ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալգորիթմային մտածողություն, տեխնոլոգիական լուծումներ գտնելու կարողություն, ժամանակը կառավարելու հմտություն եւ վերջապես գիտելիք, որը կարող է ճանապարհ հարթել դեպի տեխնոլոգիական մեծ աշխարհ. հենց այսպես են Yandex ծրագրավորման դպրոցի սաները բնութագրում այն, ինչ ձեռք են բերել դպրոցում։

 

«Դպրոցը, տեխնոլոգիական ոլորտում համակարգված եւ կայուն գիտելիքից բացի, կյանքի համար կարեւորագույն հմտություններից մեկն է փոխանցել՝ ժամանակը կառավարելու հմտությունը»,-ասում է Yandex ծրագրավորման դպրոցի Վանաձորի մասնաճյուղի սան Մելս Մարտիրոսյանը։

Մելսի դասընկերը՝ Ալեն Գեւորգյանն էլ հավելում է? «Դպրոցը շատ առավելություններ ունի. քանի որ խմբերը մեծ չեն, ամեն աշակերտի անհատական մոտեցում է ցուցաբերվում, ինչն ավելի հեշտ ու ըմբռնելի է դարձնում մատուցվող նյութը»։

«Յանդեքս ծրագրավորման դպրոց» նախագիծը Հայաստանում մեկնարկել է 2017 թ. հունվարին՝ Yandex Go-ի (նախկինում՝ Yandex Taxi) աջակցությամբ: Երեխաների ուսումն անվճար է, լեզուն՝ հայերեն։ Դպրոց ընդունվել կարող են 9-11-րդ դասարանի աշակերտները՝ անգամ զրոյական գիտելիքով։

Ծրագիրն իրականացվում է ENTERPRISE INCUBATOR FOUNDATION հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ՝ Վանաձորում եւ Գյումրիում հիմնադրամի ներքո գործող տեխնոլոգիական կենտրոնների հիման վրա:

Yandex ծրագրավորման դպրոցի Վանաձորի եւ Գյումրիի մասնաճյուղերի սաներն այս օրերին հնարավորություն ստացան տեսնել, թե ինչ թիմ ունի «Յանդեքս»-ը Երեւանում, աշխատանքային ինչ մշակույթ ու հնարավորություններ կան գրասենյակում, որի պատուհաններից բացվում է Երեւանի ամենաշքեղ տեսարաններից մեկը՝ Արարատ լեռան համայնապատկերը, եւ ինչ գիտելիքներ են անհրաժեշտ՝ «Յանդեքս»-ում արդեն որպես աշխատակից հայտնվելու համար. չէ՞ որ քիչ չեն այն պատանիները, որոնք դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի են անցնում թե՛ «Յանդեքս»-ում, թե՛ ՏՏ ոլորտի հայտնի ընկերություններում։

Անի Ղարագյոզյանն ու Արփինե Մարտիրոսյանը «Յանդեքս»-ի երեւանյան գրասենյակից Վանաձոր են վերադարձել ոգեւորված եւ մոտիվացված։ Անին ասում է՝ ամենակարեւորը՝ պատկերացում կազմեցին ծրագրավորողների աշխարհի մասին եւ դրեցին նպատակ՝ այնքան կատարելագործվել, որ մի օր իրենք էլ աշխատանքի անցնեն այդ նույն գրասենյակում։

«Շատ կարեւոր էր խորհուրդներ լսել այն մարդկանցից, որոնք ունեն աշխատանքային փորձ եւ իրենց կրթությունը ՏՏ ոլորտում սկսել են հենց մեր տարիքից։ Շատ մոտիվացնող էր նաեւ գիտակցումը, թե ինչ հնարավորություններ կարող ես ունենալ, եթե շարունակես աշխատել ինքդ քո վրա»,-ասում է Արփինեն։

Երեւանյան այցին մասնակցում էին նաեւ դպրոցի դասընթացավարները։ Դպրոցի Գյումրիի մասնաճյուղի դասընթացավար Քրիստինա Մարտիրոսյանը Python ծրագրավորման լեզուն է սովորեցնում սաներին։ Ասում է՝ դպրոցը մեծ դերակատարում ունի ոչ միայն քաղաքի, այլեւ ամբողջ Շիրակի մարզի կրթական կյանքում եւ շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման հարցում։

Դպրոցի համակարգող Լիլիթ Միքայելյանը կարեւորում է հանգամանքը, որ արդի տեխնոլոգիական գիտելիքները «Յանդեքս»-ը կարողանում է փոխանցել ամբողջ մարզին.  սաները Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից են։

Yandex ծրագրավորման դպրոցի Վանաձորի մասնաճյուղը ներկայացնող դասընթացավար  Լուսինե Կոտինյանն ասում է՝ ուսումնական ծրագիրն ինտենսիվ է, սանից պահանջում է կանոնավոր հաճախել դասերին եւ որոշակի ժամանակ տրամադրել՝ ուսումնական նյութը յուրացնելու եւ առաջադրանքները կատարելու համար, ինչն էլ ապահովում է նրանց առաջադիմությունը։

«Առցանց հարթակում տեղադրված են ուսումնական բոլոր նյութերը՝ մշակված բարձրակարգ մասնագետների կողմից։ Այդ հարթակի միջոցով սանը եւ դասավանդողը կարող են կապի մեջ լինել 24/7 ռեժիմով, ինչն է՛լ ավելի արդյունավետ է դարձնում դպրոցի աշխատանքը» ,-ասում է Լուսինեն։

Yandex ծրագրավորման դպրոցի տարածքային համակարգող Եղիշե Սաֆարյանը դպրոցին միացել  է հենց հիմնադրման օրվանից։ Խորապես գիտի՝ ինչ կշիռ ունի դպրոցը մարզային բնակավայրերի համար։

«Մարզերում շատ չեն նման հնարավորությունները, որ երեխաները անվճար որակյալ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան գիտելիք ստանան։ Այդ իմաստով Yandex-ը հրաշալի հնարավորություն է Շիրակի եւ Լոռու մարզերի համար։ Դպրոցն, ասես, ցատկահարթակ լինի. այստեղ ստացած գիտելիքի հիման վրա շրջանավարտները կարողանում են ավելի մեծ հորիզոններ նվաճել»,-ասում է Եղիշեն՝ ընդգծելով, որ դպրոցն արդեն ավելի քան 350 շրջանավարտ ունի Հայաստանում։

 

 

 

 

ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված են քայլեր կենսաթոշակը վճարող բանկը փոխելու դեպքում առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ.

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ձեր կենսաթոշակը (ինչպես նաեւ ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը փոխելու համար կարող եք ներկայացնել առցանց դիմում։ Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետեւել հետեւյալ քայլերին՝ ՔԱՅԼ 1. Անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի «Առցանց դիմումներ» բաժինը՝ հետեւյալ հղմամբ՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension

ՔԱՅԼ 2։ Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի կամ կմերժի դիմումը (նշելով մերժման պատճառները)։ Դիմումը հաստատվելուց հետո այդ մասին հաղորդագրություն կուղարկվի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Արդյունքում դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից կենսաթոշակը կվճարվի դիմումով ընտրված բանկով։

Դիմումը մուտքագրելուց առաջ, եթե նախկինում գրանցված չեք եղել soscervice.am կայքէջում, պետք է սեղմել հարթակի վերեւի աջ անկյունում գտնվող «Գրանցում» կոճակի վրա եւ համապատասխան դաշտում լրացնել պահանջվող անձնական տվյալները»։

 

 

 

 

ԴԵՄ ԵՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ

Մարտի 21-ի երեկոյան Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը կայացել է ժողով։ Այդ ժողովը եղել  է շատ բազմամարդ։  Մոտ 40 րոպե տեւած ժողովի ընթացքում ոսկեվանցիները միակամ դեմ են արտահայտվել Ադրբեջանին միակողմանի կերպով տարածքների հանձնմանը, որը մեծ խնդիրներ է ստեղծելու նաեւ սահմանամերձ Ոսկեվանի համար: Ոսկեվանցիները ծայրահեղ դեպքում որպես փոխզիջումային տարբերակ են ընդունել սահմանազատումը Ոսկեպար գետի վտակ հանդիսացող, Բաղանիսով ձգվող, Բաղանիս-Այրում նախկին գյուղի տարածքով հոսող գետակով անցկացնելը։ Ոսկեվանցիները վճռական կերպով պատրաստակամություն են հայտնել զենքը ձեռքին պաշտպանել սահմանագոտին

 

 

 

 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ

Մարտի 18-ին  Նոյեմբերյան համայնքի   Ոսկեպար գյուղի մշակույթի տանը պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններից   հետո Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերում բնակություն հաստատած արցախցիները լքում են այդ գյուղերը: Ոսկեպար գյուղից ստացված տեղեկություններով՝ Ոսկեպարում հաստատված արցախցի երեք  ընտանիքներից  երկուսը լքել է Ոսկեպարը։  Այդ երկու ընտանիքներից մեկը տարեց ամուսիններ են, մյուս ընտանիքը բաղկացած է  չորս հոգուց։ Ոսկեվան գյուղում հաստատված արցախցի  տասներկու  ընտանիքներից չորսը  պատրաստվում է հեռանալ, բնակություն հաստատել Արարատյան դաշտում, Հայաստանի այլ վայրերում։ Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարների մեծամասնությունը այժմ Հայաստանի սահման Բագրատաշենից Երեւան են հասնում ոչ թե Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, այլ Ալավերդիով։ Կան բեռնատարներ, որոնք անցնում են Նոյեմբերյանով, դրանց մեծամասնությունը, սահմանագոտով անցնող ճանապարհի փոխարեն, գերադասում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհը։

 

 

 

ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԱՎԱԶԵ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Մարտի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան  համայնքի  սահմանամերձ  Ոսկեպար գյուղի մշակույթի տանը սահմանագոտու  բնակիչների հետ   հանդիպման միջնամասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատողներից մեկը Փաշինյանի   առաջ տեղադրել է եռագույն ավազե ժամացույցներ։ Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ այդ ժամացույցները խորհրդանշում են հայոց պետականության ավարտի սկիզբը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր հայոց պետականության կործանման պատմական ցիկլերի մասին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս