ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները գնացել էին Գյումրի ու այնտեղ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ անցկացրել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկության հարցը:

Մեզ հետ զրույցում շաբաթ օրը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը հայտնել էր, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Երեւանում հարձակվել են իրենց խմբակցության անդամների՝ Հայկ Գրիգորյանի եւ Ռոբերտ Ծովյանի վրա։

Նա տեղեկացրել է, որ միջադեպից հետո Հայկ Գրիգորյանը եւ Ռոբերտ Ծովյանը բերման են ենթարկվել եւ մի քանի ժամից ազատ արձակվել։

ArmLur.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Թումանյան փողոցի վրա. իրենք նկատել են, որ Երեւանի հենց կենտրոնում ծառահատում է իրականացվում, մոտեցել են, որպեսզի կասեցնեն, բայց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հարձակման են ենթարկվել.

«Մենք մոտեցանք ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, որ թղթեր ուզեն, թե ինչու են ծառահատում իրականացնում, այսինքն՝ այն ծառը, որը ենթակա է հատման, պետք է հատուկ թուղթ ունենա: Բեգոյանը միագամից շատ ագրեսիվ, փողոցային պահվածք ցուցաբերեց, չտվեց այդ փաստաթղթերը, ասաց՝ գնացեք, չեք թողում աշխատենք, հետո նրա ենթակաները սկսեցին փողոցային ոճ դրսեւորել, ինձ հետեւից հարվածեցին, Ռոբերտ Ծովյանին ավելի շատ են հարվածել, 4 հոգի էին հարձակվողները»,- պատմեց ավագանու ընդդիմադիր անդամը:

Հայկ Գրիգոյանը նշում է՝ զավեշտն այն է, որ միջադեպից հետո Արմեն Բեգոյանն է գնացել ու դիմել Ոստիկանություն, թե ավագանու ընդդիմադիր անդամները խուլիգանություն են արել. «Քննիչը մեզ հարցաքննեց, պարզեց, որ մենք կապ չունենք, ու ազատ արձակվեցինք, բայց գործը մնում է, մենք հետամուտ ենք լինելու, որ իրենք խուլիգանության համար պատժվեն»:

Հայկ Գրիգորյանը նաեւ ասաց, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է պաշտոնապես դիմել Տիգրան Ավինյանին՝ Բեգոյանին պաշտոնանկ անելու համար:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Երեկ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեկ շաբաթը լրացավ Տավուշի մարզում հնչեցրած սպառալիքներից. ի՞նչ է լինելու

Նիկոլ Փաշինյանը ուղիղ մեկ շաբաթ առաջ գնաց Տավուշ եւ, Հայաստանի քարտեզի ուրվագիծը ձեռքին, հայտարարեց. «Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլեւ կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»: Մեր երկիրը հեշտությամբ հանձնելու պատրաստակամ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներն էլ ԶԼՄ-ներին հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ զրույցում ասել է, թե մեկ շաբաթից պետք է կա՛մ տարածքները հանձնենք, կա՛մ պատերազմ է սկսվելու: Այսօր լրացավ մեկ շաբաթը, եւ վարչապետը որեւէ տեղեկություն չի հայտնում, թե ինչ է տեղի ունենալու: Ուղղակի չի կարելի մարդկանց սպառնալ պատերազմով, չի կարելի ահաբեկել քաղաքացիներին, չի կարելի քաղաքացիների մեջ հուսահատություն սերմանել, չի կարելի հանրագիտարանային մեջբերումներով հայտարարել, թե Տավուշի մարզի 4 գյուղեր հայկական չեն, Ադրբեջանի տարածքներ են, չի կարելի քաղաքացու մեջ անորոշություն սերմանել իր հայրենիքի նկատմամբ, չի կարելի վերջապես ԽԱԲԵԼ. Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում ադրբեջանական զինուժն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, սակայն դրանց հեռացման պահանջի մասին մենք ոչինչ չենք լսում: Չենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը խոսի այն մասին, որ երեք մարզերում անասնապահությունը, գյուղատնտեսությունը անհնար է դարձել, որոշ դեպքերում խմելու եւ ոռոգման ջրերի խնդիրներ են առաջացել ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով, որ դպրոցներից ու մարդկանց տներից մի քանի հարյուր մետրի վրա թշնամու դիրքերն են արդեն (Շուռնուխ, Ներքին հանդ, Կութ եւ այլ բնակավայրեր): Չենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը խոսի այն մասին, թե 4 գյուղերի հանձնումից հետո, երբ ազերիների վերահսկողության տակ են անցնելու արոտավայրեր, վարելահողեր, ստրատեգիական նշանակության ջրային ռեսուրսներ, գազատարներ եւ այլն, ինչ նոր խնդիրներ են առաջանալու: Չենք լսում նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, իր սահմանազատման պատրաստակամությանը զուգահեռ, նաեւ խոսի այդ գյուղերում բնակվող մարդկանց կյանքին սպառնացող այսօրվա վտանգների մասին: Պատերազմով մարդկանց սպառնալը երկրի առաջնորդի առաքելությունը չէ: Ստախոսությամբ իշխանություն պահելը՝ մեր երկրի տարածքների հաշվին, անթույլատրելի է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար հեռացված նախագահ Թագուհի Թովմասյան»:

 

 

 

ԼՈՒՌ ՀԵՌԱՑԱՎ

Երեկ ՀՀ նախկին վարչապետ, պետական քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն էր: Մեծ թվով ընկերներ, կուսակիցներ եւ բարեկամներ էին հավաքվել պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու Մարգարյանի հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս այցելեց Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Լրագրողների բոլոր փորձերը՝ հարցազրույց վերցնելու Սերժ Սարգսյանից, ձախողվեցին: Նա բոլոր հարցերը անպատասխան թողեց, լուռ հեռացավ:

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՀՆԱՐ ԴԱՌՆԱ

Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար. Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական նպատակը հետեւյալն է՝  մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, եւ այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որեւէ մեկը չվախենա որեւէ միտք արտահայտելուց։ «Սա շատ կարեւոր բան է, որովհետեւ նույնիսկ եթե ես հիմա ասում եմ շատ սխալ բան, իմ բարձրաձայնելն օգնում է, որ արդյունքում ես հասկանամ, որ իմ ասածը սխալ է, իսկ եթե ես դա չբարձրաձայնեմ, մնալու եմ այն համոզմունքի մեջ, որ ես մի ճիշտ միտք ունեմ, բայց մթնոլորտն այնպիսին չէ, որ ես այդ միտքն արտահայտեմ եւ հազարավոր հարցեր լուծեմ»,- նշել է վարչապետը։

 

 

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

Հայաստանում նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար. այս մասին մարտի 25-ին  ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանը։

«2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 278 մլն դոլար, նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար»,-ասաց Պապոյանը։

2022 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 45.5 մլն դոլար։ ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 364 մլն դոլար, գլխավորապես Ռուսաստանի Դաշնությունից են այդ ներդրումները։

Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 417 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 մլն դոլար




Լրահոս