ՌԴ պետական դումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ սահմանամերձ գյուղերի հնարավոր հանձնումը Ադրբեջանին կվտանգի երկրի ռազմավարական հաղորդակցությունները եւ ճանապարհ կբացի նոր զիջումների համար, մասնավորապես` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միեւնույն ժամանակ փորձում է երեւալ մի մարդ, որ ստիպված է դիմել դրան:
Նշենք, որ ռուս պատգամավորը չի համարում Ադրբեջանին Ռուսաստանի դաշնակից՝ անգամ Հայաստանի արեւմտամետ ֆոնին։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանն ասաց, որ այս հայտարարություններով Ռուսաստանը կոնֆլիկտ է հրահրում։
«Ես Զատուլինին հարցնում եմ՝ այնտեղ ռուսներ կան, չէ՞, կանգնած, իրենք իրենց գլուխը ի՞նչ պատին են տալիս, որ անվտանգություն չեն ապահովում։ Իրենք ի՞նչ են անում այդտեղ։ Իրենց կանգնեցրել են այդտեղ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գյուղերը տա, իրենք էլ ասեն՝ մի տո՞ւր։ Իրենք կոնֆլիկտ են հրահրում։ Ես իրենց պահանջում եմ, որ Ռուսաստանն իր աշխատանքը կատարի. եթե Ռուսաստանն իր պարտականությունը չի կատարում, ապա իրենց պատգամավորների «զռռոցները» մեզ հետաքրքիր չեն։ Թող «վեշերը» հավաքեն ու «ռադները քաշեն»։ Այ երբ Ռուսաստանը ռադը կքաշի այդտեղից, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ էլ չի անի»,- ասաց Սուքիասյանը։
Սուքիասյանը նաեւ նշեց, որ Զատուլինը ձեւական ճշմարտություններով սոփեստություններ է անում, եւ որ Ադրբեջանի շահերը տարածաշրջանում Թուրքիայից եւ Ադրբեջանից շատ պաշտպանում է Ռուսաստանը։
«Ես իրենց հարց եմ տալիս՝ դուք չէի՞ք, որ ձեր գտնվելու վայրում, որտեղ դուք պետք է գտնվեիք Արցախում, պետք է գտնվեիք 3 պետությունների համաձայնությամբ։ Դուք հայտարարում եք, որ Ադրբեջանը կատարել է հակաահաբեկչական գործողություն, եւ մի ամբողջ 120 հազար մարդու իր աչքի առաջ շպրտել են դուրս։ Դուք չե՞ք արել. դուք եք արել. հիմա դուք եք Ադրբեջանի շահերը սպասարկո՞ւմ, թե՞ Հայաստանի իշխանությունը»,- հավելեց Սուքիասյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հովանավորել թուրքական աշխարհի կամ ռուս-թուրքական աշխարհի համագործակցությունը, այն է՝ Հայաստանին չթողնել շանս ապրելու։
«Զատուլինը թող մեզ բացատրի՝ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Արցախի մասին է, ըստ էության, Արցախի շուրջ ստեղծված հայտարարություն է, ինչու է, որ ռուսական զորքերը գտնվում են Արցախում, բայց Արցախում արցախցի չկա։ Ինչո՞ւ է այդպես։ Ինքը թող սա բացատրի։ Մենք ինչ որ կուզենք, կանենք, մեզ պետք է, մենք լուսնի հետ էլ ենք բանակցելու, եթե մեզ պետք է, Թուրքիայի հետ էլ ենք բանակցելու, եւ իրենք այստեղից «ֆուկ» են լինելու։ Իրենք 200 տարի է՝ խցկվել են Հայաստանի մարմնի մեջ, Հայաստանի արյան հավերժ շահառուն են։ Հանում Թուրքիային ուղարկում են մեր դեմ, որպեսզի հետո իրենք գան՝ որպես մեր փրկիչ. թող հեքիաթներ չպատմեն մեզ»,- ասաց քաղաքագետը։
Քաղաքագետը նաեւ հավելեց, որ տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն է, Ռուսաստանը իրեն թշնամի պետություն է համարում Հայաստանի Հանրապետությանը, եւ ավարտելով զրույցը՝ ասաց. «Իրենք Արցախում կազմակերպեցին սպանդ, արցախահայությանը տեղահանեցին, 9 ամիս Լաչինի միջանցքը փակեցին, սովամահության ենթարկեցին ժողովրդին, հիմա էլ եկել ու ասում է՝ դե գիտեք ինչ կա, Ադրբեջանը մեր դաշնակիցը չի. բա ո՞ւմ դաշնակիցն է։ Ինքը սուտ է խոսում. իրենց դաշնակիցը Ադրբեջանն է։ Զատուլինի նպատակն այն է, որ մեր ժողովրդի հույզերի հետ խաղա եւ տրամադրի իշխանության դեմ»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԽԱԹԱՐՎԱԾ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 21-ին ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գիտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` մոտ 20 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված եւ օտարված տարածքում ընթացող ծավալուն կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Նրանց խոսքով՝ կենտրոնի հարեւանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գործունեության բնականոն ընթացքը: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին տարիներին պետական ֆինանսավորմամբ ինստիտուտում գիտական սարքավորումների ձեռք բերման մեծ աշխատանքներ են իրականացվել, այդ թվում՝ ՀՀ-ի ու տարածաշրջանի համար եզակի ու թանկարժեք սարքավորումների, որոնց նպատակային աշխատանքը ստեղծված պայմաններում, մասնագետների դիտարկմամբ, լրջորեն վտանգված է: Բացի դրանից, գիտաշխատողները չեն կարողանում լիարժեքորեն եւ ամբողջությամբ իրականացնել նաեւ այն գիտական նախագծերը, որոնցում ընդգրկված են:
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ խնդիրը երկար տարիների պատմություն ունի, եւ անհրաժեշտ է քննարկել գործընթացում ներգրավված բոլոր կողմերի եւ պետական կառույցների հետ:
«ՀՀ կառավարությունը գիտական սարքավորումների ձեռք բերման, գիտնականների վարձատրության ու խրախուսման տարատեսակ այլ ծրագրերի ուղղությամբ մեծ ներդրումներ է կատարել: Մենք եւս շահագրգիռ ենք, որ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատանքը չխաթարվի»,- ասել է ԿԳՄՍ նախարարը եւ ընդգծել՝ պետք է գտնել լուծման այնպիսի տարբերակներ, որոնցում համադրելի կլինեն գիտական կենտրոնի շահերը, սեփականատիրոջ օրինական իրավունքները եւ պետության առաջնահերթությունները: Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է՝ խնդիրը խորությամբ կուսումնասիրվի, եւ հարցը կդառնա քննարկման առարկա՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ որեւէ ոլորտում ընթացող գործընթաց պետք է չխոչընդոտի գիտական գործունեությանը՝ հաշվի առնելով, որ գիտության ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություններից է, եւ Կառավարության տարբեր ծրագրերով սահմանվել են հավակնոտ թիրախներ՝ գիտական գործունեության զարգացման ուղղությամբ:
ՍԵՌԱՎԱՐԱԿԸ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Նախկինում հայտնել ենք, որ Իջեւան քաղաքում տարածվել են վեներական հիվանդություններ։ Դրանք տարածվել են գլխավորապես թեթեւ վարքի տեր երկու ջահել կանանց միջոցով, վեներական հիվանդություններով վարակվածները տարբեր տարիքի, զբաղմունքի տեր բազմաթիվ անձինք են, դրան թվում նաեւ Իջեւանի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտ տղաներ կան, սակայն դպրոցականները բուժման համար Իջեւան քաղաքի բուժհաստատություններ չեն դիմել։ Հանրակրթական դպրոցների աշակերտ տղաների՝ վեներական հիվանդություններով վարակվելն արտառոց երեւույթ է, որը վկայում է աշակերտների դաստիարակության գործում լուրջ բացթողման մասին։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գտնվում են Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով, թե այդ դեպքի կապակցությամբ մարզպետարանն ինչ է ձեռնարկել: Մարզպետարանի պատասխանում նշված է. «Վարակիչ կամ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում բուժհիմնարկը շտապ հաղորդում է ուղարկում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճուղ, որն էլ իր հերթին ուղարկում է ՀՀ առողջապահության նախարարություն։ Մնացած գործառույթները ՀՀ առողջապահության նախարարության տիրույթում է»։
ՇԵՆՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՆ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով, թե երբ է կառուցվելու Բերդ համայնքի Նավուր գյուղի դպրոցի նոր շենքը, դպրոցի հին կառույցի քանի մասնաշենքն է քանդվելու: Մարզպետը պատասխանել է. «Նավուրի դպրոցի նոր շենքի կառուցումը կմեկնարկի ամռանը, դպրոցաշենքը կկառուցվի ուսումնական վթարային շենքի տեղում, քանդման ենթակա է թիվ 1 մասնաշենքը»: Նավուրի բնակիչներն ասում են, որ քանդման համար նախատեսված թիվ մեկ, եռահարկ մասնաշենքի տանիքը եւ պատուհանները երկու տարի առաջ են փոխել, նորացրել։ Նավուրի դպրոցը 3 հեկտար տարածք ունի, որից 6 հազար քառակուսի մետրը նախատեսված է դպրոցի նոր շենք կառուցելու համար։ Նավուրցիներն ասում են, որ դպրոցի նոր շենք կառուցելու համար ազատ տարածքները լիուլի են, ուստի կարիք չկա թիվ 1 մասնաշենք՝ եռահարկ շենքը քանդելու: Այդ շենքը ամեեւին էլ վթարային չէ, կառույցի հիմքերն ամուր են, միայն միջնորմ պատերն են շարժվում, դրանք քանդելու կարիք կա: Նավուրի բնակիչները ասում են, որ, շենքը քանդելու փոխարեն, այն կարելի էր նորոգել, օգտագործել բնակավայրի կարիքների համար, իսկ շենքը քանդելուց հետո գոյացած շինարարական աղբը տեղափոխելը, տեղավորելը խնդիրներ է առաջացնելու։ Դպրոցի շենք կառուցելու համար ազատ մեծ տարածքներ կան. ոչ վթարային, հին շենքը նախատեսում են քանդել ծրագրի նախահաշիվը մեծ սարքելու համա՞ր։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ