Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն, լրագրող Նաիրի Հոխիկյանն ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրել է վերջերս Տավուշ իր կատարած այցից մանրամասնություններ եւ խոսել գյուղացիների տրամադրվածությունից:
-Պարո՛ն Հոխիկյան, օրերս բուռն քննարկվեց Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնման լուրը, եւ Դուք այցելեցիք Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Խնդրում ենք այսօր ականատեսի աչքերով ներկայացնել՝ ինչ իրավիճակ էր այնտեղ, տավուշեցիները ինչպես են պատրաստվում:
-Նախ մի քանի ճշգրտում անենք. Տավուշի մարզից հենց բնակելի գյուղեր չեն հանձնվում, այսինքն՝ գոնե այս պահի դրությամբ չեն հանձնվում, կամ որպեսզի մեր հայրենակիցները ավելի լավ պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Տավուշի մարզի բնակելի գյուղեր հանձնել Ադրբեջանին, այլ գյուղերի տարածքներ, ինչն իր հետ ավտոմատ կերպով բերելու է 10-ից ավելի գյուղերի հայաթափման: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 4 գյուղի տարածք պիտի հանձնվի Ադրբեջանին, ինչ որ մերն է, մերն է, ինչ որ մերը չէ, մերը չէ, խոսքը Սովետական Ադրբեջանից 1991-1993 թվականներին ազատագրված անվտանգության գոտիների մասին է: Այնտեղ կան ինչ-որ ժամանակ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի տարածքներ: Խոսքը Խեյրմլիի մասին է, Ղըզըլհաջիի մասին է, Բաղանիս-Այրումի մասին է. օրինակ՝ Բաղանիս-Այրումը անմիջապես կպած է եղել Տավուշի մարզի Բաղանիս գյուղին, բայց եթե հենց այդպես էլ մնար ամբողջ 30 տարիների հակամարտության ժամանակ, այիսնքն՝ սովետական վարչական շրջանների սահմանները այնքան մոտ են եղել իրար, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զորքերը եթե այդքան մոտ իրար կանգնեին, պարբերաբար ադրբեջանցիները մեր գյուղերն էին գնդակոծելու, մենք գնդակոծելու էինք ադրբեջանցիների գյուղերը: Մենք այն ժամանակ ուժեղ էինք, մենք ավելի նպատակահարմար համարեցինք, որ պիտի մեր գյուղերի հարակից տարածքները ազատագրենք, որպեսզի մեր հայրենակիցները Տավուշի մարզում անվտանգ ապրեն: Հիմա եթե Փաշինյանն այդ տարածքները հանձնում է Ադրբեջանին, ադրբեջանցիները գալու են, շատ հարմարավետ դիրքերում են լինելու, եւ, օրինակ, Բաղանիս գյուղից ընդամենը մի 100 մետր հեռու են լինելու, հանգիստ կարող են ավտոմատով կրակել, քարով կարող են խփել, Կիրանց գյուղի անմիջապես մեջն են լինելու: Ուզում ես, օրինակ, Իջեւանից գնալ Կիրանց գյուղ, դու պիտի մտնես ադրբեջանցիների միջով դուրս գաս, եթե Փաշինյանի ծրագիրն իրականանա:
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿԻ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-ին Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Խոսե Կառլոս Մահյանը, հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անդամներ, ինչպես նաեւ Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են երկար պատմություն ունեցող բարեկամական կապերի հետագա խորացման հարցում երկուստեք առկա մեծ պատրաստակամությունը։ Այս համատեքստում ընդգծվել է Մոնդեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Երկուստեք գոհունակությամբ նշվել է Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքի դերը, որը, չնայած երկու երկրների միջեւ աշխարհագրական հեռավորությանը, Ուրուգվայի հասարակության մեջ ունեցած իր տեղով յուրովի կերպով լրացնում է առկա ամուր պատմամշակութային կապերը։
Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությունը միտված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը, այլ նաեւ համախոհ երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի հետ հարաբերությունների սերտացմանը։
Անդրադառնալով տարածաշրջանային թեմաներին՝ նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատեւ կայունության հաստատմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված պայմանագրի նախագծում այս պահին առկա հիմնական հարցերը, որոնց հանգուցալումը հայկական կողմը տեսնում է հանրաճանաչ սկզբունքներին՝ տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության նկատմամբ հստակ հանձնառության միջոցով։
Հարավային Կովկասի զարգացման եւ լոգիստիկ առավելությունների լավագույնս օգտագործման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների՝ ինքնիշխանության եւ իրավազորության հարգման, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:
Նախարար Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում միջազգային հանրության կողմից հասցեական ուղերձներին, հավելել է. «Ես այստեղ եմ նաեւ մեր երախտիքը հայտնելու տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ ձեր արտահայտած սկզբունքային դիրքորոշումների համար»:
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 150 հազար հայ բնակչության կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։
Արարատ Միրզոյանը պատասխանել է Ուրուգվայի խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի։
ՏԵՂՅԱԿ ՉԵՆ
Ոստիկանությունը տեղյակ չէ, թե իր աշխատակիցները ուր եւ ինչի համար են բիրտ ուժ կիրառելով տարել Նարեկ Սամսոյանին. այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Քիչ առաջ տեղեկացա, որ դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել եւ բռնի կերպով, արժանապատվությունը նսեմացնելով, տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։
Իմ գրասենյակի աշխատակիցներն օպերատիվ կերպով կապ հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարություն, սակայն պատասխան չստացվեց։
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հերթապահ Ռ. Հարությունյանը հայտնեց, որ Ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չունի դեպքի վերաբերյալ։
Կադրում ակնհայտ երեւում են ոստիկանության աշխատակիցների գործողությունները»,- նշել է նա եւ տեղադրել Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու կադրերը:
ԿՐԱԿՈՑ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ
Մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում եւ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել:
Ոստիկաները տեղում պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 52-ամյա Վարդուշ Ա.-ի հետ Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Սիրեկան Բաբայանը բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին` պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հայհոյանքներ է հնչեցրել եւ 2 անգամ կրակոց է արձակել, որից մեկը անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա.-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետեւանքով իր մոտ առաջացել է վախի եւ տագնապի զգացողություն:
Ոստիկանները Ս. Բաբայանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ նա հայտնել է, որ կրակոցը արձակել է իր անվամբ հաշվառված «ԻԺ» մոդելի մարտական ատրճանակից նշված բնակավայրի Սիրանեսի փողոցում շների միջեւ տեղի ունեցող կռվին վերջ տալու նպատակով: Ս. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ս. Բաբայանի եւ նշված ատրճանակի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով` Ս. Բաբայանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է: