ԵՐԳԵՐ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց բանաստեղծը հայտնի է ոչ միայն իր բանաստեղծություններով, արձակով, այդ թվում՝ հեքիաթներով, այլ նաեւ իր մեծ մարդասիրությամբ եւ նվիրվածությամբ հայրենիքին։

 

Հովհաննես Թումանյանն իր հասարակական գործունեությամբ հայտնի է դարձել 20-րդ դարի սկզբին։ Հենց այս ժամանակ էլ հաշտարարի դեր է կատարել հայ-թաթարական կռիվների ընթացքում եւ երկու անգամ ձերբակալվել։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ թուրքերը, առիթից օգտվելով, կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, Թումանյանը երկու անգամ անցել է Արեւմտյան Հայաստան եւ հասել մինչեւ Վան։ Արդեն Էջմիածնում հսկայածավալ աշխատանք է տարել՝ օգնելով հայ գաղթականներին, հատկապես՝ որբ մանուկներին։ Հենց այս ընթացքում է ծնվել Թումանյանի՝ հայրենիքին նվիրված բանաստեղծությունների մեծ մասը, որոնցից որոշները ապագայում երգերի են վերածվել:

«Հայրենիքիս հետ». 1915

Վաղուց թեեւ իմ հայացքը Անհայտին է ու հեռվում,

Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ,

Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,

Ե՛վ գյուղերից, եւ՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,

Զարկվա՜ծ հայրենիք,

Զրկվա՜ծ հայրենիք։

 

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,

Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Ու ջարդարար ոհմակների աղաղակով վայրենի,

Ավարներով, ավերներով, խնջույքներով արյունի,

Որ դարձրին քեզ մշտական սեւ ու սուգի մի հովիտ,

Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,

Ողբի՜ հայրենիք,

Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.

Հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին,

Հույսի՜ հայրենիք,

Լույսի՜ հայրենիք։

 

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նո՜ր հայրենիք,

Հզո՜ր հայրենիք…

 

«Հոգեհանգիստ». 1915

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին

Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,

Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչեւ ծով

Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,

Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից

Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,

Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,

Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր աեւ

Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերեւ…

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,

Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան

Մինչեւ Միջագետք, մինչեւ Ասորիք, մինչեւ Ծովն հայոց,

Մինչեւ Հելլեսպոնտ, մինչեւ Պոնտոսի ափերն ալեկոծ։

Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր եւ անշահ…

Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կըմնա…

 

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,

Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,

Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,

Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,

Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,

Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու

Մինչեւ Միջագետք, մինչեւ Ասորիք, մինչեւ Ծովն հայոց,

Մինչեւ Հելլեսպոնտ, մինչեւ Պոնտոսի ափերն ալեկոծ…

Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր եւ անշահ…

Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կըմնա…

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Տավուշի շրջանի 4 գյուղերում (Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան, Կիրանց) գտնվող պատմամշակութային կոթողները եւ այդ կոթողների ունեցած պատմական ու մշակութային արժեքները: Նշված 4 գյուղերը կորցնելով՝ Հայաստանը, հայկական տուրիզմը կկորցնի նաեւ մի շարք կոթողներ ու տեսարժան վայրեր:

 

Հայ- ադրբեջանական սահմանից ընդամենը 1.5 կմ հեռավորությունում գտնվող Ոսկեւան գյուղում գործում է Սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցվել է 1803 թվականին: Եկեղեցու նախնական տեսքը փայտյա է եղել, այնուհետեւ՝ 100 տարի անց՝ 1903 թվականին, եկեղեցին քարե շինության տեսք ստացավ: Կրկին 100 տարի անց՝ 2003 թվականին, եկեղեցին վերակառուցվեց:

Ոսկեւան գյուղից 4 կմ արեւմուտքում է գտնվում Շեկ աղբյուրը, 3 կմ հյուսիս՝ Ոսկեւանից 3 կմ արեւելք՝ Խլեզձոր, եւ 5 կմ հյուսիս՝ Սռի գյուղատեղիները:

Գյուղի հին գերեզմանոցի հարավային մասում կանգուն է բռնչենի ծառը, որի տարիքը հայտնի չէ: Միայն ենթադրվում է որ ծառը գյուղի հասակակիցն է։ Ծառի առջեւի մասում, Զորավար Անդրանիկի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ, 1990 թվականին կառուցվել է նրա կիսանդրին։

Կիսանդրին քանդակել է հարեւան Ոսկեպար գյուղի բնակիչ Հրաչիկ Եգորի Ալավերդյանը։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության (մրցաշարին մասնակցում են միայն հայ բասկետբոլիստները) 2023/2024 մրցաշրջանը: Եզրափակչում ԲԿՄԱ-ն 112-91 հաշվով առավելության է հասել «Ֆոքսիս»-ի նկատմամբ եւ դարձել է Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալբերտ Թադեւոսյանն էր (ԲԿՄԱ): Նա վաստակել է 36 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել է 8 արդյունավետ փոխանցում: Առաջնության բրոնզե մեդալներին արժանացել է «Էրեբունի»-ն, որը երրորդ տեղի համար խաղում 119-88 հաշվով հաղթել է «Ուրարտու»-ին: Հայտնի են դարձել նաեւ առաջնության լավագույնները՝

Լավագույն խաղարկող՝ Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ),

Լավագույն պաշտպան՝ Դանիլ Գեւորգյան («Ուրարտու»),

Լավագույն թեթեւ հարձակվող՝ Արտյոմ Թավակալյան («Ֆոքսիս»),

Լավագույն ծանր հարձակվող՝ Հայկազ Գրիգորյան («Ֆոքսիս»),

Լավագույն կենտրոնական՝ Յուրա Մելիքյան (ԲԿՄԱ),

Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան (ԲԿՄԱ),

Առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Ալբերտ Թադեւոսյանը (ԲԿՄԱ):

 

 

 

ՄԵԿՆԵԼ ԵՆ ՉԵԽԻԱ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Չեխիա: Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նշելով, որ  ազգային հավաքականը  մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ: Թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, որը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, եւ Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով: Հայաստանի Մ-21 հավաքականից ազգային թիմին է միացել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը: Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա է մեկնել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարեւիչ-«Նոա»

Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնեւ-«Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան-«Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

Անդրե Կալիսիր-«Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան-«Օսիեկ» (Խորվաթիա)

Կամո Հովհաննիսյան -«Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան -«Նոա»

Ժիրայր Մարգարյան -«Ուրարտու»

Էրիկ Փիլոյան -«Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան -«Կրասնոդար» (Ռուսաստան)

Էդգար Սեւիկյան -«Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Վահան Բիչախչյան -«Պոգոն» (Լեհաստան)

Նարեկ Գրիգորյան -«Ֆարուլ» (Ռումինիա)

Հովհաննես Հարությունյան -«Փյունիկ»

Դավիդ Դավիդյան -«Փյունիկ»

Արթուր Սերոբյան -«Արարատ-Արմենիա»

Տիգրան Ավանեսյան -«Բալթիկա» (Ռուսաստան)

Արթուր Միրանյան -«Նոա»

Հրանտ-Լեոն Ռանոս -«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան -«Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Լուկաս Սելարայան -«Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա):

 




Լրահոս