ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՉԱՑՆՈՂ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմիցս է գրել, որ իշխանության կողմից վստահություն ունեցող եւ հովանավորյալ «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերությունը խնդիրների առաջ է կանգնել թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական։

 

ArmLur.am-ը նաեւ գրել էր, որ ավիաընկերության լուծարումը հեռու չէ։ Եվ այսպես, 2024 թվականի առաջին ամսին հենց ավարվեց «Ֆլայ Արնա» ավիաընկերության գործունեությունը, եւ դադարեցվեցին թռիչքները։ Մինչ թռիչքների դադարեցումը հայկական ավիաընկերությունը, որը հայ-արաբական համագործակցության արդյունքում է ստեղծվել, չվերթեր էր իրականացնում դեպի  Իրան եւ Ռուսաստան: Վերջին անգամ ընկերությունը հունվարի 16-ին է թռիչք իրականացրել, այն է՝ Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ, ANIF – Armenian National Interests Fund), որի նախագահ Անի Իսպիրյանին՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարարին ձերբակալեցին չարաշահումների կասկածով, շատ սերտ կապված է «Ֆլայ Արնա»-ի հետ։ Բանն այն է, որ  ԱՆԻՖ-ի այն ժամանակվա գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ու արաբական «Air Arabia» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալինի միջեւ է կնքվել ավիաընկերություն հիմնելու համաձայնագիրը։ ԱՆԻՖ-ը գործում է ՀՀ կառավարության ներքո, իսկ Կառավարությունն իր հերթին այս ծրագրի իրականացման համար ներդրել է 4,5 միլիարդ դրամ։ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանալով ավիաընկերության անհանդուրժող, անպատասխանատու պահվածքի եւ ուղեւորներին, այսպես ասած, «քցել-թռնելու» մասին (այսինքն՝ տոմսերը գնել են, չվերթը չի կայացել, գումարը չի վերադարձվել), որոշել է պատժել եւ հրամայել է լուծարել պետությանը միայն վնաս տվող եւ հեղինակություն փչացնող ավիափոխադրողին։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի հրամանով մեծ քննարկում է եղել, եւ ստուգայցեր են կատարվել «Ֆլայ Արնա»-ի գլխավոր գրասենյակ։ Արձանագրվել է, որ գրասենյակի ամբողջ գույքը, անգամ՝ համակարգիչները, գնվել են ՀՀ կառավարության փոխանցած գումարներով։ Ստացվում է, որ «Ֆլայ Արնա»-ն եւ նրան հովանավորող  ԱՆԻՖ-ը եւ «Air Arabia» ավիաընկերությունը ոչ մի ծախս չեն կատարել ընկերության համար, գրասենյակը գոյատեւել է միայն կառավարության գումարներով։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ կոռուպցիոն շրջանակ փորձել է ավելի վաղ թաքցնել, քան այն կբացահայտվեր։ Կասկածելի է նաեւ ԱՆԻՖ-ի՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մասնակցությունը եւ փոխկապակցվածությունը կոռուպցիոն գործերի հետ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել են «Air Arabia» ավիաընկերությունում աշխատանքը շարունակելու։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 26-ին ընդունել է Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիորգի? Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցի շրջանակում:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական սերտ համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ ընդգծել, որ կրթության, գիտության եւ երիտասարդական քաղաքականության բնագավառներում առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարեւորել է նաեւ ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոնի բացումը, որը, նախարարի գնահատմամբ, էապես կնպաստի Հայաստանում վրացերենի տարածմանը եւ զարգացմանը: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությունը:

Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է՝ նախարարությունների մակարդակով սերտ համագործակցությունը, անկասկած, նպաստելու է երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը: Վրաստանի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը կրթության, գիտության եւ երիտասարդության քաղաքականության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու եւ արդյունավետ համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարության կողմից ներկայացված դասագրքերի պահանջարկի հայտը ՀՀ-ի կողմից ամբողջությամբ կբավարարվի՝ Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրելով 27 հազար 470 դասագիրք եւ ուսումնական նյութ: Կողմերը կարեւորել են նաեւ համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման եւ հավաստագրման գործընթացի շրջանակում:

Անդրադառնալով Հայաստանի հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարեւորությունը: Տարածաշրջանային լեզուների ներդրման շրջանակում ՀՀ 4 դպրոցում իրականացվում է վրացերենի ուսուցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

 

 

ՀԱՄԱԶԳԵՍՏ ՉՈՒՆԵՆ

Տավուշի մարզի Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների անտառներում մեծ թիվ են կազմում ապօրինի հատումները։ Վերջերս անտառապահներին կոչել են անտառային պարեկներ, սակայն անտառում նրանց տեղաշարժվելու համար ո՛չ ձի են տվել, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ համազգեստ, ո՛չ էլ զենք։ Անտառային պարեկների աշխատավարձը փոքր է, անտառային պարեկների մեծամասնությունը, համապատասխան կրթություն չունենալով, չի կարող ապօրինի անտառhատումների վերաբերյալ արձանագրություններ կազմել։ Անտառային պարեկները ենթարկվում են տվյալ անտառտնտեսության տնօրենի պահպանության գծով տեղակալին։ Անտառային պարեկների ինստիտուտի ներմուծումը կոչված էր բարելավելու անտառների պահպանությունը, սակայն Իջեւան եւ Բերդ համայնքներում դա դրական արդյունք չի տվել։

 

 

 

ԳԱՐՇԱՀՈՏԸ ՉԻ ՎԵՐԱՑՎԵԼ

Իջեւանի  համայնքի  Լուսաձոր գյուղի կողքով՝ միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները զգում են ծանր հոտ, որը Լուսաձորի  անասնապահական ֆերմայի եւ նույն տարածքում առկա պանրագործարանի գործունեության հետեւանք է։ Այդ   գարշահոտի  վերաբերյալ   12 տարի շարունակ  բազմաթիվ բողոքներ ենք ստացել Տավուշի մարզի բնակիչներից, բազմիցս բարձրացրել ենք  այդ խնդիրը, սակայն հարցը չի լուծվում: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի ֆերման ստեղծվել է 2012 թվականին՝ Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոն համագործակցության շրջանակներում: 2016թ.-ի ամռանը  Լուսաձորում  ոչնչացրել, հորել են Լուսաձորի պանրագործարանում արտադրված 3.5 տոննա պանիրը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե Տավուշի մարզպետարարանն ինչ միջոցներ է ձեռնարկել այդ գարշահոտությունը վերացնելու համար: Մարզպետը ոչ այնքան գրագետ շարադրանքով պատասխանել է. ««ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնաֆերմայի եւ պանրագործարանի գործունեության հետեւանքով առաջացած գարշահոտությունը կանխելու  հարցին տեղեկացնում եմ, որ հիմնադրամը որեւէ ենթակայություն չունի մարզպետի աշխատակազմի, եւ այն հանդիսանում է մասնավոր ընկերություն, սակայն մեր կողմից բազմաթիվ այցելությունների  ժամանակ եղել են խստագույն ցուցումներ, որպեսզի ընկերությունը կիրառի համապատասխան միջոցներ գարշահոտությունը չեզոքացնելու համար»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս