ArmLur.am-ը ուսումնասիրել է Տավուշի շրջանի 4 գյուղերում (Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան, Կիրանց) գտնվող պատմամշակութային կոթողները եւ այդ կոթողների ունեցած պատմական ու մշակութային արժեքները:
Նշված 4 գյուղերը կորցնելով՝ Հայաստանը, հայկական տուրիզմը կկորցնի նաեւ մի շարք կոթողներ ու տեսարժան վայրեր: Տավուշ մարզի Ոսկեպար գյուղում գտնվող մի շարք եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր ու հուշարձանները մեզ են հասել դեռեւս ուշ միջնադարից, 6-7-րդ դարերից, անգամ Ք.ա 2-1 հազարամյակներից: Ջուխտակ եղցին միջնադարյան վանական համալիր է: Գտնվում է Ոսկեպար գյուղից 8 կմ հարավ-արեւմուտք՝ Ոսկեպար գետի ձախակողմյան հատվածում: Ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Վանական համալիրը բաղկացած է փոքր հեռավորությամբ հյուսիս-հարավ ուղղությամբ միմյանց հաջորդող պաշտամունքային չորս կառույցներից, որոնցից երեքը եկեղեցիներ են, իսկ մեկը՝ մատուռ, ընդ որում՝ եկեղեցիներից երկուսը եւ մատուռը կանգուն են, իսկ չափերով ամենամեծ եկեղեցին՝ կիսավեր: Բերդավանքը հայ քաղկեդոնական միջնադարյան վանական համալիր է եւ գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ դեպի դեպի արեւմուտք՝ Ոսկեպար գետի ձախ հատվածում: Այն ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում: Խլխլան աղբրի եկեղեցին մեզ է հասել միջնադարից: Գտնվում է Ոսկեպար գյուղից 1 կմ դեպի մի մենավոր հացենին: Ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կալապանի եկեղեցին միջնադարից մեզ հասած հայ առաքելական եկեղեցի է, գտնվում է Ոսկեպար գյուղից 3.5 կմ դեպի հարավ-արեւմուտք՝ Վերին Ոսկեպար գյուղի մոտ գտնվող Կալապան գյուղատեղիում: Այն ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գոմաձորի հայ առաքելական եկեղեցին մեզ է հասել միջնադարից, կառուցվել է զարգացած միջնադարում՝ 12-13 դարերում, գտնվում է Ոսկեպար գյուղից 500 մետր դեպի հարավ-արեւելք: Այն ընդգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հայտնի է եղել նաեւ Մուքել աղի եկեղեցի անվամբ։ Անտառամուտի եկեղեցին թվագրվում է ուշ միջնադարին եւ գտնվում է գյուղի հարավարեւմտյան մասում: Սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է 7-րդ դարին եւ գտնվում է գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ Ոսկեպար գետի ձախ կողմում: Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսարեւելյան հատվածում: Այն հիմնադրվել է 2000 թվականին Սարգիս Ավագի Պապյանի աջակցությամբ, ինչպես նաեւ նրա նախաձեռնությամբ եկեղեցու տարածքում տեղադրվել է խաչքար։ Կոռաբերդ ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով, գտնվում է Վերին Ոսկեպար գյուղում՝ Ոսկեպար գյուղից 3 կմ հյուսիս-արեւմուտք՝ շրջապատի նկատմամբ իշխող դիրք զբաղեցնող վիմահերձ լեռան գագաթին: Գյուղից մոտ 8 կմ դեպի արեւմուտք՝ Ոսկեպարի գետի հոսանքով դեպի վեր, գտնվում է Ք.ա. 2-1 հազարամյակով թվագրվող «Շաքարաբերդ» ամրոցը: Գյուղի տարբեր հատվածներում գտնվում են ամրոցներ, որոնց անունը հայտնի չէ, բայց պահպանված արձանագրություններից իմանում ենք, որ 6-7-րդ, 10-13-րդ, 10-14-րդ դարերի կառույցներ են: Գյուղի կամուրջներից մեկը թվագրվում է ուշ միջնադարին (անունը հայտնի չէ), իսկ մյուս՝ Ջորու կամուրջը թվագրվում է 8-րդ դարին եւ գտնվում է գյուղից 4 կմ դեպի արեւմուտք: Գյուղն ունի հուշաղբյուր, որը կառուցվել է 1983 թվականին եւ նվիրվել է Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին, եւ հուշարձան՝ կառուցված 1978 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ՝ ԲԱՆԿԵՐՈՒՄ
ArmLur.am-ը գրել էր, որ նախորդ տարի հիպոթեքային վարկը, մյուս տարիների համեմատ, ռեկորդային թիվ է գրանցել՝ գրեթե հասնելով տրիլիոնի, բայց 2024 թվականին այն չի հատել տրիլիոնի սահմանը։
2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործել են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված 42 վարկային կազմակերպություններ, 2024 թվականի մարտի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են ԿԲ կողմից լիցենզավորված 41 վարկային կազմակերպություններ (1 վարկային կազմակերպություն վերակազմավորման ձեւով միացել է մեկ այլ վարկային կազմակերպության):
2000 թվականին Հայաստանում գյություն չուներ սպառողական կամ հիպոթեքային վարկ հասկացությունները, նույնիսկ սպառողական ոլորտում ֆինանսական շրջանառությունը զրո էր։
2004-2005 թվականներին զգալիորեն փոխվեց ֆինանսական շրջանառության պատկերը։
2005 թվականի ապրիլին առաջին անգամ ձեւավորվել է հիպոթեքային վարկը, եւ դեկտեմբեր ամսվա համար այն կազմել էր 5 մլդ դրամ։ Եթե համեմատենք այս օրվա հիպոթեքային վարկի շեմի հետ, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ այժմ չկա նման փոքրիկ թիվ։ Մեկ անձի համար միջին հիպոթեքային վարկի արժեքը սկսվում է 10 մլն դրամից, ինչն էլ բնակարանշինության եւ եկամտահարկի ֆոնին տարեցտարի աճում է։
2024 թվականին՝ նշված տվյալներից գրեթե 20 տարի անց, ՀՀ-ում հիպոթեքային վարկի շեմը հունվար ամսին կազմել է 1 տրիլիոն 78 մլդ դրամ։ 2024 թվականի հունվարին արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի եւ կապի, առեւտրի, սպասարկման ոլորտի, սպառողական վարկերի եւ հիպոթեքային վարկերի շրջանառությունը կազմել է 4 տրիլիոն 617 միլիարդ դրամ։
2004 թվականին դեկտեմբերին ձեւավորվեց եւ առաջին անգամ մտավ շրջանառության մեջ դեկտեմբեր ամսին՝ 39 մլդ դրամ։ 2024 թվականի հունվարին սպառողական վարկի շրջանառությունը կազմել է 1 տրիլիոն 101 մլրդ դրամ։ 2023 թվականին եւս սպառողական վարկերի ծավալը բանկերում հատել է 1 տրիլիոն դրամի շեմը։
Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ հիմա բանկերի վարկային պորտֆելում այսօր ամենամեծ կշիռն ունեն հիպոթեքային ու սպառողական վարկերը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ
ՀՀ պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները իշխանությունների կողմից նշանառության տակ են։ Այս պահին Հայաստանում կա 23 պետական եւ 21 մասնավոր բուհ, որոնց գոյությունը հարցականի տակ է դրված մինչեւ 2030 թվականը։
Բուհերի գոյությունը հարցականի տակ է, քանի որ նաեւ երկրի վարչապետը իր խոսքում հարցականի տակ է դնում բուհերի կրթական որակը՝ ասելով՝ եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա։
Այն բուհերը, որոնց հետ կապված ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ապագա պլաններ է գծում, ավելի բարձիթողի երբեք չեն եղել։
Բանն այն է, որ Հայաստանում 7 ուսումնական հաստատություն չունի ռեկտոր, եւ դրանք ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։ Այդ ուսումնական հաստատություններն են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Ժաննա Անդրեասյանը եւ Նիկոլ Փաշինյանը ընկել են ցնցուղների եւ կախիչների հետեւից ու մոռացել, որ մի ամբողջ սերնդի առաջ կրթության ոլորտը զարգացնելու պարտք ունեն, ոչ թե այն խարխլելու։
Բուհերում քաոս է, նախարարությունը չի կարողանում համապատասխան որակավորմամբ մասնագետներ գտնել եւ նշանակել ռեկտորներ։ Ինչպես բազմիցս գրել ենք, որ ոչ ոք ցանկություն չունի աշխատել ներկայիս իշխանության օրոք. սա գործում է նաեւ կրթական ոլորտում։
Կրթական ոլորտի քաոսը քիչ էր, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորին նշանակել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավարի՝ Եղիազար Վարդանյանի մասին մարամասները կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ