
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կանգ չառնել Ղրիմի անեքսիայից հետո, և առաջացած ճգնաժամը եվրոպական երկրների համար պետք է «արթնացնող զանգ» դառնա և դրդի նրանց ավելացնել պաշտպանության համար նախատեսվող ծախսերը:
Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ղրիմի անեքսիային ուղղված Ռուսաստանի գործողությունները, որոնք հետևել են Կրեմլի կողմից աջակցություն ստացած հանրաքվեին, առաջացրել են «ամենալուրջ վտանգը Եվրոպայում անվտանգության և կայունության համար «սառը պատերազմի» ավարտից ի վեր»:
«Ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ դրանով գործը չի ավարտվի», – ասել է Ռասմուսենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուկինգս հետազոտական ինստիտուտում: