Հայ ծանրորդները կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ը։
Մրցավայր կուղևորվեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):
Մրցաշարը կկայանա մարտի 31-ից ապրիլի 11-ը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը, ով մրցահարթակ դուրս կգա ապրիլի 6-ին։
Դա կլինի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարը ծանրամարտում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Փարիզ-2024-ի մասնակից ծանրորդների անունները կհրապարակի մայիսի վերջին: Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: