ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆԸ 2019Թ.-ԻՆ ՆՈՐ ԲԻԶՆԵՍ Է ՀԻՄՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, բացի լրատվամիջոց ղեկավարելուց, նաեւ ունի սեփական բիզնեսը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի կինն իր սեփական կազմակերպությունն է հիմնել, որը համագործակցում է հայկական էստրադայի տարբեր ներկայացուցիչների հետ ու համերգներ կազմակերպում: Կազմակերպությունը, որի իրական շահառուն հենց ԱԺ նախագահի կինն է, կոչվում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»: Այն հիմնադրվել է 2019թ.-ին, ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոց, 72 շենք, 21 բնակարան հասցեում: Թեեւ Ալեն Սիմոնյանի կնոջ ՍՊԸ-ի գրանցման հասցեն նշված է Արամի փողոց, բայց, մեր տեղեկություններով, Մարիամ Մարգարյանն իր ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերության՝ Հերացի փողոցի վրա գտնվող գրասենյակին հարակից տարածքում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ի գործունեությունը ծավալում: Ինչպես կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, այն տարբեր միջոցառումների, համերգային ծրագրերի կազմակերպմամբ է զբաղվում: Մարիամ Մարգարյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք նաեւ, որ «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ում աշխատանքից նա մոտ 8 մլն դրամ շահույթ է ստանում տարեկան: Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաեւ Մարիամ Մարգարյանին. վերջինս ասաց. «Համատեղությամբ աշխատանք է, այո՛: «ԷՖԷՄԷՖ»-ը ակտիվ գործունեություն չի ծավալում, շատ ժամանակ չի խլում»: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր նաեւ, որ ԱԺ նախագահի կնոջ տնօրինությամբ եւ քավոր Էդգար Ավագյանի ֆինանսավորմամբ գործող «Ֆրինյուզ»-ը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել էր 23,3 մլն ՀՀ դրամ, որը ավելի ուշ մարվեց՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումներից բարձրացած աղմուկի ֆոնին:

 

 

 

 

Երեկ, կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Եղիազար Վարդանյանը։ ArmLur.am-ը գրել էր, որ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն էր եւ այդ պաշտոնը լքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից. հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ հանդերձարանի կախիչը պոկեց, դժգոհեց, Քաղշին նախագահ Արմեն Ղուլարյանն էլ կռացավ, վերցրեց կախիչը, այնուհետեւ ազատվեց պաշտոնից: Եղիազար Վարդանյանի նշանակումը պատահական չէր. նա մինչ ռեկտոր լինելը լուրջ քաղաքաշինական գործունեությամբ է զբաղվել։ Մասնավորապես, նախկինում Վարդանյանը ունեցել է շինարարական ընկերություն եւ մասնակցել է յուղալի մրցույթների։ Վարդանյանը վայելում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը։ Հավելենք, որ արդեն նախկին ռեկտոր Եղիազար Վարդանյանը միջամտություն ունի նաեւ Ակադեմիական քաղաքի՝ կյանքի կոչման գործին։ Դեռ փետրվար ամսին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին, որպես ռեկտոր, մասնակցել է Վարդանյանը եւ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը։ Վարդանյանն այս հանդիպման ընթացքում նշել է. «Կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։ Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, անճարությունից է այս ընտրությունը կատարել՝ 3 ամիս անց համալսարանի ռեկտորին տեղափոխելով իր ենթակայության տակ գտնվող գերատեսչություն։ Մնում է տարակուսել՝ արդյոք Վարդանյանը կարդարացնի Փաշինյանի հույսերը։

 

 

 

 

ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, մեղմել նրանց զայրույթը: Ինչպես հայտնի է, երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամկոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  հանդիպման ժամանակ ՔՊ-ականներին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հերթական հրահանգը, այն է՝ պարբերաբար փակ հանդիպումներ անցկացնել բռնի տեղահանված արցախցիների հետ, զրուցել նրանց հետ: Այսպիսով, ՔՊ-ականները  Երեւանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաեւ մարզերում ինտենսիվորեն հանդիպումներ կունենան բռնի տեղահանված արցախցիների հետ: Թե իրենց իշխանության օրոք իրենց տներից ու սեփականություններից զրկված արցախցիների հետ ինչ պետք է խոսեն ՔՊ-ականները, դժվար է ասել: Հրահանգը, սակայն, կա եւ պիտի իրագործվի:

 

 

 

Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին մի նոր փաստի առաջ է կանգնեցրել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն որոշել է՝ այսուհետ դատավորները պետք է իրենց գործերի  ժամկետների մասին  տեղյակ պահեն դատարանի նախագահին, եթե ժամանակին չեն ավարտել գործը, ներկայացնեն պարզաբանում, թե ինչու չի հաջողվել: Ամենաուշագրավը ԲԴԽ որոշման մեջ այն է, որ եթե դատարանի նախագահն էլ չպահպանի դատարանի դատավորների կողմից գործերի ժամկետների հսկողության մասով հետեւողական մոտեցում ու ժամանակին դեպարտամենտին տեղյակ չպահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա։ Ասել է թե՝ դատարանների նախագահները պետք է սկսեն դատավորների  վարույթներում քննվող գործերի ընթացքի մասին մանրամասներին տիրապետել եւ ապա զեկուցել ԲԴԽ-ին։ Բացի այդ, սահմանել են, որ դատավորները, որոնք իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա (ներ) եւ (կամ) առողջական խնդիրներ ունեցող անձ(ինք) եւ այլն, դատարանի նախագահին նախապես ու ամսվա վերջում գրավոր հաշվետվություններ պետք է տան (ինչը նույնիսկ ոստիկանությունում ու քննչական մարմիններում չկա): Դատավորները կարող են բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ: Ընտանեկան դրության մանրամասները դատարանների նախագահներին զեկուցելուց բացի, պետք է իրենց վարույթի գործերի մանրամասները ներկայացնեն, որ նրանք վերհսկեն ընթացքը: Այսկերպ «անկախ դատական համակարգի»  բրգաձեւ ղեկավարման նոր մոդել է ներդրվում սիրուն փաթեթավորմամբ՝ վարքագծի նկատմամբ հսկողությունից անցնելով ընթացիկ գործերի մոնիթորինգին: Այս քայլով ԲԴԽ-ն, որ սահմանադրական անկախ մարմին է՝ ապահովելու դատական անկախ համակարգի գործունեությունը, իրականացնելու է տոտալ հսկողություն՝ համակարգը արդեն դե յուրե դարձնելով միասնական կառավարման ենթակա կառույց, շեֆ-ենթակա հարաբերություն կառուցելով։




Լրահոս