ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, որը ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տեւական ժամանակ անձնական հարցի առնչությամբ գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:
Վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից եւս երկու անձի ինքնություն, որոնք սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ընկերներից մեկը եւ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին եւ ձերբակալվել:
Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:
Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաեւ միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, որը 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ հայտարարվել հետախուզում։
Քննությամբ նաեւ նոր հանգամանքներ են ի հայտ եկել. մասնավորապես՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջեւ նախկինում տեղի է ունեցել նաեւ այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ: Դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այս եւ այլ միջադեպերի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, ապացուցողական եւ վարութային անհրաժեշտ միջոցառումներ:
Նախաքննության ընթացքում 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը եւ փայտյա մահակը՝ չորացած արնանման հետքերով, ինչպես նաեւ չորացած արնանման հետքերով հագուստներ։ Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ, խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են դատակենսաբանական, դատաքրեագիտական, իսկ ավելի վաղ՝ նաեւ դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային, համալիր դատաբժշկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաեւ քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։
Նախաքննությունը շարունակվում է:
ԱՌԱՆՑ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ
rmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել.
Նա մեղադրվել է այն բանի համար, որ հանդիսանալով թիվ Ն զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հետախուզական դասակի 1-ին հետախուզության ջոկի ավագ հետախույզ, կոչումով շարքային, զորամասի հրամանատարի հրամանով ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի թիվ մարտական դիրքի տարածքում տեղակայված հետախուզական դարանում՝ որպես դիտորդ, 2021թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում՝ իր հանգստի ժամին, գտնվելով իրենց համար նախատեսված վրանում, լսելով դեպի վրանը մոտեցող անձանց ձայներ, որոնք հանդիսացել են նույն հետախուզական դարակի ավագի օգնական, սերժանտ Լեւոն Սուքիասյանը, դիտորդ, սերժանտ Մկրտիչ Հովակյանը, դիտորդ, շարքային Վարդան Ստեփանյանը եւ հանգստացող հերթափոխ, շարքային Սուրեն Հարությունյանը, խախտել է ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրելու պահանջները, այն է՝ չհանդիսանալով տվյալ ժամի դիտորդ կամ կացարանի դիտորդ, անտեսելով նշված ծառայություններն իրականացնող զինծառայողների առկայությունը, առանց բավարար հիմքերի ենթադրելով, որ հետախուզական դարանի վրանի ուղղությամբ եկող անձինք հակառակորդի զինված ուժերի զինծառայողներ են, վերջիններիցս չպահանջելով զինծառայողներին ճանաչելու նպատակով որոշված տվյալ օրվա նշաբանը, իր բացականչությանը պատասխան չստանալով, վրանից վերցրել է իրեն ամրակցված ԿՁԳ-74 տեսակի գնդացիրը եւ կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ. սերժանտ Լեւոն Սուքիասյանը ստացել է հրազենային, իսկ սերժանտ Մկրտիչ Հովակյանը՝ մահացու հրազենային վնասվածքներ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿՐԱԿՈՑ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակած կրակոցից։ Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է զենքի ընդունման-հանձնման ժամանակ, եւ, ըստ նախանական վարկածի, կրակոցը պատահաբար է եղել։
Ժամը 14։00-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող՝ 22-ամյա Ռոման Շատերնիկովը։ Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից։
Ըստ տեղեկությունների՝ Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: Թե ինչ հանգամանքներում է ռուս զինծառայողը ստացել մահացու հրազենային վիրավորում, այս պահին պարզ չէ։ Կամխուտի զորավարժարանում ռուսական 102-րդ ռազմաբազան պարբերաբար իրականացնում է մարտական զորավարժություններ։ Այս տարածքը, քանի որ սահմանազատված չէ արգելաքներով, հարակից գյուղերի բնակիչները, զրկվելով արոտավայրերից, իրենց անասուններին այդ տարածքում են արածեցնում, երբ զորավարժություններ չեն լինում։ Այս տարածքում Վահրամաբերդ գյուղից արդեն 3 մարդ է զոհվել ականի պայթյունից, որոնցից 2-ը՝ երեխաներ։
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 19-ին՝ ժամը 21:32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն թաղամասի 31-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը իր մոտ եղած դանակով: Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ընկերների հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա երիտասարդի եւ երկու այլ անձանց հետ, որի ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակով անկանոն շարժումներ է արել, ինչի հետեւանքով 37-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ: Դեպքի վայրում հայտնաբերել է հանցագործության գործիք դանակը:
31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Քրեական վարույթը շարունակվում է: