2024 թվականի մարտի 29-ին՝ վաղը, կայանալու է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի փակ ընտրությունները։
ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ և գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում՝ ձայների մեծամասնությամբ (12/8 ձայների համամասնությամբ), ընտրվել էր Կարինե Հարությունյանը: Սակայն, մրցույթում պարտված նույն Դավիթ Գյուրջինյանը դատական կարգով բողոքարկել էր մրցույթի արդյունքները՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Արդյունքում մրցույթի արդյունքները՝ Կարինե Հարությունյանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին, չհաստատվեցին կառավարության կողմից։ Ավելին` Կարինե Հարությունյանը ևս դիմել էր դատարան` մրցույթը կայացած համարելու և կառավարությանը դրանց արդյունքները հաստատել պարտավորեցնելու պահանջներով։ Դատական գործերը դեռևս ընթանում են և դատարանը որևէ որոշում չի կայացրել։ Հարց է առաջանում՝ ինչպես է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդի արդյունքները անվավեր ճանաչված չեն։ Սա Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտում է։
ArmLur.am-ը ներկայացնում է այն բացառիկ փաստաթուղթը, որը հաստատված է ՀՀ ԿԳՄՍ նախարար և Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ, ըստ որի ռեկտորի ընտրությունում ձայների մեծամասնությամբ հաղթել է Կարինե Հարությունյանը։ Կառավարությունից այս փաստաթուղթը չեն հաստատել, և իշխանության սրտի այժմյան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը հասել է իր ուզածին։
Ստացվում է, որ փաստացի կա ռեկտոր, սակայն ապօրինի կընտրվի այլ անձ։ Այս անօրինական նշանակված ընտրություններից հետո հնարավոր է նաև հարցականի տակ դրվի վաղը ընտրվող ռեկտորի պաշտոնը։
Էմմա Միքայելյան