Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini հունական օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորեւ:
-Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարեւորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը առեւտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի եւ Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչեւ Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:
-Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարեւորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մի կողմից Սեւ ծովի, մյուս կողմից՝ Պարսից եւ Օմանի ծոցերի միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման եւ ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաեւ այդ երկու վերջնակետերի միջեւ երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետեւ Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջեւանով, եւ այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թեւն է:
Կա նաեւ արեւելք-արեւմուտք թեւը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաեւ Սեւ ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում՝ այս ճանապարհը, ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաեւ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան կապի համար, եւ մենք պատրաստ ենք նաեւ սրան: Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ: Այն է՝
l Բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
l Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային եւ մաքսային հսկողություն, ինչպես նաեւ ապահովում է անվտանգությունը:
l Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:
l Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության եւ փոխադարձության սկզբունքով:
– Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը ի ցույց դրեց միջազգային համագործակցության եւ պաշտպանական գործընկերության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Հունաստանի՝ հայ ժողովրդի կողքին լինելով եւ մարդասիրական օգնություն տրամադրելով: Հաշվի առնելով տարածաշրջանային աճող ռիսկերն ու սպառնալիքները՝ ի՞նչ նշանակություն ունի պաշտպանության մասին հուշագիրը, որը ստորագրել եք ձեր գործընկեր երկրի հետ: Այն պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համար ավելի լայն համագործակցությա՞ն, թե՞ նույնիսկ ընդհանուր պաշտպանական դոկտրինի ստեղծման մասին է:
-Հայաստանի անկախությունից ի վեր հայ ժողովուրդը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը: Առիթն օգտագործելով՝ կրկին պետք է երախտագիտություն հայտնեմ հույն ժողովրդին եւ Հունաստանի կառավարությանը դժվարին պահերին մեր կողքին լինելու եւ ցուցաբերած օժանդակության համար:
Պաշտպանական ոլորտի համագործակցությունը երկարամյա ավանդույթներ ունի, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրվեց երկու կառավարությունների միջեւ Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքի փոխանակում, համատեղ նախագծերի զարգացում: Հունաստանի ուսումնական հաստատություններում ուսումնառության հնարավորություն ունեն բազմաթիվ հայ կուրսանտներ. սրանք այս ոլորտում փոխգործակցության միայն մի քանի դրվագներ են: Պարբերաբար անց են կացվում համատեղ զորավարժություններ։ Չնայած պաշտպանական ոլորտում գերազանց համագործակցությանը՝ այն զարգացնելու մեծ ներուժ կա: Առաջիկայում, հուսով ենք, համագործակցությունն այս ուղղությամբ կընդլայնվի:
Հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ պաշտպանության բնագավառում ուղղված չէ որեւէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անքակտելիությունը:
Շարունակությունը կարդացե՛ք ArmLur.am լրատվական կայքում:
Զրուցեց Աթանասիոս Կացիկիդիսը
ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ
Պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի եւ Արգենտինայի ժողովուրդների միջեւ երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Ամերիկայում Արգենտինայի դերը որպես ՀՀ կարեւոր գործընկեր՝ նշելով, որ դրա պարզ վկայությունն են նաեւ բարձրաստիճան փոխայցելությունները։
Անդրադարձ է կատարվել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջեւ փոխգործակցության հարցերի:
Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում ընդգծվել է նաեւ ներդրումային ծրագրերի հետագա խրախուսման կարեւորությունը։
Տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ մատնանշելով դրա միջոցով ընձեռվող տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորությունները, տարածաշրջանում կայունությանը նպաստելու ներուժը:
ԿԻԵՎԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան։ Նման տվյալներով գերատեսչության ղեկավարը կիսվել է լրագրողների հետ. փոխանցում է ՁԸհհ-ը։
«Մենք կարծում ենք, որ դա այդպես է»,- ընդգծել է նա՝ պատասխանելով Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը Լոնդոնի, Վաշինգտոնի եւ Կիեւի մասնակցության մասին հարցին։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս պահին ԱԴԾ-ն ունի ընդհանուր տեղեկություններ եւ զարգացումներ այս հարցում։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտնել է, որ Կիեւը ներգրավված է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությանը։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կսահմանվեն ծառայողների կարգապահության չափանիշները եւ կարգապահական պատասխանատվության կարգավորումները։
ՆԳՆ-ն առաջիկայում կանցկացնի նաեւ նախագծերի փաթեթի հանրային քննարկմանը նվիրված միջոցառում: Շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել e-draft.am կայքում:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է.
l Ոստիկանության եւ Փրկարար ծառայության կարգապահական կանոնագրքերում հստակ սահմանել ծառայողների վարքագծի, գործողությունների վերաբերյալ ակնկալիքները,
l կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ չափանիշներ,
l կատարելագործել տույժերի եւ խրախուսանքների կիրառման համակարգը,
l սահմանել էթիկայի հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության առանձնահատկությունները,
l ծառայողական քննության անցկացման ճկուն ընթացակարգ սահմանել,
l Ոստիկանությունում եւ Փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, որոնք կկիրառեն համապատասխան խրախուսանքի եւ կարգապահական տույժի տեսակները,
l Ոստիկանության որոշ գործառույթների իրականացումը ապահովել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով։