Ովքեր են ՔՊ-ից հեռացված անձինք․ ինչ են նրանք արել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է «չիստկա» անել ՔՊ-ում: Առաջիկայում կուսակցության ստորին էյշելոններից հեռացվողներ կլինեն:
2 օր առաջ հերթական ՔՊ-ականն էր հեռացվել ՔՊ-ից՝ Սևակ Տիգրանյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սևակ Տիգրանյանը Կոտայքի մարզպետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել:
Ֆեյսբուքյան իր գրառումներով նա պարբերաբար «անվերապահորեն» աջակցել է Նիկոլ Փաշինյանին և նրա հեղափոխական թիմին։
Նախորդ տարի ևս մի շարք ՔՊ-ականներ հեռացվեցին կուսակցությունից:

Նախորդ տարեվերջին իր սկանդալային վարքագծի և թիմակիցների հետ մշտապես ունեցած վեճերի պատճառով թիմից հեռացվել էր Թաթուլ Ասլիյանը:
ՔՊ-ից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ հեռացման պատճառը կարգապահական խախտումն է եղել, մինչդեռ Թաթուլ Ասիլյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արցախից բռնի տեղահանվածների մասին գրառում է արել ու հենց այդ պատճառով էլ հեռացվել է կուսակցությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ոչ այնքան կարկառուն ՔՊ-ականների հետ մշտապես խնդիրներ է ունեցել, հաճախ վիճել է նրանց հետ: ՔՊ-ականներն էլ պարբերաբար վարչության անդամների մոտ դժգոհել են Ասիլյանից ու պատմել նրա անվայելուչ պահվածքի մասին: Ի վերջո, Նիկոլ Փաշինայնն էլ վարչության անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել է հեռացնել նրան:
Կուսակցությունից հեռացվել էր նաև Սարգիս Ալեքսանյանը:

Վերջինս ՔՊ կուսակցության ակտիվ անդամ էր, մտերիմ էր և հաճախ է լուսանկարներ հրապարակում ՔՊ վերնախավի հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:
Սարգիս Ալեքսանյանը 2019թ-ին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած դատարանների մուտքերը փակելու ակցիային: ՔՊ-ականը հրել և գցել էր դատավորներից մեկին և անպատիժ էր մնացել:
Սարգիս Ալեքսանյանը 2021թ-ին սոցցանցի իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին՝ լրագրողին աջակցություն ցուցաբերելու համար և կրկին չէր պատժվել:

ՔՊ կուսակցությունից հեռացված մյուս անդամը՝ Արտուշ Եղիազարյանը, Երևանի ավագանու վերջին ընտրություններում ընդգրկված է եղել ՔՊ ցուցակում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հեռացման հիմնական պատճառը նրանց հղփացած պահվածքն է:
Բանն այն է, որ ոչ կարկառուն ՔՊ-ականները, պարբերաբար օգտվելով իրենց կուսակցական պատկանելությունից, շատ հաճախ աչքի են ընկել իրենց գռեհիկ պահվածքով ու հայտարարություններով:
ՔՊ-ականներն էլ պարբերաբար Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, թե ի՞նչ է կատավում թիմում ու ինչպես են իրենց դրսևորում, այսպես ասած, ոչնչով աչքի չընկած ՔՊ-ականները:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս