ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը սատարում է ՌԴ-ի դեմ ուղված սանկցիաներին. «Միր» քարտը չի գործի Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական կողմը Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ մարտի 30-ից բանկերը կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը: Այս մասին մարտի 19-ին հայտնեց ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Միր»-ի պաշտոնական հաղորդագրությունը։

ArmLur.am-ը փորձեց հասկանալ պատճառները և կապ հաստատեց Հայաստանի բանկերի միության ներկայացուցչի հետ: Հասարակության հետ կապերի վարչությունից, ի պատասխան մեր հարցման, տեղեկացրին.

«Պայմանավորված ԱՄՆ Oտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (Office of Foreign Assets Control (OFAC)) կողմից սահմանված պատժամիջոցներով՝ «Միր» վճարային համակարգն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում։ Այս հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ առևտրային բանկերը, հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը, ինչպես նաև կարևորելով միջազգային գործառնություններում ներգրավվածության շարունակականությունը՝ որոշում են կայացրել դադարեցնել «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը»:

Ինչ վերաբերում է «Միր» վճարային համակարգից օգտվող ՌԴ քաղաքացիների համար ՀՀ առևտրային բանկերում արտոնյալ պայմանների ստեղծմանը, ապա ՀԲՄ-ից տեղեկացրին, որ ՀՀ առևտրային բանկերն իրենց հաճախորդներին պատշաճ կերպով ծանուցել են կայացված որոշման վերաբերյալ առ այն, որ դադարեցնում են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը։

Ըստ այդմ, քաղաքացիներն իրենք են որոշում կայացնելու, թե ինչպես են տնօրինելու իրենց դրամական միջոցները։

Նշենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկը, լինելով ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ, շարունակելու է համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ և «Միր» քարտերի լիարժեք սպասարկումը։

ArmLur.am-ը փորձեց Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներից տեղեկանալ, թե սա ինչ անհարմարություն կպատճառի նրանց և ինչպես են պատրաստվում օգտագործել ռուսական միռ քարտերը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս