ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔԱՈՍ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են ներկայացնում։

Մի փոքր հետ գնանք եւ վերհիշենք, թե ինչ կատարվեց նախորդ տարեվերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ ԿԿՀ անդամ Նարինե Ավետիսյանը ինքնաառաջադրվելուց հետո չընտրվեցին եւ հետո լքեցին ԿԿ հանձնաժողովը։

Այժմ գրեթե 3 ամիս այս հանձնաժողովը մնացել է առանց նախագահի եւ անդամների ամբողջական կազմի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետը՝ Կարեն Հակոբյանը, այս տարվա մարտի սկզբին լքեց իր պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա պես շատերն են ուզում լքել հանձնաժողովը՝ դժգոհելով եւ՛ հաստիքների համար քիչ վարձատրվելուց, եւ՛ բարդ ու մտավոր ծանր աշխատանքի անպտղությունից։

Տեղեկացանք նաեւ, որ հանձնաժողովում բարդ աշխատանքների հետ մեկտեղ  նախագիծ չի առաջարկվում հաստիքացանկն ավելացնելու համար, նաեւ աշխատանքի վարձատրությունները կատարած աշխատանքի դիմաց շատ ահամաչափ քիչ են։

Ստացվում է, որ իշխանությունները ԿԿՀ նախագահի եւ անդամի ընտրությունները որոշ ժամանակով սառեցրել են, որ գտնեն իրենց «սրտի» ԿԿՀ նախագահին, որպեսզի քաղաքական վրեժ լուծեն ընդդիմախոսներից, եւ հանձնաժողովը աչք փակի կոռուպցիոներ ՔՊ-ականների հարստացման վրա։ Փաստը ցույց է տալիս, որ ՔՊ-ում չունեն իրենց նախընտրելի մարդուն, որը հեշտությամբ կկոծկի իրենց իսկ կոռուպցիոն քայլերը։

 

 

 

 

Վերաբրենդավորված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որը 2023 նոյեմբերի 17-ից վերանվանվել է «Ամիօ բանկ», սնանկության դատարանի միջոցով հարկադիր սնանկացման է  տանում ընկերությունների եւ քաղաքացիների: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ» բանկը արդեն երեք անձի մասով դիմում է ներկայացրել սնանկության դատարան: Մասնավորապես, հարկադիր սնանկացման  է տանում  Անդրանիկ Ղազարյանին, Սուսաննա Դավթյանին, «Կուրուս» ՍՊԸ-ին: Ինչով կավարտվեն նոր՝ անվանափոխված բանկի հայցերը, հայտնի չէ. մենք կհետեւենք զարգացումներին:

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է: Բանն այն է, որ երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են եղել, նրան ասվել է, որ իր մանդատը ժամանակավոր բնույթ է կրելու, եւ որոշ ժամանակ անց նրան կդարձնեն դեսպան։ Տեւական ժամանակ է՝ Արսենյանի ագրեմանը ուղարկել էին Ռուսաստանի Դաշնություն, սակայն այն չի հաստատվել, եւ գործարար պատգամավորի՝ դեսպան դառնալու պլանները ձախողվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա երկրում չէ, տեւական ժամանակ է՝ լքել է Հայաստանը։ Երեկ «Հրապարակ»-ը գրեց, որ Գուրգեն Արսենյանը դուրս է եկել ՔՊ խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պատգամավորի հետ, որն ասաց, որ երկրում չի եւ տարածված լուրերը համարեց դեզինֆորմացիա։ Նա կտրուկ հերքեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու տեղեկությունը, բայց «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արսենյանը, այնուամենայնիվ, կհեռանա ՔՊ-ից, եւ հեռացումը խորը արմատներ ունի, որին կանդրադառնանք առաջիկայում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է ԲԴԽ-ին, որ մտնում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննչական գործողությունների։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրազեկելուց հետո մտել են դատարան, քննչական գործողություններ են կատարել։ Ավելին՝ ըստ լուրերի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին եւս օգնականի մասով մի քանի հարցեր են տվել։ Հիշեցնենք, որ  ՀՀ քննչական կոմիտեն  հաստատել էր ArmLur.am-ի տեղեկությունները, որ իրավապահները կալանավորել են Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականին։ Ըստ կոմիտեի՝ անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ։ Նշենք, որ դատավոր Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։

 




Լրահոս