ՏԱՎՈՒՇՈՒՄ ՆՈՐ ՊԱՅՔԱՐ ԿՍԿՍՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշում առաջիկայում կարեւոր զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է ապրիլից վերսկսել փողոցային պայքարը. անհնազանդության ակցիաներ կլինեն ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անհնազանդության պայքարի այս փուլը սկսվելու է  Տավուշի մարզից, որն այս պահին նոր զիջումների վտանգի տակ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ կատարած վերջին այցը իրար է խառնել ողջ մարզը, տեղացիներն ահաբեկված են, անհանգիստ են, չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Ահա այս անորոշ իրավիճակում տավուշցիները մտադիր են դառնալ առաջամարտիկ, ուստի հանրության դժգոհության ալիքը կսկսի հենց Տավուշի մարզից, այնուհետեւ «կտարածվեն» այլ մարզերում ու Երեւանում: Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հանրության այս անհնազանդության ակցիաները մտադիր են իրենց ձեռքը վերցնել Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Մեզ հետ զրույցում Բագրատ Սրբազանը հարցի առնչությամբ ասաց. «Ժողովուրդը պարբերաբար հավաքվում, ակցիաներ է անում, մենք խնամում ենք, քաջալերում ենք, պաշտպանում ենք, մեր իրավունքները չե՞ն: Հիմա, որպես այդպիսին, ակցիաների խնդիր չկա, տեսնենք՝ ինչ է լինում»,-ասաց նա: Սրբազանից հետաքրքրվեցինք նաեւ, թե Նիկոլ Փաշինյանի այցից հետո ինչ վիճակ է մարդկանց մոտ, ինչ ահանգստություններ կան, ինչ են պատրաստվում անել. «Անհանգստություն բոլորիս մոտ կա, բայց տրամադրությունը նորմալ է: Թե ինչ են անելու, կանեն՝ կերեւա»:

 

 

 

Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորում իրենց մեջ այն առավել սոսկալի դրսեւորումներով։ Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իր պաշտոնի բերումով ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որ փոխնախարարի որդին ազատվել  է զինծառայությունից։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել հենց Նանուշյանից: Կապ հաստատեցինք փոխնախարար Նանուշյանի հետ, սակայն վերջինս, տեղեկանալով՝ ով է զանգահարողը, ասաց, որ դասի է Ամերիկյան համալսարանում, խնդրեց զանգահարել մի փոքր ուշ։ Փորձեցինք ավելի ուշ կապվել, Նանուշյանն այլեւս չպատասխանեց զանգերին։ Փորձեցինք առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել մեր ունեցած տեղեկությունները, որն էլ մեզ պատասխանեց հետեւյալը. «Ես վստահ եմ՝ գիտեք` բժշկական գաղտնիքի մասին սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության  գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել։ Բայց թե ունի առողջական խնդիր կամ չունի, ապա դա համարվում է բժշկական գաղտնիք»: Այդպես էլ չկարողացանք մեր ունեցած տեղեկության վերաբերյալ հենց փոխնախարարից մեկնաբանություններ ստանալ: Այն, որ նա թաքնվեց լրագրողից, խիստ մտահոգիչ է եւ ամրացնում է այն միտքը, որ առողջապահութան փոխնախարարի որդին բանակից ազատվել է առողջության հիմքով, որի մանրամասները չենք հրապարակում՝ հարգելով մարդու անձնական տվյալների պահպանման անհրաժեշտությունը եւ բժշկական գաղտնիքը:

 

 

 

 

Ի՞նչ փուլում է գտնվում էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ Քերոբյանի գործով  այս պահին ստուգվում են համակարգիչներում առկա տեղեկությունները: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջի»-ի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նա տնային կալանքի տակ է գտնվում փետրվարի 16-ից։ Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։ Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք:

 

 

 

 

 

Աջափնյակի դատարանի կաշառքի գործով կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով առաջիկայում Հակակոռուպցիոն  դատարան կհրավիրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը: Նա այդ գործով վկա  է, եւ առաջիկայում նրան հենց վկայի կարգավիճակում էլ հրավիրելու են հարցաքննության: Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ եւ իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ի վերջո մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։ Այո, Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի Ֆազն է:

 

 




Լրահոս