Հնդիկ գործարար, ժամանակակից գրող, «Penguin Harper-Collins»-ի հեղինակ Արջուն Կրիշնա Լալն ավելի քան երկու տարի է՝ հաստատվել է Հայաստանում: Նրա կյանքը լի է արկածներով, հետաքրքիր հանդիպումներով ու բացահայտումներով: Արջունին այնքան են ոգեւորել իր շուրջ կատարվող իրադարձությունները, որ այդ ամենի մասին խոսել է գրքով՝ այն անվանելով «Կյանք, սեր, գինի»:
Հեղինակը գիրքն ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց մարտի 22-ին «Զանգակ» գրատանը կազմակերպված հանդիպմանը:
Նա խոստովանում է՝ Հայաստանում իրեն զգում է, ինչպես տանը, քանի որ հայերը շատ հյուրասեր են եւ սրտաբաց, բացի այդ, Արջունը հայերեն է սովորել եւ հաղորդակցման խնդիր չունի:
«Շատ եմ ճամփորդում. մոտ տասնհինգ երկրում եմ եղել եւ եկել եմ այն եզրակացության, որ եթե ցանկանում ես մտերմանալ մարդկանց հետ, եթե ցանկանում ես ընկերներ ունենալ, պետք է տվյալ մարդու լեզուն սովորես: Տարիներ առաջ ռուսերեն եմ սովորել: Կարող էի Հայաստանում ռուսերեն կամ անգլերեն խոսել, բայց կարծեցի՝ այդպես կհեռանամ մարդկանցից»,-ասում է նա:
Արջունը գիրքը գրել է անգլերեն, այն հայերեն է թարգմանել Ռոզա Գրիգորյանը, գիրքը խմբագրել է հեղինակի հայերենի ուսուցիչը՝ Արմինե Պետրոսյանը:
«Երբ ծանոթացա Արջունի հետ, նա ապրում էր Հնդկաստանում: Նա այն հազվագյուտ ուսանողներից էր, որ իսկապես շահագրգռված էր հայերեն սովորելուն երկար ժամանակ տրամադրել: Շատ ընդունակ է եւ կարողացավ մի քանի ամսում տարրական գիտելիքներ ձեռք բերել: Արջունն ուներ այն հիմքը, որի շնորհիվ կարողացավ լուծել իր լեզվական առաջադրանքը»,-պատմում է Պետրոսյանն ու մեջբերում Արջունի խոսքերը, որոնք տեղ են գտել գրքում. «Հայերենը գողի պես սողոսկեց մտքերիս մեջ, ոչ անցանկալի գողի պես: Այս լեզուն ինձ առաջ է մղում օրվա ընթացքում եւ բալանսավորված է պահում իմ կյանքը եւ գիշերը հայտնվում է իմ երազներում»:
Տարիներ առաջ Արջուն Կրիշնա Լալը Հնդկաստանում իր բիզնեսն է սկսել: Հենց այդ ժամանակ էլ համավարակն է թափ առել: Շուրջ կես տարի ստիպված է եղել ծնողների հետ փակվել տանը: «Մի քիչ խենթանում էի այդ իրավիճակից եւ շատ էի ցանկանում բոլորովին նոր տեղում հայտնվել: Փոքր ժամանակ ԱՄՆ-ում եմ ապրել, հետո՝ տասը տարի Հնդկաստանում, ուստի ուզում էի բոլորովին անծանոթ երկիր մեկնել: Առցանց կարդում էի տարբեր քաղաքների մասին եւ հանդիպեցի Երեւանին: Շատ գեղեցիկ լուսանկարներ էին՝ Արարատ լեռն էր… Որոշեցի հենց այստեղ գալ»,-պատմում է հեղինակը:
Նա կարծում է՝ մարդիկ միշտ արժեւորում են այն ամենը, ինչը չունեն: «Հայաստանում շատերը սիրում են տրոպիկական երկրներ գնալ: Խմբային տուրերով մեկնում են Շրի Լանկա եւ այլուր: Ձգտում են ծովափ գնալ, լողալ: Ես մի քիչ ձանձրանում եմ օվկիանոսից: Մեր տանից այն երեւում էր: Այլ բան էի ուզում: Այստեղի ձյունը, ցուրտ եղանակն ինձ դուր է գալիս: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եմ: Եղել եմ շատ գյուղերում, որտեղ ընկերներ ունեմ, նրանց հետ տնական օղի եմ փորձել: Հայաստանը միայն Երեւանը չէ: Սիրում եմ տաքսիով կամ երթուղայինով տարբեր տեղեր մեկնել, մի քանի օր անցկացնել մարզերում ու բացահայտումներ անել»,-ասում է Կրիշնա Լալը:
Նա սիրում է Կասկադի ամենավերեւի հատվածում երկար ժամանակ անցկացնել երեկոյան: Հենց այնտեղ է գրել գրքում ներառված պատմությունների մեծ մասը:
Արջունը վստահ է՝ իր երազանքներն իրականանում են: Իր ամենախենթ նպատակն է ՀՀ քաղաքացիություն ստանալ, հետագայում դառնալ Հայաստանի դեսպանը Հնդկաստանում:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՀԱԶԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլի ֆրանսիական հյուրախաղերին արդեն մասնակցել է ավելի քան 30 հազար հանդիսատես։ Անսամբլը Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ եւ «Ս.Ա.Ս. շոուներ բոլոր երկրներից» կազմակերպության հրավերով փետրվարի 28-ից Ֆրանսիայի Հանրապետությունում է եւ հանդես է գալիս «Հայաստանի երգերը, պարերը եւ տարազները» համերգային ծրագրով:
Հյուրախաղային ծրագրում ներառված է 23 համերգ, որոնք ներկայացվում են Ֆրանսիայի տարբեր շրջաններում, ինչպիսիք են Բրետտանը, Օքսիտանիան, Նուվել-Աքվիտանիան, Օվերն-Ռոն-Ալպը, Փլեյս դը լա Լուարը եւ Վալդե Լուարը:
Հայաստանի «Ալթունյան» պետական համույթն արդեն համերգներով հանդես է եկել Սենթ Դոմնիյոկի «Գրան կլոզ» համերգասրահում, Բոժ ան Անժույի «Ռենե դ’Անժուի անվան մշակութային կենտրոնում» եւ «Ալտրեա» համերգասրահում, Թուլուզի «Բարիեր խաղատան» համերգասրահում, Ֆիժեակի «Ֆրանսուա Միտերանի անվան կենտրոնում», Բուլազակի «Պալիո» համերգասրահում, Մոզակի «Արլեքին» համերգասրահում, Մեզոսի «Միրաժ» համերգասրահում, Սոժոնի «Սալիկորն» համերգասրահում, Լը Մանսի «Կոնգրեսների պալատում», Ֆեյտիատի «Ժորժ Բրասենս կենտրոնում», Սենթ Բրեւենի «Էթուալ դը Ժադ կենտրոնում» եւ Լ’Անկլուատրի «Մուլտիմեդիայի սրահում»։
Այս պահին համույթը Շեսի քաղաքում է, որտեղի Ժորժ Սանդի անվան կենտրոնում համերգային կատարումներով հանդես է գալու մինչեւ մարտի 28-ը: Եզրափակիչ համերգը կկայանա մարտի 29-ին Մամերս քաղաքի «Սոգոնա սրահում»:
ՖԱՎՈՐԻՏՆԵՐ ՉԿԱՆ
Կոսովոյի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆրանդո Ֆոդայի կարծիքով՝ մարտի 22-ին կայանալիք Հայաստանի դեմ ընկերական խաղում ֆավորիտներ չկան:
«Մենք պատրաստ ենք Հայաստանի դեմ ընկերական այս խաղին, սակայն մեզ համար չկան ընկերական հանդիպումներ: Այս խաղով մենք պատրաստվում ենք Ուելսի դեմ առաջիկա պաշտոնական հանդիպմանը: Երկու թիմերն էլ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆոդան:
Վերջինիս խոսքով` վերջին երեք օրերին նրանք կենտրոնացած են եղել տակտիկայի վրա, եւ իր թիմը ցանկություն ունի հաղթել բոլոր հանդիպումներում, իսկ ֆավորիտներ չկան առաջիկա ընկերական խաղում:
Կոսովոյի ազգային թիմի անդամ Վեդատ Մուրիքին ընկերական այս խաղի ֆավորիտ համարում է իր թիմին, սակայն Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստները անհատապես պետք է ապացուցեն դաշտում, թե ինչի են ունակ:
«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից գիտեմ Ռանոսին, ինչպես նաեւ Հարոյանին: Մենք լավատեղյակ ենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականից, քանի որ ուսումնասիրել ենք նրանց»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երեւանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:
ՈՐԴՈՒՍ ՀԵՏ ԵՄ ՄԱՐԶՎՈՒՄ
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբային յութուբյան ալիքի FROG TALKS շարքի եթերում «Ինտերի» եւ Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Ռանոկիայի հետ զրույցում պատմել է, որ 4-ամյա որդին ֆուտբոլիստ դառնալու մտադրություն ունի։
«Միշտ ասել եմ, որ կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ Միլանում, բայց որդիս ֆուտբոլ է խաղում։ Ամեն ինչ կախված է դրանից։ Որդիս 4 տարեկան է, բայց արդեն տանը խաղում է ֆուտբոլ։ Թիմի հետ եմ մարզվում, հետո տանը որդուս հետ եմ մարզվում։ Որդիս կարող է Միլանում սկսել մարզվել։ Դուստրս 8 ամսական է։
Ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Ես արդեն իմ ժամանակն անցկացրել եմ խաղադաշտում։ Մարզչական աշխատանքն ավելի շատ ժամանակ է պահանջում, վերլուծություն, խաղացողների հետ քննարկումներ։ Ոչ, չեմ ցանկանում։ Գուցե, սպորտային տնօրենի աշխատանքն ավելի հնարավոր է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։