Մարտի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ էր վարչապետը խոստացել այցելել Տավուշ եւ զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը կսկսվի հենց Տավուշի մարզից։
Մարտի 18-ին արդեն Փաշինյանը հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպումը հարթ չէր անցել. Փաշինյանը, ըստ բնակիչների, ասել է՝ եթե զիջումների չգնանք, պատերազմ կսկսվի:
Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ակնհայտորեն լարված են եւ սկսել են ագրեսիվ դիմավորել գյուղեր այցելողներին։ Ոստիկանությունն արգելում է շատերի մուտքն անգամ, նույնիսկ եկեղեցի մտնելն են արգելել, օրինակ՝ Մարտական եղբայրության ներկայացուցիչներին:
Եւ, ահա, Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ, սակայն ՀՀ վարչապետը Վրաստանից Հայաստան եկած պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու գործով էր զբաղված եւ տավուշեցիների մոտ ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց:
Բնակիչների մի մեծ խումբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փաշինյանը խոստացել է եթե ոչ 7, ապա 10 օր անց կվերադառնա՝ լսելու տեղի բնակիչների առաջարկները եւ կարծիքները։ Նա ասել է՝ եթե անգամ ինքն էլ չկարողանա գալ, իր ներկայացուցիչը կգա եւ կլսի նրանց խնդիրները։ Հենց այս պատճառով տավուշեցիները, որոնց գրեթե 70 %-ը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Փաշինյանի օգտին, լռում են եւ հրաժարվում մեկնաբանել իրավիճակը կամ կարծիք հայտնել։ Նրանք դեռ հավատով սպասում են իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի խոստման իրագործմանը։ Եթե հիշենք «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստերի մասին պատմող շարքը, ապա կարող ենք ասել, որ նրա համագյուղացիների սպասումները, հնարավոր է, այդպես էլ չարդարանան, կամ նրանք խորը հիասթափություն ապրեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ քննիչները այցելել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց ու մոտ 10 րոպե մնացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ապաքինվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակի պայթյունից վիրավորված Արթուր Մովսիսյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ վիրավորված Արթուր Մովսիսյանը հիվանդասենյակում բարձրաձայն դիմել է ներկաներին եւ ասել. «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել»։ Հիշեցնենք՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նռնակով զինված քաղաքացիներից մեկը Վարդգես Գեւորգյանն է, որը Արարատի մարզից է, մյուսը՝ Արթուր Մովսիսյանը՝ Ձորաղբյուրից։ Նշենք, որ Արթուր Մովսիսյանն Ազգային ժողովրդական բեւեռի աջակիցներից է, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։ Հիշեցնենք նաեւ, որ մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձինք էին ներխուժել եւ նռնակ պայթեցրել։ Ներխուժած անձանցից երկուսը ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է, ձերբակալված է: Նա Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է փաստերով ներկայացրել, թե Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների գաղափարները եւ դիրքորոշումները որեւէ հարցի շուրջ ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվել իշխանության գալուց հետո: Բազմիցս իրենց «սկզբունքայնությամբ» աչքի ընկած թավշյահեղափոխականները ցանկացած հարցի մասով ընդդիմադիր եղած ժամանակ այլ բան էին ասում եւ անում, իսկ իշխանության գալուց հետո՝ դրա լրիվ հակառակը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը եւս բացառություն չէ: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից տեղեկանում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի ՀՀ կառավարությանը: Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը։ Այսօր տեղի կունենա բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը նվիրելու պայմանագրի ստորագրման արարողությունը։ Հուշագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12, 5 տոկոսը, այսինքն՝ 12 հազար 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի: 2024թ. հունվարի 18-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Լիդիան Արմենիա»-ի այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, եւ որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։ Թե ինչ մտահոգություններ է փարատվում, պարզ չէ, բայց թերեւս արժե հիշել, թե ընդդիմադիր եղած ժամանակ ինչպես էին կարկառուն ՔՊ-ականները, Լենա Նազարյանի գլխավորությամբ, ինքնամոռաց կռիվ տալիս ընդդեմ հանքի շահագործման՝ համարելով այն բնապահպանական աղետ: Իսկ ի՞նչ է փոխվել այսօր «բնապահպան» ՔՊ-ականների մոտ, որ ոչ միայն դեմ չեն Ամուլսարի շահագործմանը, այլեւ այն համարում են «նվեր». թերեւս՝ ոչինչ, պարզապես այլեւս իրենց շահերն են խոսում, ու հանուն դրա պատրաստ են աչք փակել ամեն ինչի վրա:
Հայաստանի իշխանություններն անգամ համազգային աղետի եւ սուգի պարագայում չեն կարողանում բարեկամ երկրի հանդեպ սոլիդարություն ցուցաբերել ու ապրումակցել: Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության կապակցությամբ Ռուսաստանում հայտարարված համազգային սգո օրվա առիթով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը սգո հուշամատյան է բացվել երկուշաբթի օրվանից: Այնտեղ գրառում էին արել եւ իրենց ցավակցությունն էին հղել հայաստանյան մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ անգամ աղետի դեպքում Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել ռուս անմեղ զոհերի առթիվ: Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն են երկուշաբթի գնացել ՌԴ դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Իսկ ո՞ւր էին մյուս ՔՊ-ականները, զբաղվա՞ծ էին, թե՞ Փաշինյանն արգելել էր այդ օրը գնալ ՌԴ դեսպանատուն: Ուշագրավ է նաեւ, որ անտարբերություն էին ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները: Իսկ ովքե՞ր են այս հանձնաժողովի ՔՊ-ական «անտարբեր» անդամները. հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդամներն են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, որը մի ժամանակ հավակնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին, Վլադիմիր Վարդանյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահե Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը եւ Շիրակ Թորոսյանը: