ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով մարտի 21-ին Մոնտեվիդեոյում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ:

 

Հայաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։

Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս պատմական այցը, ինչպես նաեւ երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն են։

Արարատ Միրզոյանը եւ Օմար Պագանինին մեծապես կարեւորել են ձեւավորված քաղաքական երկխոսության մակարդակին համահունչ առեւտրատնտեսական, գործարար կապերի զարգացումը, ինչպես նաեւ կրթական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա նոր հնարավորությունների առավելագույնս օգտագործումը։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման մեխանիզմի արդյունավետությունը՝ հաստատելով հաջորդ խորհրդակցությունները Երեւանում անցկացնելու մտադրությունը։

Երկու նախարարներն ընդգծել են նաեւ Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի յուրովի դերը հայ եւ ուրուգվայցի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում հիշատակվել է այն, որ Ուրուգվայը, նախորդ դարասկզբին ապաստան տալով Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, 1965 թվականին առաջինը ճանաչեց ցեղասպանությունը, իսկ այսօր իր հասարակական քաղաքական կյանքում տեսնում է հայ գործիչների, մասնագետների նշանակալի ներդրումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ եւ միանշանակ ճանաչման կարեւորությունը, որը պետք է հիմնված լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա եւ ծառայի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման քաղաքական հիմք։

Տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, վերջինիս միջոցով Հարավային Կովկասի եւ դրանից անդին ընձեռվող տնտեսական հնարավորությունները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ներկայիս՝ մարտահրավերներով լի, խարխլված աշխարհակարգի պայմաններում միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին միջազգային հանրության կողմից հավատարմության կարեւորությունը, ինչի բացակայությունն է, որ շարունակաբար հանգեցնում է նոր սրացումների։ ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի կողմից Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ մինչ օրս արտահայտված դիրքորոշումների համար։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաեւ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետեւանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը։

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հանդիպում Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ ՀՀ Ազգային ժողովում։

Պարոն Թըրներին երախտագիտությունս հայտնեցի Կանադայի հայանպաստ գործունեության համար՝ հատկապես կարեւորելով 2020թ. պատերազմի օրերին բայրաքթարների դետալների վաճառքի արգելքի Կանադայի մարդասիրական քայլը։

Ականատեսի աչքերով ներկայացրի իմ հայրենի Գեղարքունիքի մարզի անվտանգային խնդիրները։

Ընդգծեցի, որ այս պահին մենք ունենք Կանադայի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կարիք, որովհետեւ ադրբեջանցիները դուրս չեն գալիս մեր ինքնիշխան տարածքներից։

Հիշեցրի, որ դեռ 2022թ. Կանադայում SOS էի հնչեցրել, որ տեղի է ունենում եւ անխուսափելիորեն տեղի է ունենալու ցեղասպանություն։

Խոսեցի Արցախի պատմամշակութային վայրերի, կոթողների՝ Ադրբեջանի կողմից ոչնչացնելու, հայկական հետքն Արցախի Հանրապետությունից վերացնելու մասին։

Արցախահայերը պետք է վերադառնան եւ տեր լինեն իրենց ունեցվածքին, իսկ միջազգային երաշխիքներն ուղղակի անհրաժեշտություն են»։

ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հաջորդ շաբաթ ԱԺ հանձնաժողովներում կշարունակվի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ նախարարները կգնան խորհրդարան՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում զեկույցը ներկայացնելու: Այսպիսով, երկուշաբթի օրը՝ մարտի 25-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով կգնան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: Այդ օրը ԱԺ կգնան նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հավհաննիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի կառավարության զեկույցը ներկայացնելու:

 

 

 

Ո՞ՆՑ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

«Մենք վարչապետին պատասխանը տվել ենք, որ ոսկեպարցիները զիջելու բան չունեն, մենք հետ գնալու ճանապարհ չունենք, Ոսկեպարը հայրենիքի դարպասն է, Ոսկեպարի գլխին հայտնվելուց հետո հակառակորդը հայտնվելու է Վանաձորի գլխին»,- Ոսկեպարում «Միասին» շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց գնդապետ Միհրան Մախսուդյանը:

«Մենք մեռնենք, էստեղ ենք մեռնելու, ոսկեպարցիները մեծից մանուկ պատրաստ են զենք վերցնելու, կռվելու: Էսօր Ոսկեպարն է, վաղը Վանաձորն է, մյուս օրը Գյումրին է, Երեւանն է»,-ասաց նա:

«Միասին» շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանն էլ ասաց. «Մենք համաձայն ենք, բայց այդպիսի տրամադրություն պետք է լինի ամբողջ Հայաստանում, ոչ թե միայն Ոսկեպարում:

Մենք մարտի 27-ին հանրահավաք ենք կազմակերպում, մենք ոչ մի հույս չենք կապում այս իշխանության հետ: Հանրահավաքը ներկայացնելու է ԱԺ բոլոր խմբակցություններին, որ նրանք պետք է սկսեն վարչապետին անվստահության գործընթացը: Մենք՝ որպես ժողովուրդ, պետք է նոր իշխանություն ձեւավորենք. այս իշխանությամբ չենք կարող երկիրը պահել»:

Գյուղացիներից մեկն արձագանքեց. «Իսկ չե՞ք կարող կոչ անել, որ հողերը չտա: Որովհետեւ ձեր  հեղափոխությունը չստացվեց, մեր հողերն էլ տրվեց, ավելի լավ չի՞ կոչ անեք, որ հողերը չտա. մեկ է, իշխանափոխությունը չի ստացվելու»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախ գոհունակություն հայտնեց, որ գյուղացիների տրամադրությունը մարտական է, ապա հավելեց. «Մենք հիմա բանակ էլ ենք գնալու, բանակին պետք է համոզենք, որ ոչ մի քայլ հետ չկանգնի: Նիկոլ Փաշինյանը եկել էր Ոսկեպար եւ ասում էր՝ գյուղերը պետք է տանք, բայց դրանից հետո ձեզ պետք է կարողանանք պաշտպանել. Ո՞նց է պաշտպանելու»:

 

 

 

ՎԵՀԱԺՈՂՈՎ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին:

ԱԺ-ից  հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը վեհաժողովում եւ մի շարք աշխատանքային հանդիպումներ:

 




Լրահոս