ArmLur.am-ն ուսումնասիրել է Տավուշի շրջանի 4 գյուղերում (Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան, Կիրանց) գտնվող պատմամշակութային կոթողները եւ այդ կոթողների ունեցած պատմական ու մշակութային արժեքները:
Նշված 4 գյուղերը կորցնելով՝ Հայաստանը, հայկական տուրիզմը կկորցնի նաեւ մի շարք կոթողներ ու տեսարժան վայրեր: Տավուշ մարզի Բաղանիս գյուղում գտնվող մի շարք եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր ու հուշարձանները մեզ են հասել դեռեւս Ք.ա. 2-1 հազարամյակներից: Գյուղի տարածքում առկա բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններից 8-ը գրանցված են Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Բաղանիս գյուղում է գտնվում համանուն անվամբ ամրոցը, որը կառուցվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում: «Բաղանիս» ամրոցը գտնվում է գյուղից 1 կմ հարավ-արեւմտյան հատվածում՝ Ոսկեպար տանող ճանապարհի ձախ եզրին՝ կլոր բլրի վրա: Այս նույն տեղանքում է գտնվում մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակից մինչեւ ուշ միջնադարով թվագրվող բնակատեղին: Գյուղն ունի երկու եկեղեցի, որից միայն մեկն է այսօր կիսակառույց պահպանված: Մի եկեղեցին (անունը հայտնի չէ) գտնվել է գյուղի հարավային եզրին եւ կառուցվել է 12-13-րդ դարերում, այնուհետեւ վերակառուցվել է 19-20-րդ դարերում: Մյուս՝ Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը թվագրվում է 4-5-րդ դարերում: Պահպանվել են խորանի մասը, հյուսիսային պատը (ողջ երկարությամբ՝ մինչեւ թաղածածկը), դրանց կից հարավային ու արեւմտյան պատերի սկզբնամասերը։ Պատերի ստորին երեսաքարերը հիմնականում բացակայում են։ Թաղակամարների եւ թաղակապ ծածկի հետքեր, ինչպես նաեւ տարածքում ավերված մասերի բեկորներ կամ քարեր չեն պահպանվել։ Կառուցված է հիմնականում դեղնավուն ֆելզիտե սրբատաշ խոշոր (ստորին մասերում 60-65 սմ բարձրությամբ) քարերով։ Վերջին երեք շարքերի քարերն իրենց կանաչավուն երանգով տարբերվում են մյուսներից։ Մնացորդները աչքի են ընկնում քարի մշակման եւ շարվածքի բարձր մակարդակով, կրաշաղախե միջուկի բացառիկ ամրությամբ։ Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում է գտնվում 19-20-րդ դարերից պահպանված գերեզմանատեղին, որտեղ հուղարկավորված են եկեղեցու, ուխտատեղիների կառուցողների ու վերակառուցողների գերեզմանաքարերը: Ջուջեւան-Բաղանիս ճանապարհի հարավային կողմում գտնվում են երկու խաչքարեր, որոնք թվագրվում են 12-13-րդ դարերից: Գյուղում 1965 թվականին կանգնեցվել է նաեւ հուշաղբյուր՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին: Գյուղի տարածքում կան նաեւ հանքային աղբյուրներ։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՐՈՇԻ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին տեղի է ունենալու Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություններ: Մեր տեղեկություններով՝ դեկանի պաշտոնում իրենց թեկնածություններն են առաջադրել Գեւորգ Պետրոսյանը եւ Հարություն Խաչիկյանը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Հարություն Խաչիկյանի հետ՝ հասկանալու համար՝ ում հաղթելու հավանականությունն է ավելի մեծ.
«Մրցույթը հայտարարվել է դեկանի թափուր հաստիքի համար, ես ցանկություն ունեի դիմելու, եւ, բացի դա, ես ստացել եմ մեր կոլեկտիվի երաշխավորությունը մեր ֆակուլտետի գիտական ընդլայնված խորհրդի նիստում եւ դիմել եմ: Գեւորգ Պետրոսյանն էլ նույնպես դիմել է պաշտոնին հավակնելու համար, եւ հիմա մրցույթը կկայանա, եւ արդյունքում Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդը կորոշի՝ ով է արժանի այդ պաշտոնը զբաղեցնելու: Ես այս պահին կանխատեսումներ անել չեմ կարող»:
Հարություն Խաչիկյանի խոսքով՝ ընտրվելու դեպքում շնորհակալություն կհայտնի խորհրդից եւ կշարունակի իր աշխատանքային գործունեությունը արդեն այլ կարգավիճակում. եթե չընտրվի, կրկին շնորհակալ կլինի եւ կրկին ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում կշարունակի աշխատել:
Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գործող դեկանը Գագիկ Ղազինյանն է:
ԿԱՍԵՑՐԵԼ Է
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում:
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Մասնավորապես՝ խոհանոցը, դրա առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ եւ գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը։
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։