«Եթե չլիներ շախմատը, այլ ճակատագիր կունենայի…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Շախմատային Հայաստանի» թղթակցին դիմավորեց հարցկոչով. ՙԴու շախմատ խաղո՞ւմ ես: Աղջիկը պարտադիր պետք է շախմատ խաղա՚: Իսկ ճանապարհեց խորհրդով` ՙՀանկարծ շախմատից չհասկացող տղայի հետ չամուսնանաս՚: Էդվարդ Միլիտոնյանը շախմատի մեծագույն սիրահար է, ով ոչ միայն խաղում է եւ մանրակրկիտ հետեւում հինավուրց խաղի իրադարձություններին, այլեւ անդրադառնում է շախմատին իր երկերում: Ըստ նրա` իր ամբողջ կյանքը լրիվ այլ կերպ կդասավորվեր, եթե չլիներ շախմատը

Պարո՛ն Միլիտոնյան, ինչպե՞ս տարվեցիք շախմատով

– Ես մոտ յոթ տարեկան էի, երբ ինձ հետաքրքրեց ձիու թռիչքը խաղաքարերի վրայով: Եվ այդպես ձիու քայլով սկսեցի ուսումնասիրել շախմատը: Հետո եկավ լեգենդար 1963 թվականը, երբ Տիգրան Պետրոսյանի հաղթարշավը ոգեշնչեց ամբողջ ժողովրդին շախմատ խաղալ: Պատանի տարիքում գնացել եմ շախմատի պարապմունքների պիոներպալատում, մարզվել եմ Էդուարդ Մնացականյանի եւ Ադոլֆ Դեմիրխանյանի խմբակներում, պարապել եմ Ռաֆայել Վահանյանի, Արշակ Պետրոսյանի հետ միասին: Այսօր ավելի քիչ եմ խաղում, ավելի շատ հետեւում եմ պարտիաներին եւ մրցաշարերին:

Ես հայկական շախմատային աշխարհը շատ լավ եմ ճանաչում: Օրինակ` Արոնյանին դեռ փոքր հասակից մոտիկից գիտեմ: Երբ 1996 թվականին Երեւանում անցկացվեց համաշխարհային օլիմպիադան, որի կազմկոմիտեի անդամ էի նաեւ ես, մի փոքր ֆիլմ նկարահանեցի մեր այն ժամանակվա հավաքականի մասին:

Բացի շախմատով ուղղակի հետաքրքրվելը եւ այն ներշնչանք դարձնելը, ես ձգտում եմ նաեւ հայկական շախմատին օգտակար լինել: Ինչ աշխատանք էլ ունենամ` հրատարակչական աշխարհում, հեռուստատեսությունում թե այլուր, ես միշտ աջակցում եմ շախմատային նախագծերին:

Պատանի տարիքում շախմատ եք պարապել, մասնակցել պատանեկան մրցաշարերի: Ինչպե՞ս ստացվեց, որ շախմատիստ չդարձաք:

– Ես պատանի հասակից արդեն տպագրվում էի: Երբ 15 տարեկան էի, առաջին անգամ բանաստեղծություններս հրապարակվեցին հռչակավոր ՙԳարուն՚ ամսագրում: Դպրոցն ավարտելու ժամանակ ես հստակ գիտեի, որ իմ նպատակն է գրականությունը, իսկ շախմատը կմնա որպես սեր եւ հոբբի:

Ինչպե՞ս եք անդրադարձել շախմատին Ձեր ստեղծագործությունում:

– Ես ունեմ գրվածքներ, որոնք հենց շախմատին են վերաբերվում եւ ունեմ կենսագրական բնույթի գրառումներ, որտեղ խոսում եմ շախմատի հանդեպ իմ սիրո մասին: Ես գրել եմ մի վեպ` ՙՎահագն Վիշապաքաղի արկածները՚ վերնագրով: Վեպում Վահագն աստվածը հայտնվում է 20-րդ դարում եւ Մոսկվայում շախմատային պարտիա է խաղում Գարրի Կասպարովի հետ: Կասպարովը սեւերով կիրառում է սիցիլիական պաշտպանության վիշապի տարբերակը, եւ վիշապը զարմանում է, որ շախմատում էլ վիշապ կա: Ի դեպ, մի առիթով Կասպարովին հանդիպելիս, այդ գրքի ռուսերեն տարբերակը նվիրել եմ նրան: Ես նաեւ մի պիես եմ գրել` «Ձիու քայլը», որի դեպքերը զարգանում են Կարպով-Կասպարով մրցախաղի պարտիաներից մեկի քայլերին զուգընթաց:

Աշխարհի շատ մեծ գրողներ անդրադարձել են շախմատին իրենց գրվածքներում: Օրինակ, Ստեֆան Ցվայգն ունի ՙՇախմատային նովելներ՚ անունով շարք, իսկ Նաբոկովը կազմել է շախմատային խնդիրների եւ բանաստեղծությունների մեկ համատեղ գիրք, որն իր տեսակով առաջինն է աշխարհում: Երկրորդ նման գործը, հավանաբար, իմն է` ՙՊատմության շախմատ, շախմատի պատմություն՚ գիրքը, որտեղ ընդգրկվել են շախմատային թեմայով իմ բանաստեղծությունները, պատմվածքները, պիեսը եւ իմ ստեղծած խնդիրներն ու էտյուդները: Գրքի առաջաբանը գրել է Ռաֆայել Վահանյանը, ում ես շատ եմ սիրում, եւ ինձ համար նա հոգով հարուստ հայ մարդու լավագույն տիպարներից է:

Շախմատի հետ կապված ի՞նչ հետաքրքիր դեպք կարող եք հիշել:

– Երբ ես Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ էի, Երեւան էր ժամանել աշխարհի նախկին չեմպիոն, այն ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահ Մաքս Էյվեն: Նա մեր հավաքականի հետ միաժամանակյա խաղաշար անցկացրեց: Ինձ` որպես գրողի, հետաքրքրում էր նրա հոգեբանական վիճակը, եւ ես սեւեռուն նայում էի նրա դեմքին: Նա զգաց դա եւ ժեստերով հասկացրեց, որ այդպես ուշադիր չնայեմ իր վրա: Իսկ մեր պարտիան ոչ-ոքիով ավարտվեց: Շատ հիշարժան էր ինձ համար, քանի որ ամեն օր չէ, որ աշխարհի չեմպիոնի հետ ես խաղում, թեկուզեւ ոչ դեմ դիմաց, այլ միաժամանակյա խաղաշարի շրջանակներում:

Տիգրան Պետրոսյանին հանդիպե՞լ եք:

– Այո, շատ եմ տեսել նրան: 1963 թվականին, 1966-ին, նաեւ 1970-ականներին, երբ  Պետրոսյանը Ֆիշերի հետ Արգենտինայում մենամարտելուց հետո եկել էր Երեւան, եւ շախմատի տանը հանդիպում էր կազմակերպվել իր հետ: Իմ մեծ եղբայրը Տիգրան Պետրոսյանի հետ հանգստացել է Ղրիմում եւ հիացած պատմում էր, որ Պետրոսյանը հրաշալի կերպով գիտեր մշակույթ` տեղյակ էր ամենատարբեր գրքերից, ֆիլմերից:

Պարոն Միլիտոնյան, գրողների միությունում շախմատ խաղո՞ւմ են:

– Այո’, շախմատասերները քիչ չեն: Հենց մի քանի օր առաջ կազմակերպեցինք միությունում մեր շախմատի առաջնությունը: Այժմ պատրաստվում ենք շախմատային առաջնություն անցկացնել ստեղծագործական միությունների միջեւ:

Ասեմ, որ ես կարողանում եմ տարբերել այն գրողներին, ովքեր խաղում են շախմատ, նրանցից, ովքեր շախմատից գաղափար անգամ չունեն: Գրողներ կան, որոնց գրվածքները խաղային մոդելների պես են, այդ գործերում կա ջինջ, բյուրեղացված մտածողություն:  Կին գրողներն են, որ հազվադեպ են շախմատ խաղում: Մենք մի կին թարգմանչուհի ունենք` Աննա Հակոբյանը, ով շատ լավ շախմատիստուհի է (Աննան ժամանակին աշխատել է ՙՇախմատահին Հայաստանի՚ խմբագրությունում.- ծանոթ. խմբ.): Երբ ես ՙԾիծեռնակ՚ ամսագրի խմբագիրն էի, մեզ մոտ հաճախ էին գալիս Աննա Հակոբյանը, Գագիկ Հակոբյանը, եւ մենք խմբագրությունում շախմատ էինք խաղում:

Իսկ շախմատ խաղալը չէ՞ր խանգարում խմբագրական աշխատանքներին:

– Բնա’վ: Շախմատը չի կարող խանգարել, շախմատը միայն օգնում է: Իմ խորին համոզմամբ, շախմատ խաղացողը չի կարող վատ մարդ, ծույլ լինել: Նաեւ շախմատը դեպրեսիայից դուրս գալու ամենալավ միջոցներից է: Ես մոտ 17 տարեկան կլինեի, երբ մեր համալսարանական ընկերներից մեկը ինքնասպան եղավ: Ինձ վրա այդ դեպքը շատ էր ազդել, ես երկու ամիս հուսահատ վիճակի մեջ էի: Բայց սկսեցի շախմատի տուն գնալ, ժամերով շախմատ խաղալ եւ զգացի, որ իմ ապրումները քիչ-քիչ վերանում են: Շախմատը քեզ ներքաշում է իր օրենքների մեջ եւ չի թողնում, որ վատ, կպչուն գաղափարները տեղ գտնեն քո ուղեղում: Շախմատն իրականում շատ խորը բուժական հատկություններ ունի:

Շախմատը սովորեցնում է հաղթանակներին եւ պարտություններին փիլիսոփայորեն նայել: Ես սիրում եմ Արոնյանի վերաբերմունքն իր պարտությունների նկատմամբ, թեեւ ընդունում եմ նաեւ, որ երբ մարդը պարտությունից հետո զայրանում է, ավելի արագ կարող է հասնել հաջողությունների: Եթե մարդ իր մեջ որոշում է կայացնում, որ կարեւոր չէ` չեմպիոն կդառնա նա, թե ոչ, ապա ինքն իրեն պասիվացնում է: Օրինակ` Կարլսենը մինչեւ վերջ խաղարկում է բոլոր պարտիաները, ամենավատ դիրքից հաղթանակած է դուրս գալիս, քանի որ չեմպիոնի մտածելակերպ ունի: Իմ կարծիքով, ժամանակին Կարպովը Վահանյանից ցածր էր շախմատային տաղանդով, բայց ուներ սեւեռվելու կարողություն, մարզչական ուժեղ թիմ, իսկ Ռաֆիկի մոտ լրիվ այլ պատկեր էր, նա մարզիչ չուներ, սիստեմատիկ չէր պարապում: Շախմատը որոշակի մտածելակերպ է պահանջում:

Ի՞նչ կփոխվեր Ձեր կյանքում, եթե շախմատը չլիներ:

– Շատ բան կփոխվեր, համոզված եմ, որ ամբողջ կյանքս այլ կերպ կդասավորվեր:

Շախմատն առաջին հերթին օգնել է կազմակերպել իմ միտքը: Մարդու միտքը  սիրում է անվերջ շարժվել, տարբեր տեղեր գնալ, իսկ շախմատը համակարգում է այն, օգնում է զատել կարեւորն անկարեւորից, մտածել դիմացինի փոխարեն, սուղ ժամանակում արագ կողմնորոշվել: Ստեղծագործական հարցերում էլ է շախմատը օգնում. բանաստեղծությունը պետք է պարտիայի պես ամբողջական լինի, արձակը պետք է ունենա իր ճշգրիտ կառուցվածքը, իր կոմբինացիան, եւ ցանկացած գրվածք շախմատային պարտիայի պես պետք է գնա դեպի իր նպատակը: Ցանկացած ստեղծագործության մեջ պետք է խաղ լինի, այլապես այն հաջողություն չի ունենա: Գրականությունն ինքը խաղ է` խաղ թղթի, գրչի, երեւակայության հետ:

Ես շախմատի շնորհիվ ձեռք եմ բերել նաեւ շատ լավ ընկերներ, որոնց հետ մինչեւ այսօր կապ եմ պահպանում: Շախմատի շնորհիվ եմ ընդունվել համալսարան` 1969 թվականին անցկացվում էր ԽՍՀՄ սպարտակիադան, եւ դրա մասնակիցներին հնարավորություն էր տրվում բավարար գնահատականներով ընդունվել բուհեր: Բանասիրական ֆակուլտետ ընդունվելու համար ինձ պետք էր գնահատականներից երկու 5 եւ երկու 4, ես ավելի ցածր էի ստացել, բայց շախմատի հավաքականի անդամ լինելու շնորհիվ ընդունվեցի բուհ: Այնպես որ այսօր ես կարող եմ ասել, որ եթե շախմատը չլիներ, ես ուրիշ մարդ կլինեի` ուրիշ ճակատագրով…

Աղբյուրը՝ armchess.am




Լրահոս