“Հայաստան համահայկական հիմնադրամի” հասարակայնության հետ կապերի բաժնից armlur.am -ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը` “Հայաստան” համահայկական հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: Շուրջ 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից ադ օրերին 12 ժամ շարունակ Ֆրանսիայի 5 քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա և Թուլուզ, կզանգահարի ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը: Համաեվրոպական հեռախոսամարաթոնին իրենց երկրներից մասնակցում են նաև Հոլանդիայիև Հունաստանի հայ համայնքները:Հեռախոսամարաթոնի հանգանակություններն այս տարի կուղղվեն Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի Տավուշի մարզում շուրջ մեկ տասնյակ գյուղերում ջրի խնդրի լուծմանը:Հիշեցնենք, որ նախորդ տարվա համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հանգանակված շուրջ 1. 400. 000 եվրոն ուղղվել է ԼՂ-ի Հադրութի շրջանի Հարթաշեն, Տող, Ակնաղբյուր, Ուխտաձոր գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցմանն ու վերակառուցմանը և Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում դպրոցի կառուցմանը: “Հեռախոսամարաթոն -2011”-ի կնքահայրը Ֆրանսիայում մեծ ժողովրդականություն վայելող հաղորդավար Միշել Դրյուկերն է:Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքով` հեռախոսամարաթոնը վաղուց ընդլայնել է իր ազգային սահմանները, և այսօր Հայաստանին ու Արցախին սատարելու նպատակով հեռախոսամարաթոնին նաեւ մեծ թվով այլազգի կամավորներ են մասնակցում:Միայն Թուլուզում այս տարի զանգեր կատարողների 90 տոկոսը այլ ազգերի ներկայացուցիչներ են: Հիշարժան է, որ 2000թ., երբ Ֆրանսիայի տեղական մարմինն առաջին անգամ հանդես եկավ դրամահավաք հեռախոսամարաթոն կազմակերպելու կարևորագույն նախաձեռնությամբ, մասնակից կամավորների թիվն ընդամենը 70-ն էր, և զանգեր կատարվեցին միայն Փարիզում գործող հեռախոսակայանից: Հեռախոսամարաթոնի գլխավոր հովանավորն ու գործընկերն այս տարի ևս “Ֆրանս Տելեկոմ Օրանժն” է :Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հեռախոսամարաթոն կազմակերպում է` սկսած 2000թ.:4 օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ եւ այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին և կոչ անում մասնակցել Հայաստանի և Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին:Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում 2907 խոստման արդյունքում հավաքագրվել էր 216. 500 եվրոյին համարժեք ֆրանկ:Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411.285 զանգ և 20. 800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9. 938. 000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:
Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ