Օպերային բալետի ազգային ակադեմիական թատրոնը շուտով նոր ղեկավար կունենա: Թեև դեռ հայտնի չեն թեկնածուների անունները, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 7-9 թեկնածու: Նրանցից մեկը, ըստ լուրերի, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է:
Հիշեցնենք, որ կառույցի նախկին ղեկավար Կամո Հովհաննիսյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Շրջանառվող լուրերի համաձայն` նրան ստիպել են դիմում գրել այն բանից հետո, երբ թատրոնի արտիստներն իրենց բողոքն էին հայտնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար:
Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում կոմիտասագետը հաստատեց տեղեկությունը այն մասին, որ ինքը թեկնածուների շարքում է:
-Փաստորեն, ցանկություն ունեք ղեկավարելո՞ւ այդ հսկա կառույցը:
-Այո՛, ես դիմել եմ:
-Դուք վստա՞հ եք, որ կկարողանաք ղեկավարել կառույցը:
– Բայց էդքան հզո՞ր է:
-Դե՛, գոնե մասշտաբներով մեծ է:
-Այո՛, մեծ է, բայց էնտեղ հզորությո՞ւն է մնացել:
-Ուզում եք այդ հզորությունը վերականգնե՞լ :
-Էդ ի՞նչը ես չեմ կարող փոխել, որ մեկ ուրիշը կարող է: Եթե ես տեսնեմ, որ չեմ կարողանում, կհրաժարվեմ ու կասեմ հաջողություն:
-Որո՞նք են թատրոնում առաջացած այն հրատապ խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
–Ամենահրատապը՝ վերականգնել ժողովրդի ու օպերայի կապը, որն այսօր չկա: Ներգրավել երիտասարդների, նրանց ճանապարհ տալ, ստեղծագործական մթնոլորտ առաջացնել: Պետք է նոր բաներ ցուցադրել, պահպանել լավը: Անհրաժեշտ է փոշիների տակից հանել մեր ազգային ժառանգության նմուշները և դրանք ցուցադրել:
-Ճանաչո՞ւմ եք ձեր մրցակիցներին, թե քանի հոգի են նրանք և ովքեր են:
-Այ չգիտեմ, լսել եմ՝ 8-9 հոգի է պայքարում:
-Ըստ Ձեզ` մշակույթի նախարարությունը ո՞ւմ նախապատվություն կտա:
-Չեմ կարող ասել, չգիտեմ:
– Մշակույթի նախարարությունը՝ որպես պետական կառույց, մնացած կառույցների նման նախընտրում է իրեն ենթարկվող, ոչ սկզբունքային, այսպես ասած, հնազանդվող անձի, որը պիտի կարողանա նաև նախարարության ենթակայության տակ պահել կառույցի աշխատակիցներին: Այս տեսանկյունից որքանո՞վ է հավանական ձեր ընտրվելու հավանականությունը:
-Ես սկզբունքային մարդ եմ: Իսկ թե որքան է իմ ընտրվելու հավանականությունը, չեմ կարող ասել:
-Ինչպե՞ս կգնահատեք թատրոնի նախկին տնօրենի գործունեությունը:
-Թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունեցել:
-Խոսքը Կամո Հովհաննիսյանի մասի՞ն է:
-Դե՛, նա տնտեսական հարցերն է լուծել, որից ես տեղյակ չեմ:
Սոնա Դավթյան