1947-ից աշխատանքի արտադրողականությունն ԱՄՆ-ում բարձրացել է 4 անգամ և բերել բարձր արդյունքների: Առավել բարձր են դրանք եղել անցած վեց տասնամյակի առաջին կեսին ` 1947-80 թթ.: Դարի վերջում միջին ամերիկյան ընտանիքի իրական եկամուտը կրկնապատկվել է այնպես, ինչպես կրկնապատվել է աշխատանքի արտադրողականությունը:
Այսինքն` առկա է եղել ուղղակի կապ աշխատանքի արտադրողականության և ամերիկացիների եկամուտների միջև:
Դիտարկվող ժամկետի երկրորդ կեսին լուրջ հակասություն է առաջացել աշխատանքի արտադրողականության և եկամուտների, կամ, պարզ ասած, աշխատավարձերի միջև: Այժմ` 1980թ. համեմատ աշխատանքային արտադրողականությունը ԱՄՆ-ում երկու անգամ աճել է: Սակայն եկամուտների աճը կազմել է ընդամենը 11%:
Ամերիկացի հայտնի տնտեսագետներ Թոմաս Պիկետին և Էմանուել Սայեցը որոշել են պատասխանել այն հարցին, թե ուր են գնում աշխատանքի արտադրողականության բարձրացումից առաջացած բարիքները: Առաջին հերթին՝ դրամագլուխների սեփականատերերին, ովքեր այժմ ստանում են ՀՆԱ-ի ավելի մեծ բաժինը, քան նախկինում:
Դա նշանակում է, որ նրանց եկամուտների չափաբաժինն աճել է ավելի արագ, քան աշխատավարձերը: Երկրորդ՝ աճել է բարձր աշխատավարձ ստացող աշխատողների քանակը: Այս երկու միտումները հանգեցրել են նրան, որ սանդղակի վերին մասում գտնվող ամերիկյան ընտանիքները ներկայումս ավելի շատ եկամուտ են ստանում տնտեսության աճից, քան մեկ երրորդ դար առաջ: Արտադրողականության և ամերիկյան ընտանիքների եկամուտների միջև աճող ճեղքվածքը վկայում է ոչ միայն անհավասարության մասին. այլև լուրջ բացասական հետևանքներ է առաջացնում մակրոտնտեսական կայունության համար և պայմաններ է ստեղծում ֆինանսական ճգնաժամի առաջացման համար: