ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական միջոցառումները «միջանցքային հանդիպումների» եւ «վերելակային խոսակցությունների» լավագույն վայրերից են:

 

Վենետիկում Ավստրալիայի դեսպանը վերջերս իր գործընկերների եւ ընկերների համար համերգ էր կազմակերպել, որը նման չէր համերգների մեծամասնությանը: Փետրվարի 6-ին Օվկիանիայի ամենամեծ երկրի երիտասարդ ներկայացուցիչ Կիարա Պորրոն ողջունել է Հռոմում ապրող գործընկեր դեսպաններին եւ իր համաքաղաքացիներին իր իսկ նստավայրում՝ Palazzo Bonadies Lancellotti-ում՝ ուշացումով նշելու Ավստրալիայի օրը:

Ավստրալական լարային քառյակը, որն այժմ հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում, հյուրերի համար կատարել է ժամանակակից ավստրալացի կոմպոզիտոր Նայջել Ուեսթլեյքի եւ այնպիսի լեգենդար արտիստների ստեղծագործություններ, ինչպիսիք են Դոմենիկո Սկարլատին եւ Լյուդվիգ վան Բեթհովենը: Երեկոյան փակ միջոցառման ներկաների կազմում են եղել Իսրայելի եւ Պաղեստինի դեսպանները, որոնք ներկայացնում են երկու ժողովուրդների, որոնք մի քանի տասնամյակ հակամարտում են եւ անցած հոկտեմբերի 7-ից ի վեր ներգրավված են համատարած արյունալի պատերազմի մեջ:

Երկու դիվանագետները նստել են միմյանցից հեռու՝ սենյակի հակառակ կողմերում. համերգի վերջում նրանք իրար հետ չեն խոսել, սակայն երկուսն էլ Բեթհովենի թիվ 9 քառյակից առաջ լսել են երաժշտական անսամբլի թավջութակահարի հետեւյալ խոսքերը. «Ես ակնկալիք ունեմ, որ դուք այստեղից մի փոքր ավելի հույսով կհեռանաք»:

Վատիկանի տարածքում տեղի ունեցող ընդունելությունները, ինչպես Ավստրալիայի դեսպանատան կազմակերպած այս համերգը, հաճախ այնքան անլուրջ չեն, որքան թվում են:

«Սա այն վայրն է, որտեղ դուք հանդիպում եք տարբեր մարդկանց, ում հետ երբեք չեք հանդիպում կամ զրուցում, որտեղ դուք տեղեկատվություն եք ստանում կամ որտեղ կարող եք Վատիկանի ներկայացուցիչներին հարցնել, թե ինչ են նրանք մտածում որոշակի իրավիճակների կամ Հռոմի պապի ասածի մասին», – բացատրել է դիվանագետը:

Հենց նման բարոկկո երաժշտության եւ իտալական գինիների բույրով լցված վայրերում է, որ հաճախ մի փոքր ավելի մեղմ է արձագանքում պատերազմի աղաղակը՝ դառնալով «միջանցքային հանդիպումների» եւ «վերելակային խոսակցությունների» լավագույն միջավայրը։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԱՆՏԻԿ ՇՐՋԱՆԻ ԵԶԱԿԻ ԳՏԱԾՈՆԵՐ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքաղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից, դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապարհով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

 

«2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 եւ 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո 13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I – Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ եւ մի շարք դամբարաններ։ Բլրի հյուսիսային մատույցներում շուրջ 0,5 կմ երկայնքով հայտնաբերվել են մեր տարածաշրջանում եզակի հռոմեական ակվեդուկի՝ կամրջային ջրատարի զանգվածեղ հիմքերը։ Բլրից հարավ ընկած դաշտում ուսումնասիրվել են ավելի քան 500 քմ տարածքով մոնումենտալ ուրարտական հասարակական կառույցի երկու հատվածները։ 2023 թվականին սկսված՝ 17-րդ բլրի պեղումներով բացահայտվեցին Ք. ա. I – Ք. հ. I դդ. արտադրական եւ բնակելի համալիրների ավերակներ, ինչպես եւ Ք. հ. II-III դարերին թվագրվող մոնումենտալ կղմինդրածածկ մի կառույց, հատակին՝ փայտե տախտակամածի այրված գերաններով, որոնց ուսումնասիրությունը կշարունակվի առաջիկայում»,- ասել է արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։

Նշվում է, որ անտիկ Հայաստանի երրորդ մայրաքաղաք Արտաշատը, որը հաջորդել է Արմավիրին եւ Երվանդաշատին, հիմնադրվել է Ք. ա. 180-ական թթ.-ին Արտաշես Ա-ի կողմից եւ որպես երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կենտրոն գործել է մինչեւ Ք. հ. V դ-ի կեսերը։ Քաղաքի հիմնական կառուցապատման կորիզը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Լուսառատ եւ Փոքր Վեդի գյուղերի տարածքում, Խոր Վիրապի 17 բլուրների վրա (Վերին քաղաք) եւ հարակից դաշտում՝ մինչեւ Արաքսի ափը (Ստորին քաղաք), շուրջ 600 հա ընդհանուր տարածքով։ Արտաշատ հնագիտական հուշարձանը՝ քաղաքային արվարձանով եւ դամբարանադաշտերով, զբաղեցնում է Լուսառատ – Փոքր Վեդի – Տափերական – Շիրազ գյուղերի միջեւ ընկած դաշտի զգալի մասը՝ ընդգրկելով շուրջ 3000 հա տարածք։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն Արտաշատում պեղումներ են իրականացնում 1970 թ.-ից։ Ըստ հնագիտական տվյալների՝ բնակությունն Արտաշատի տարածքում սկիզբ է առել դեռեւս Ք. ա. V հազարամյակում։ Վաղ երկաթի դարաշրջանում (Ք. ա. XI-IX դդ.) այստեղ գործել է խոշոր բնակավայր, որի կործանումից անմիջապես հետո՝ մեծ ուրարտական քաղաք։ Անտիկ դարաշրջանի բուռն ծաղկումից (Ք. ա. II – Ք. հ. V դդ.) հետո կյանքը հուշարձանի տարածքում շարունակվել է մինչեւ Ք. հ. XV դարը։

 

 

 

1-21-Ը ԿՄՐՑԻ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ժամանել է Պոդգորիցա, որտեղ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 ընտրանու հետ:

Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Չեռնոգորիա են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ

Գոռ Մատինյան – ԲԿՄԱ

Վլադ Չատունց – «Ալաշկերտ»

Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Համլետ Մնացականյան – «Շիրակ»

Ավենտիս Ավենտիսյան – «ՆԿ Յարուն» (Խորվաթիա)

Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ

Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»

Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ

Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ

Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Նարեկ Ջանոյան – ԲԿՄԱ

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Նարեկ Ալավերդյան – «Արարատ-Արմենիա»

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ

Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ

Տիգրան Ավանեսյան – «Բալթիկա» (Ռուսաստան)

Վյաչեսլավ Աֆյան – ԲԿՄԱ

Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ

Գեւորգ Տարախչյան – «Ուրարտու»

Հարձակվողներ

Լեւոն Վարդանյան – «Փյունիկ»

Նիքոլաս Կալուկյան – «Սիրաքյուզ» (ԱՄՆ)

Չեռնոգորիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 22-ին` ժամը 18:00 (Երեւանի ժամանակով) Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում:

 

 

 

ՍԱՄԲՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Անցկացվել է Հայաստանի սամբոյի 2024թ. առաջնությունը, որին մասնակցել են հանրապետության ուժեղագույն մարզիկները:

Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է նաեւ մարտական սամբոյի կանանց առաջնությունը:

Տղամարդկանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի առաջնության հաղթողներ են ճանաչվել Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), Արման Մանուկյանը (+98 կգ):

Տղամարդկանց մարտական սամբոյի մրցումներում Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ալբերտ Քարամյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ), Էրիկ-Գոռ Համզոյանը (+98 կգ):

Կանանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արփինե Ամիրյանը (50 կգ), Մելինե Մամիկոնյանը (54 կգ), Նանե Հակոբյանը (65 կգ), Նելլի Ավետիսյանը (80 կգ) եւ Աննա Մկրտչյանը (+80կգ):

 




Լրահոս