ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սույն թվականի փետրվարի 13-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմել է ընդամենը մեկ անձ, որը, իհարկե, Դավիթ Գյուրջինյանն է, որն արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս մրցույթի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում, քանի որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

Մինչդեռ, 2022 թվականի դեկտեմբերի 9-ի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ եւ գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ձայների մեծամասնությամբ (12/8 ձայների համամասնությամբ) ընտրվել էր Կարինե Հարությունյանը: Սակայն, մրցույթում պարտված նույն Դավիթ Գյուրջինյանը դատական կարգով բողոքարկել էր մրցույթի արդյունքները՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Արդյունքում մրցույթի արդյունքները՝ Կարինե Հարությունյանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին, չհաստատվեցին կառավարության կողմից։ Ավելին` Կարինե Հարությունյանը եւս դիմել էր դատարան` մրցույթը կայացած համարելու եւ կառավարությանը դրանց արդյունքները հաստատել պարտավորեցնելու պահանջներով։ Դատական գործերը դեռեւս ընթանում են, եւ դատարանը որեւէ որոշում չի կայացրել։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ, եւ նախորդի արդյունքները անվավեր ճանաչված չեն։ Սա «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտում է։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է մարտի 29-ին անցկացնել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները։ Այս իրավիճակի ստեղծման պատճառը եւ ջատագովը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է, քանի որ նա հանդիսանում է Գյուրջինյանի հովանավորը եւ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Ստացվում է, որ իշխանությունները, նախկիններին օրինախախտությունների համար մեղադրելով, այսօր իրենք օրինախախտ նախագծով փորձում են դեռ չավարտված դատական գործի առկայությամբ ռեկտորի նոր ընտրություններ անել։

ArmLur.am-ը փորձեց կապվել Դավիթ Գյուրջինյանի հետ, սակայն, ինչպես միշտ, Գյուրջինյանը մեր զանգերը թողեց անպատասխան։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»՝ ՀՀ-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համակարգմամբ՝ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը:

 

Այս ծրագրի շրջանակում իրականացվում  է նաեւ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային մրցույթը, որին կարող են մասնակցել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի կողմից 2023 թվականին հայտարարված «Եվրոպական ժառանգության պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ներկայացել էր «Հեքիաթի դեսպաններ» խորագիրը կրող հեղինակային նախագծով, որն արժանացել է մրցանակի: Այժմ արդեն գրադարանը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում մարզերի երեխաների համար կիրականացնի «Եվրոպական ժառանգության ճամբար», որի շրջանակում Լոռիում եւ Տավուշում կստեղծվեն նոր գրքերի ընթերցանության անկյուններ:

Ընթերցանության անկյունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան մարտի 27-ին Սպիտակի քաղաքային գրադարանում եւ մարտի 29-ին՝ Աչաջուրի մշակույթի տանը:

Ծրագրի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում եւ Աչաջուրի մշակույթի տանը կիրականացվի «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը: Կկազմակերպվեն տարբեր երկրների մշակութային ժառանգության եւ դրանց պահպանության կարեւորության վերաբերյալ վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ եւ քննարկումներ: Ապրիլ-մայիս ամիսներին Սպիտակի եւ Աչաջուրի   գրադարանների ընթերցող-երեխաները կմասնակցեն նկարազարդման վարպետության դասընթացի եւ կկատարեն թեմատիկ նկարազարդումներ:

Ծրագրի ամփոփումն ու փակման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Փակման արարողության շրջանակում կցուցադրվեն ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումները, ԵՄ դեսպանների մասնակցությամբ տեղի կունենա հեքիաթապատումների շարք: Մասնակից երեխաները Երեւանում կայցելեն նաեւ մշակութային հաստատություններ, կշրջեն պատմամշակութային վայրերով:

Եվրոպայի խորհրդի կողմից հայտարարված «Եվրոպական ժառանգության պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ներկայացված 120 հայտերից մրցութային փուլը հաղթահարել եւ լավագույնների ցանկում են ընդգրկվել Հայաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լիտվայի, Անգլիայի ներկայացրած  նախագծերը:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինը։

Ինչպես  տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության  ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը` նկատի ունենալով նաեւ այն ժողովրդավարական ու իրավունքահեն արժեքները, որոնցով առաջնորդվում է Ֆրանսիան։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ մասնավորապես ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական եւ սոցիալ-տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը եւ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ուղղությամբ աշխատանքների կարեւորությանը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր եւ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Անն-Լորանս Պետելն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ արդյունավետ քննարկման համար՝ կարեւորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։




Լրահոս