ArmLur.am-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը ծնունդով Տավուշի մարզից է։
-Պարո՛ն Ղալումյան, Նիկոլ Փաշինյանը Տավուշի գյուղերի հանձնման խոսակցությունների ֆոնին օրեր առաջ գնացել էր մարզ, հանդիպել տեղի բնակիչների հետ ու, ըստ էության, հաստատել, որ նոր զիջումներ են սպասվում: Ինչպես բնակիչներն էին պատմել, հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինայնն ասել է՝ եթե Ադրբեջանի պահանջած գյուղերի չհանձնենք, նոր պատերազմ է սկսվելու:
-Վարչապետը նման բան չի ասել. խոսքը Ադրբեջանի պահանջած այն գյուղերի մասին է, որտեղ նախկինում ադրբեջանական բնակչություն է ապրել: Հիմա այդ տարածքներում ո՛չ մի տուն, ո՛չ մի բնակիչ չկա. դա Հայաստանի 29.800ք/կմ տարածքի հետ կապ չունի: Եթե դեռ սահմանազատում, սահմանագծում չի արվել, չկա իրավական քարտեզ, որով սահմանները հստակեցվեն, ինչպե՞ս եք որոշում, որ այդ գյուղերը ադրբեջանական տարածքում են:
Եթե այս խոսույթը, այս քննարկումը մինչեւ սահմանազատման ու սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովի որոշումներից առաջ ենք սկսում, իհարկե, միանշանակ չենք կարող ասել՝ ինչն ինչպես է, բայց կան բաներ, որոնք նախապես տեսանելի են:
-Ի՞նչն է օրինակ տեսանելի:
-Ինձ համար, օրինակ, որ Գուգլ քարտեզը բացում ես, Հայաստանի սահմաններ որտեղ որ նշված են, դրանից դուրսի մասին է խոսքը, բայց ես գտնում եմ, որ եւ՛ մենք, եւ ՛ դուք՝ լրատվամիջոցները, պետք է այս հարցին շատ նուրբ մոտենաք ու մինչեւ սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի՝ որոշումներ կայացնելը ոչ մի հրապարակային քննարկում չսկսեք:
-Պարո՛ն Ղալումյան, բայց այս քննարկումն առաջինը վարչապետն ու իշխանության ներկայացուցիչներն են սկսել՝ ասելով, որ Տավուշից պետք է սահմանազատման աշխատանքները սկսեն:
-Վարչապետը եւ իշխանության ներկայացուցիչները այն, ինչ ասել են, դա տեսանելի է, դրա շրջանակում պետք է գործընթացները լինեն: Ես միշտ՝ այդ գյուղերի մասին շեշտելիս, նաեւ նշում եմ, որ կան ՀՀ 29.800 ք/կմ-ի մեջ մտնող տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո. հիմա, այդ հարցը թողած, կենտրոնանում եք այն տարածքների վրա, որոնք Հայաստանի 29.8000ք/կ տարածքից դուրս են, բայց ոչ որոշակի առումով, հնարավոր է, Հայաստանի վերահսկողության տակ լինեն: Ես գտնում եմ, որ մինչեւ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի որոշումները այս հարցի քննարկումը լեգիտիմ չէ:
-Որո՞նք են Ձեր նշած այդ գյուղերը, որոնք ադրբեջանական են:
-Այդ գյուղերը հարաբերական են, որովհետեւ դրանց անուններն էլ է խառը: Կա Ոսկեպար, Վերին Ոսկեպար. այդ գյուղերը խաչվում են ու հանրության կողմից այս ձեւ են ընկալվում: Սա շատ նուրբ հարց է:
-Պարո՛ն Ղալումյան, Դուք ծնունդով Տավուշից եք: Երբ լսում եք, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ձեր թիմակիցները, նաեւ Դուք հայտարարում եք, որ Տավուշում գյուղեր կան, մերը չեն, ադրբեջանական են, ինչպե՞ս եք, որպես տավուշցի, վերաբերվում այս հայտարարություններին:
-Դրանց ես վերաբերվում եմ այնպես, ինչպես նախկինում: Ես առաջիններից մեկն եմ ասել, որ այս գյուղերը Տավուշի վարչատարածքային բաժանման մեջ գոյություն չունեցող գյուղեր են, սրանք ընդգրկված չեն Տավուշի մարզում որպես վարչատարածքային միավորներ, դրանք ՀՀ 29.800 ք/կմ տարածքից դուրս են:
-Պարո՛ն Ղալումյան, պատերացնո՞ւմ եք, որ օրերից մի օր Ադրբեջանի նախագահը կամ նրանց պատգամավորները նման բան ասեն, թե այս կամ այն գյուղը ադրբեջանական չէ, պատմական Հայաստանի տարածքում է: Միայն մեր իշխանությունների կողմից են նման հայտարարություներ հնչում:
-Վարչապետը նման բան չի ասել, նա ասել է՝ այն գյուղերը, որոնց մասին Ադրբեջանը խոսում է, Տավուշի մարզում նման գյուղեր չկան. Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, եւ վարչական միավորների մեջ նման անուններ գոյություն չունեն:
-Իսկ արդյոք նման հայտարարություններով Հայաստանի իշխանությունները հիմք չե՞ն տալիս, որ Ադրբեջանը նոր պահանջներ մեզ ներկայացնի:
-Վարչապետն այդ գյուղերի բնակիչների հետ հանդիպելիս ասել է, որ Ադրբեջանի հետ որեւէ պայմանավորվածություն գոյություն չունի, մենք ընդամենը մեր մեջ խոսում ենք. թե հետո ինչ պահանջներ կլինեն, ինչպես կդիմակայենք, ինչ կլինի, դա հետագայի խնդիր է: Այսօր անկլավների մասին խոսք չկա, խոսքն այն վարչատարածքային միավորների մասին է, որոնք նախկինում եղել են ադրբեջանական բնակավայրեր:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է
Գեղարքունիքի մարզում ունեցած նախընտրական ելույթի ժամանակ՝ 2018 թվականի նոյեմբերի 29-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի:
Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»։ Իրականությունը, սակայն, ինչպես միշտ, այլ է: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սեւանն այդպես էլ բարձրակարգ տուրիստական գոտի չի դարձել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ավելի քան 5 տարի անց։ Սեւանի ափերին դեռեւս շատ են ցանկապատված, Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, «բաժան-բաժան» արված տարածքները։ 2022թ. հուլիսին մամուլը հրապարակեց լուսանկարներ, որ Սեւանի ափին՝ Շորժա տանող ճանապարհին, շքեղ առանձնատուն է կառուցվում։ Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում: Թեեւ Շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սեւան» ազգային պարկը սեփականատիրոջ ինքնությունը թաքցնում են, մամուլը պարզել է, որ այն պատկանում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդուն: Նա, ըստ մամուլի, ՔՊ-ական պատգամավորների մտերիմն է, շահում է նաեւ պետական մրցույթներ։ 2020թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հայտարարեց. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է»: 3.800 ապօրինի շենք-շինություններից ՇՄ նախարարությունը 2021թ. 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն: 2022թ.-ին ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի խաբել է:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
ՔՊ-ականների եւ նրանց կանանց հանգրվան «Հայփոստ» ՓԲԸ-ում աղաղակող խախտումների դարաշրջան է սկսվել։ ՊԵԿ-ը կրկին տուգանել է «Հայփոստ»-ին։ Երբեմնի օրինապահ, բոլորիս հայտնի «Հայփոստ» ՓԲԸ-ն այն աստիճան է ընկղմվել ստվերային գործունեության մեջ, որ յուրաքանչյուր ամիս տուգանվում է։ Այս անգամ ՀԴՄ կտրոնների չտրամադրման համար, կանոնների խախտման պատճառով «Հայփոստ»-ը տուգանվել է 2 միլիոն 600 հազար դրամ, եւ անկանխիկ գործառնություններ իրականացնելու համար` 400 հազար դրամ։ Դժբախտ հիմնարկը, ըստ ամենայնի, ՔՊ-ականների եւ նրանց կանանց աստղաբաշխական աշխատավարձը ապահովելու համար ամբողջությամբ անցել է հարկման ստվերային ռեժիմի։ Հավելենք, որ աջուձախ բոլորին օրինապահության դասեր տվող Նիկոլ Փաշինյանի կառավարության ենթակայությամբ է գործում «Հայփոստ» ՓԲԸ-ն։ ArmLur.am-ը կապվեց «Հայփոստ» ՓԲԸ-ի խոսնակ Գեւորգ Աբրահամյանի հետ, որը խնդրեց մանրամասներ ստանալու համար հարցերը գրավոր ուղարկել։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱԶԱՏԵԼ
Ինչպես գրել էինք, Գայանե Գաբրիելյանին ազատել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է նախարար Հակոբ Սիմիդյանի հետ վատ հարաբերությունները՝ չնայած նրան, որ ամենաբարձր վարձատրվող փոխնախարարներից մեկն է եղել:
ArmLur.am-ը ուսումնասիրել է Գայանե Գաբրիելյանի կենսագրությունը եւ նկատել, որ նա իր գործունեությունը սկսել է 2008 թվականից՝ լինելով խանութի տնօրեն:
2012 թվականի եղել է «Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի տնտեսագիտության դասախոս, սակայն դա տեւել է գրեթե 10 ամիս։ Նույն տարում արդեն աշխատել է ՀՀ ԱՆ «ՀՀ ազգային գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ում՝ որպես գնումների գծով խորհրդատու։ Նա այստեղ աշխատել է ավելի քան 7 տարի:
Կարիերայում լուրջ աճ է նկատվել 2020 թվականին. նա այդ տարի նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հանրային ներդրումների քաղաքականության վարչության» պետ:
2021 թվականին Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տեւական ժամամակ է՝ շրջում է գերատեսչություններով, ղեկավարներին հարցեր է ուղղում իրենց ոլորտից, բայց պարզվում է` ոչ ոք իր ոլորտին չի տիրապետում, այդ թվում՝ շրջակա միջավարի նախարար Հակոբ Սիմիդյանը: