«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Տ.Մ.-ի դատավարական պաշտպանությունը, ում նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
2024թ. նախաքննական մարմնի կողմից դատարան էր ներկայացվել Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը դատարանի 27.03.2024թ. որոշմամբ ամբողջությամբ մերժվել է (ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տ.Դավթյան), Տ.Մ.-ն շուտով կլինի ազատության մեջ: Միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանների կողմից դատարանին ներկայացվել են այնպիսի փաստեր, որոնք ամբողջությամբ բացահայտել են Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու անհրաժեշտության և հիմքերի բացակայությունը:
Նշված գործով մեղադրանքի անհիմն լինելու մասին պաշտպաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը արդեն առիթ ունեցել են խոսելու, բայց Տ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո փաստաբանների կողմից նախաքննությանը գրեթե զուգահեռ «փաստաբանական հետաքննություն» էր իրականացվել, որի շրջանակում ի հայտ են եկել այնպիսի տեղեկություններ, որոնք ամբողջությամբ ապացուցում են Տ.Մ.-ի անմեղությունը: Այդ ապացույցների մի մասը ներկայացվել, իսկ մնացյալը առաջիկայում կներկայացվի նախաքննական մարմնին: Հուսով ենք իրավապահ մարմինները կգտնեն իրենց մեջ խիզախություն, կհռչակեն Տ.Մ-ի անմեղությունը և կվերացնեն նրա իրավունքների սահմանափակումները: