Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն էր հայտնել Շվեյցարիայի կառավարությանը: Վերջինս որոշել է բողոքարկել ՄԻԵԴ-ի որոշումն այն դեպքում, երբ նա ձկան պես լուռ մնաց Դողու Փերինչեքի հայցի բավարարման վերաբերյալ:
Armlur.am-ը խոսեց արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ այս առնչությամբ:
-Պարո՛ն Սաֆրաստյան, արդյոք Շվեյցարիայի կառավարությունը հաստատակա՞մ է տրամադրված ՄԻԵԴ-իորոշումը բողոքարկելու հարցի նկատմամբ, թե՞ Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ դիվանագիտական ժեստ է անում:
-Ես կարծում եմ, որ առաջին հերթին, ոչ միայն Շվեյցարիայի, այլև՝ այլ երկրների հայկական համայնքների բողոքն առաջացրեց ՄԻԵԴ-ի այս որոշումը: Հայկական համայնքի ղեկավարները կարողացան իրենց ձայնը հասցնել Շվեյցարիայի կառավարությանը: Մյուս կողմից՝ Շվեյցարիան բարեկամական վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ: Բացի այդ` պետք է հիշել, որ բանակցություններ են եղել: Շվեյցարիան մասնակցություն է ունեցել հայ-թուրքական բանակցություններին:
Հիշենք, որ Ցյուրիխում է ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները:
-Շվեյցարիան կարո՞ղ է աշխարհում ամենաբարձր և մեծ հեղինակություն ունեցող կառույցի որոշում բեկանել:
-Չեմ կարող ասել: Դա կարող է ասել այն մարդը, որը ծանոթ է իրավական գործընթացին:
– Արդյոք Շվեյցարիան, ՄԻԵԴ-ի որոշումը բողոքարկելով, ոչ միայն դիվանագիտական ժեստ է անում Հայաստանին, այլև սեփական խնդիրներ է լուծում և Հայոց ցեղասպանության հարցը ծառայեցնում հանուն իր երկրի շահերի` ասել է թե, մի գնդակով՝ երկու նապաստակ:
-Օրինակ, ի՞նչ շահ:
-Դե այն, որ ՄԻԵԴ-ի կայացրած դրական որոշումը բացասաբար ազդեց Շվեյցարիայի վարկանշի վրա և հիմա Շվեյցարիայի կառավարությունը փորձում է բարձրացնել իր երկրի վարկանիշը:
-Կարելի է ենթադրել, այո: Մի բան, սակայն, հաստատ է, որ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը շատ ուժեղ հարված էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին: Դրանից հետո, եթե ՄԻԵԴ-ի որոշումը գործի ու մնա, թուրքերը բոլոր նմանատիպ դեպքերում կդիմեն ՄԻԵԴ-ի այդ որոշմանը:
– Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ երբ կայացվեց ՄԻԵԴ-ի որոշումը, որով բավարարվեց Փերինչեքի հայցը, Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես չեկավ, սակայն Շվեյցարիայի կառավարության այս քայլին անմիջապես արձագանքում է:
–Դե՛, իրեն հարցրե՛ք, ինքն է որոշում՝ ինչ ասել կամ չասել: Ինձ թվում է` կարևոր է, որ Շվեյցարիայի կառավարության՝ բեկանման մասին դիմումը դրական ավարտ ունենա:
-Հայկական դիվանագիտությունն ունի՞ անելիք այս առումով:
-Դե՛, սա ավելի շատ դատական գործընթաց է, հայկական դիվանագիտությունը պետք է կրկնապատկի ջանքերը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Շատ կարևոր է հայ համայնքների միահամուռ գործելը: Օրինակ՝ Թուրքիայում ստեղծվել է մի հանձնաժողով, որը կոորդինացնում է Հայոց ցեղասպանության դեմ արվող աշխատանքները: Մենք նման հանձնախմբի կարիք ունենք:
Սոնա Դավթյան