Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին:
Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք իմ գնահատմամբ ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական:
Հայցում եմ բոլոր դատավորների ներողամտությունը, հատկապես նրանց, ովքեր իմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված ունեցել են դրական սպասումներ։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն տալու համար:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն դատավորներին, ովքեր, ունենալով բազմամյա փորձ և խորը մասնագիտական գիտելիքներ, իմ անձը հաշվի առնելով որոշել են իրենց թեկնածությունները չառաջադրել:
Հուսով եմ կայացված որոշումը խոչընդոտ չի հանդիսանա՝ ինձ ձեզանից մեկը համարելու, միասնական լինելու և մեկս մյուսին սատար կանգնելու հարցում։
Լիահույս եմ, որ առաջիկայում կայանալիք ընտրություններին կընտրենք արժանիին»։