Հապաղելը կործանարար կլինի. Սեյրան Օհանյանը՝ Արցախի հարցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ի հանրահավաքից հետո՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը պաշտոնական հանրագիր է ուղարկել ՀՀ վարչապետին՝ ներկայացնելով հանրահավաքում ընդունված հայտարարությունը: Մարտի 27-ին Նախաձեռնությունը դիմումներ է հղել ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ նրանց ուղարկելով հայտարարությունը և առաջարկելով ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել խորհրդարանական լսումներ բարձրացված հարցերի շուրջ:

Արդյոք ՀՀ Ազգային ժողովում կբարձրացվի Նախաձեռնության ներկայացված խնդիրները ArmLur.am-ը կապ է հաստատել «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի հետ:

«Մենք մշտապես համագործակցում ենք Արցախի խմբակցությունների հետ: Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը, ինչպես գիտեք, մենք Ազգային ժողովում շուտվանից ենք բարձրաձայնում: Սկսած 2021թ. օգոստոսից առաջին հերթին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնել, որն այդպես էլ Ազգային ժողովի նախագահ չարեց: Հիմա էլ, ինչքանով որ տեղյակ եմ, ՀՀ Ազգային ժողովի նախագահն Արցախի ԱԺ ղեկավարությանը չի ընդունում: Ինչ վերաբերում է սոցիալական և մնացած քաղաքական խնդիրներին մեր պատգամավորների կողմից բարձրաձայնվում են և՛ հայտարարությունների, և՛ հարցուպատասխանի ժամանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով արցախցիներ հնարավոր ետ վերադարձին՝ Օհանյանն առանձնացրեց երեք հանգամանք, որ պիտի հաշվի առնվի:

«Առաջին հերթին պետք է նշենք, որ հակամարտությունը չի ավարտվել: Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական» գործողությունները, որ իրականացվեց երկարատև շրջափակումից հետո հանցագործություն էր Արցախի ժողովրդի նկատմամբ: Տեղահանման ցեղասպանություն իրականացնելով՝ Ադրբեջանը հակամարտությունն ավելի խորացրեց: Ադրբեջանը միջազգային հանցագործություն կատարեց, որի համար պիտի պատասխան տա:

Երկրորդ հերթին պետք է պահպանել Արցախի սուբեկտայնությունը: Արցախի ամբողջ քաղաքական, հասարակական հարթակները պետք է աշխատեն և նրանց աշխատանքի հիմքում պետք է դրված լինի արցախցիների կարգավիճակի, և ամենակարևորը՝ ետ վերադարձի միջազգային անվտանգության, ինչպես նաև Արցախում կայուն հիմքեր ստեղծելու դրույթները: Մենք տեսնում ենք ետ վերադարձի խնդիրը»,- ասաց մեր զրուցակիցը, շեշտելով, որ այն լուրջ անվտանգային խնդիր է, որը պետք է ապահովված լինի:

Անդրադառնալով երրորդ հանգամանքին, կրկին շեշտեց, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել և, որ պետք է պահպանել Արցախի սուբեկտայնությունը:

Բանակցային գործընթացը՝ կամ հին, կամ նոր, այլընտանք չունի: Այդ առումով Վարդան Ոսկանյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, որտեղ համապատասխան աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի Արցախի հարցը լուծվի: Այդ ամենի համար, որքան էլ մենք համատեղ աշխատանքային խմբեր ստեղծենք, բավարար չէ: Առաջին հերթի Արցախի իշխանությունը պետք է աշխատի: Այստեղ հապաղելը, ուշացնելը կարող է կործանարար լինել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս