Մարտի 20-ին Երեւանում կայացել է «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել դերասանական կազմն ու աշխատակազմը, հայտնի հյուրեր: ArmLur.am լրատվականը ներկա է եղել ֆիլմի փակ ցուցադրությանն ու կարմիր գորգի արարողությանը, նկատել պրեմիերայի հետաքրքիր պահերը:
«Ֆիլմը կատակերգություն է, որը նախատեսված է հանդիսատեսի լայն լսարանի համար, որպես այդպիսին, կարելի է անվանել ընտանեկան ֆիլմ, որը կարող են դիտել բոլորը», – այս մասին մարտի 20-ին՝ «Կատարյալ ապուշը» ֆիլմի փակ ցուցադրության ժամանակ, ասաց ֆիլմի ռեժիսոր, գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանը: Նրա մարմնավորած հերոսը Տիգրիսն է, որը խենթ կերպար է: Վերջինս որոշել է փոխել աշխարհը դեպի լավը եւ մարդկանց միջից հանել չարությունը, արդյուքում անընդհատ հայտնվում է տարատեսակ զվարճալի արկածների մեջ. «Բացի հանդիսատեսի համար հաճելի ժամանց ապահովելուց, ֆիլմը նպատակ ունի նաեւ բարություն եւ արժեքներ հաղորդել հասարակությանը։ Դահլիճից դուրս եկող հանդիսատեսը վստահաբար բարի գործ անելու ցանկություն կունենա։ Եվ եթե յուրաքանչյուրը կատարի թեկուզ մեկ, թեկուզ չնչին բարի գործ, աշխարհը ավելի լավը կդառնա»: Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի նկարահանումները համընկել են իր կյանքի մեծագույն ողբերգության՝ քրոջ կորստի հետ. «Շատ լավ նկարահանումներ ունեինք մինչեւ այն պահը, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մեծ ողբերգություն՝ քրոջս մահը։ Երկարատեւ դադարից հետո ես իմ մեջ ուժ գտա եւ վերադարձա նկարահանման հրապարակ, քանի որ մի մեծ թիմ ինձ էր սպասում։ Եվ նրանք էլ, իրենց հերթին, արեցին ամեն ինչ, որպեսզի նկարահանումները հարթ ընթանան, եւ ունենանք այն ֆիլմը, որն արդեն կա։ Բացի այդ, իմ կերպարն ունի նմանություն քրոջս՝ Նվարդի հետ, որը հայտնի է իր բացառիկ բարեգործություններով, եւ ես ոգեշնչվում էի հենց նրանով»: Նալչաջյանը հավելել է, որ քույրը ներկա է եղել ֆիլմի նկարահանման առաջին օրը: Ռեժիսորը հույս է հայտնել, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը, ինչն էլ նրան կվերադարձնի նկարահանման հրապարակ: Ֆիլմի պրեմիերային ներկա «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Հայաստանում Սիրիայի Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը եւ քաղաքագետ Թեւան Պողոսյանը: «Կատարյալ ապուշը» ֆիլմում նկարահանվել են Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Արթուր Հակոբյանը, Կրիստինա Հովակիմյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Վահագն Գալստյանը, Հայկ Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Սեպուհ Ապիկյանը եւ այլք:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ
Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ն առաջին անգամ մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության կոնգրեսին:
Լոզանում տեղի է ունեցել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՀՀԳ) ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Մոսինյանը, փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանը, անգլերենի մասնագետ-իրավաբան Մերի Օհանյանը։ Առաջին անգամ գագաթնաժողովին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության՝ բժշկական թմրադեղերի ապօրինի շրջանառության եւ տարածման դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Թադեւոսյանը։
Մասնակցությունը գագաթնաժողովին շատ կարեւոր է Ներքին գործերի նախարարության, «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետագա համագործակցության համար։
ԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ընթացիկ մրցաշրջանում ընդգրկվել է ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակում։
«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխացմամբ՝ Սպերցյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» Կլաուդինոյի եւ նրա թիմակից Մատվեյ Սաֆոնովի հետ կիսում է 2-4-րդ տեղերը։ Այս խաղացողներից յուրաքանչյուրն արժե 18 միլիոն եվրո։
Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է «Զենիթի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վենդելը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։
Սպերցյանը Կրասնոդարի շրջանավարտ է։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականին։
ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ՝ ՎՐԱՑԻ
Հայաստան-Կոսովո հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներն են Դավիդ Չիգոգիձեն եւ Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:
Հայաստան-Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 20։00-ին (Երեւանի ժամանակով)։