«ՄԵՆՔ ԿԿԱՆԳՆԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Տավուշի մարզի 4 գյուղերի ճակատագիրը դրվեց հարցականի տակ։ Այս հայտարարությունից հետո առաջինը «Հայաքվե» նախաձեռնությունն էր, որ մեկնեց Տավուշ՝ Ոսկեպար, հանդես եկավ աջակցող հայտարարությամբ։ ArmLur.am-ը տաղավարում զրուցել է «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանի հետ։

 

-Պարո՛ն Մանվելյան, վերջերս՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո, երբ հարցականի տակ դրվեց Տավուշի 4 գյուղերի ճակատագիրը, «Հայաքվե» նախաձեռնությունը առաջիններից էր, որ մեկնեց Տավուշի մարզ եւ Ոսկեպարից հանդես եկավ հայտարարությամբ: Կարո՞ղ եք ասել՝ ինչ սպառնալիք է ներկայացնում Տավուշի 4 գյուղերի հանձնումը, եթե նման պահանջները Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի կողմից շարունակվեն:

-Այստեղ մի քանի խնդիր կա. առաջինը քաղաքական թեմատիկան է, որ եթե դու սկսում ես զիջման գործընթացը, որ մենք արդեն տեսնում ենք երեք-չորս տարի շարունակ, ապա սա կանգ չի առնելու: Այնպես չէ, որ ադրբեջանցիները առաջ կգան ու կասեն՝ լավ, բավարար է, առաջ չենք գնա. դրանից հետո նրանք կպահանջեն անկլավները եւ այլն: Այս ամենը անօրինական է, ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ օրենքների համաձայն՝ ՀՀ տարածքում ադրբեջանական տարածք չկա, անկլավներ չկան: Ցանկացած մեկը, որ ասում է՝ սա ադրբեջանական տարածք է, ինքը պետական հանցագործություն է իրականացնում, քանի որ խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Եթե, Աստված չանի, իսկապես այդ գործընթացը սկսվի, այսինքն՝ զորքերը հետ նահանջեն եւ տարածքները զիջեն, սա կլինի պետական մասշտաբի հանցագործություն: Ի՞նչ տեղի կունենա դրանից հետո. նայեք, մի քանի ռազմավարական խնդիր ունենք՝ կապված այդ շրջանների հետ. նախ՝ դա մեզ համար կարեւոր է՝ որպես Վրաստանի հետ կապի միջոց, այնտեղով է անցնում նաեւ մեր գազամուղը եւ այլն: Այդ ամենը երբ անցնում է թշնամու վերահսկողության տակ, մենք խնդիրների առաջ ենք կանգնում: Տեսականորեն հնարավոր է շրջանցող գազամուղ սարքել, բայց սա մեկ-երկու օրվա գործ չէ, այլ ամիսների աշխատանք է, որը չի արվել: Եթե այս ամենը տեղի ունենա, մենք կկանգնենք պետական ճգնաժամի առաջ:

-Պարո՛ն Մանվելյան, ներկայումս խոսում ենք միայն Տավուշի 4 գյուղերի մասին, սակայն եթե մի քիչ հետ նայենք, Նիկոլ Փաշինյանը եւ Իհլամ Ալիեւը հնչեցնում էին արտահայտություններ, որ Տիգրանաշենը եւս դասվում է անկլավների շարքին: Եթե Ադրբեջանը Տավուշում հարցը լուծի իր օգտին, արդյոք Երասխի, Տիգրանաշենի մասով խոսակցություն տեղի չի՞ ունենա:

-Մի բան պիտի հստակ հասկանանք. Ադրբեջանի համար այս անկլավները էական են այնքանով, ինչքանով նա կարողանում է ներխուժել Հայաստանի տարածք, եւ կարող է հանգիստ տեղադրել զորքեր, եւ Հայաստանը, փաստորեն, պառակտվում է: Եթե Դուք Տավուշի քարտեզը նայեք, կտեսնեք՝ եթե ինքը անկլավները վերցնում է, ամբողջովին կտրում է Տավուշի հյուսիսային մասը հարավից, եւ մոտենում է մինչեւ Վանաձոր, այսինքն՝ Հայաստանը հայտնվում է խոցելի ու վտանգավոր վիճակում:

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է

2018թ.-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ»։

 

Այնուհետեւ՝ 2018-ի նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում վերահաստատեց իր մտադրությունները. «Վերին Լարսին այլընտրանք ստեղծելը մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք… Մենք մեր վրացի եւ ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է»։ 25.05.2018թ. փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, կարող ենք արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար: Երեկ Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում եւ քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության եւ ապրանքի առեւտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Համաձայնագրի՝ կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Համաձայնագրի իրականացման մասին ենք նաեւ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին՝ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»: Սակայն, իրականում առ այսօր Հայաստանը Վերին Լարսին այլընտրանք չի գտել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, այսօր արդեն էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը օրերս հայտարարեց, որ այլընտրանքն Ադրբեջանն է. հենց կնքվի խաղաղության պայմանագիր, եւ սահմանները բացվեն, հիմնական բեռնափոխադրումները տեղի կունենան այդ երկրի տարածքով։ Մինչ այդ հազարավոր ավտոմեքենաներ տասնյակ օրերով հերթ են կանգնում Լարսի անցակետի մոտ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԿԱՆԱՅՔ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվը 2023 թվականին աճել է 9 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում կառավարության (2021-2026 թվականների ծրագրի) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ` մարտի 25-ին, ասաց ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։

«2022 թվականի համեմատ՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվն աճել է մոտ 9 տոկոսով, իսկ 2021 թվականի համեմատ՝ մոտ 20 տոկոսով»,- պարզաբանեց Աբազյանը։

 

 

 

ԽԱԲՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է Ալիեւով, պատերազմով եւ շարունակում է հանձնել. այս մասին մարտի 25-ին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Եթե այդ պատերազմն անխուսափելի է, պետք է պատրաստվել պատերազմի, ոչ թե ժողովրդի դիմադրությունը ջարդել, ասել՝ դուք թույլ եք, զենք չունենք, բանակ չունենք, դաշնակից չունենք ու գառի պես տանել, մորթել ժողովրդին: Հերիք է պատերազմով էս ժողովրդին վախեցնի: Էս էն նույն ժողովուրդն է, որ ազատագրեց Արցախը, որ 2 հայկական պետություն ստեղծեց: Հիմա հայտնվել է մեկը, ասում է՝ չէ, դա պատահականություն էր»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ իրենց եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ գաղափարական տարբերությունը հետեւյալն է. «Ինքն ասում է՝ ինչ ուզում է, տանք, հետո մի կտորի վրա զարգացնենք Հայաստանը: Դա կլինի իրական Հայաստանի համար պայքար: Մենք ասում ենք՝ եթե դու զիջում ես քո ռազմավարական դիրքերը, քո ճանապարհները, կոմունիկացիաները, էդ պետությունն այս տարածաշրջանում այլեւս չի կարող գոյություն ունենալ: Ինքը խաբում է ժողովրդին:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանն արդեն բոլոր խաղաքարտերը բացեց. խոսում է շատ բաց, ասում է՝ ես եւ ՔՊ-ն ունենք մի առաքելություն՝ մենք պատմական Հայաստանից պետք է անցնենք իրական Հայաստան: Ու ասում է՝ ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես ՀՀ վարչապետն եմ… Հայաստանի Հանրապետությունը, որի ղեկավարումն ինքը ստանձնել է 2018 թվականին,  42,500 քառակուսի կիլոմետրանոց  հայկական 2 պետություն է եղել՝ Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն…  42,500 քառակուսի կիլոմետրի 30 տոկոսն արդեն հանձնել է թշնամուն»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

 




Լրահոս