ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՔՈՒԲԱՐՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեն նախօրեին հայտնեց, որ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երեւան քաղաքի 43-ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի մի շարք հանգամանքներ։

 

Իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում, մասնավորապես՝ փաստական տվյալների համաձայն՝ Երեւանի 47-ամյա բնակիչը անօրինական կերպով շինություն է կառուցել Երեւանի 43-ամյա բնակչին պատկանող հողատարածքում եւ պնդել, որ հիշյալ հողատարածքը գրանցվի իր անվամբ, ինչին վերջինս չի համաձայնել։

Նշված հարցի հետ կապված 47-ամյա տղամարդը օժանդակության խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող հայտնի անձի։ Վերջինիս, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նա գնացել է վերոնշյալ հողատարածք եւ կրկին պահանջել անվանափոխել հիշյալ տարածքը։ Այնուհետեւ 47-ամյա տղամարդը կնոջ եղբոր՝ 50-ամյա տղամարդու հետ հիշյալ հողատարածքում հանդիպել է 43-ամյա քաղաքացու եղբորը, սպառնալիքներ հնչեցրել նրանց հասցեին, որից հետո զանգահարել են քրեական ենթամշակույթի կրող հայտնի նույն անձին, որը եւս սպառնացել է եղբայրներին։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ քրեական ենթամշակույթ կրող անձը հանդիսանում է քրեական հեղինակություն եւ օգտագործելով իր քրեական հեղինակությունը՝ գործում եւ կայացնում է որոշումներ՝ պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրականացման իրավաչափ ձեւերին չհամապատասխանող, իր սահմանած եւ ճանաչած վարքագծի կանոններով։

Քրեական վարույթի շրջանակներում 43-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, զննության են ենթարկվել վերջինիս կողմից ներկայացված տեսագրությունները։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 47-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Հիշյալ անձինք ձերբակալվել են։ Դատարանի որոշմամբ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի եւ 47-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նախաքննական մարմինը չէր գաղտնազերծել, թե ով է քրեական հեղինակությունը, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նա Միշա Սարգսյանն է, որը քրեական աշխարհում առավել հայտնի է Միշո անունով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱՐՄԵՆԻ ՈՒ ՄԱՏՈՒՑՈՂԻ ՎԵՃԸ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի ձոր» ռեստորանում նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, որը Երեւանի բնակիչ է, բարբառով խոսելու կապակցությամբ վիճաբանություն էր ծագել վերջինիս եւ նույն ռեստորանի բարմենի՝ Ար.Մ.-ի միջեւ, որը շարունակելու նպատակով վիճաբանող կողմերը պայմանավորվել էին հանդիպել աշխատանքի ավարտից հետո։

Արդեն օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում՝ աշխատանքի ավարտից հետո, Ալ.Մ.-ն, իր հետ վերցնելով դանակ, դուրս էր եկել աշխատավայրից եւ ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, հանդիպել Ար.Մ-ի, վերջինի եղբոր եւ երկու ընկերների հետ։ Ռեստորանում ծագած վիճաբանությունը շարունակվել էր, ինչին միջամտել էին Ար.Մ.-ի եղբայրը եւ ընկերներից մեկը՝ Ա.Ս.-ն։

Վիճաբանության ընթացքում Ալ.Մ.-ն, նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է Ար.Մ.-ի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից անմիջապես հետո, Ա.Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, նույն դանակով հարվածել էր նաեւ վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին եւ դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքից հետո Ա.Ս.-ի ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չէր հաջողվել։

Նախաքննության ընթացքում վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ալ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է,եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցեում հնչած աղմկահարույց կրակոցներից անցել է 8 օր, ու մինչ օրս իրավապահները կրակոցներ արձակողներին եւ միջադեպի մասնակիցներին չեն գտել: Վարչական շրջանում տարածված տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցները կապ ունեն քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի մտերիմ շրջապատի հետ։ Իրավապահ համակարգը վերջինիս շրջապատի՝ կապ ունենալու մասով դեռեւս որեւէ տեղեկություն չունի։

Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցեի կրակոցներից ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել: Մասնավորապես՝ կրակոցները հնչել են երեխայի շուրջ առաջացած տարաձայնությունից: Վիճաբանողներից մեկի երեխային, որ առողջական խնդիրներ ունի, ծաղրել են, ու դեպքին խառնվել են ծնողները, արդյունքում հնչել են կրակոցներ:

Shamshyan.com-ը գրել էր, որ մարտի 14-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից. հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։

Ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։

Պարզվել է, որ դեպքի վայրից Երեւանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, եւ կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս