Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից:
Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։
Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ: Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։