անտառային հողերը կազմում են  459,9 հազար հա, որից 334,1 հազար հա անտառածածկ տարածքներ են։ Սա կազմում է Հայաստանի տարածքի 11,2 տոկոսը։ Սրանք 1993 թվականի տվյալներ են։ Դրանից հետո անտառային հաշվառում, որպես այդպիսին, չի արվել։ Պատկան գերատեսչությունն իրականացնում է աշխատանքներ եւ արդեն 2025 թվականի բյուջեի միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված են միջոցներ անտառների հաշվառման համար։

Մասնագետները նշում են, որ ամեն դեպքում 11,2 տոկոսը դիտարկվում է ցածր ցուցանիշ։ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն, եւ նախատեսվում է մինչեւ 2030 թվականն իրականացնել շուրջ 50 հազար հա անտառապատման աշխատանքներ։ Մինչեւ 2050 թվականը պետք է  անտառածածկ տարածքները հասցնել 21 տոկոսի։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը:

Ինչպես  տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցուցակի կազմը հետեւյալն է.

  1. Ալումյան Հայկ
  2. Գրիգորյան Լիզա
  3. Գրիգորյան Վահե
  4. Կարապետյան Նորա
  5. Մազմանյան Արմեն
  6. Մարգարյան Աննա
  7. Քոչարյան Վիգեն

Հարցազրույցը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 14։00-ից, եւ ապրիլի 5-ին՝ ժամը 10։00-ից Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական շենքում։ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 882-Ա որոշման 50-րդ կետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանից առնվազն երկու աշխատանքային  օր առաջ (ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ) համապատասխան դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստին (ներկայացված դիմումի մեջ անհրաժեշտ է նշել զանգվածային լրատվական միջոցի եւ հասարակական կազմակերպության մինչեւ երկու ներկայացուցչի անուն, ազգանուն եւ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով)։

 

 

ՀԱՎԵԼՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-29-ին:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ, հաշվի առնելով տվյալ ուսուցիչների լավագույն շահը եւ կարեւորելով նրանց տարիների փորձառությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորում: Ընդգծվում է, որ այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու իրականացնել մանկավարժական աշխատողի գործունեություն՝ մինչեւ չապահովեն ուսուցչին ներկայացվող պահանջները:

Նախարարությունը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին» օրենքով ուսուցիչների համար դեռեւս 2010 թվականին սահմանվել է բարձրագույն կրթության պահանջ: Օրենսդրական նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով  բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին տրվել էր որոշակի ժամանակահատված, որը մի քանի անգամ արդեն իսկ երկարաձգվել է: Շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն՝ կարգավորելով վերոնշյալ խնդիրը եւ ապահովելով օրենքի պահանջը:

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի ապահովման համար սահմանված էր ժամկետ՝ 2023 թվականի օգոստոսի 20-ը: Ըստ այդմ՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, նշված ժամկետից հետո չէին կարող շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը:

Նախորդ տարի ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներին տրվեց հավելյալ հնարավորություն՝  կամավոր ատեստավորման մասնակցության արդյունքում համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում շարունակել մասնագիտական աշխատանքը։

Հավելենք, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման հայտագրումը նախատեսված էր 2024 թվականի փետրվարի 12-ից մինչեւ փետրվարի 21-ը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակում է աջակցության ծրագիր՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է, կարող է կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից որեւէ մեկում. պետությունը կապահովի ուսման վարձի փոխհատուցում:




Լրահոս