Գարնանային սրացումներ կամ մեր ժամանակի պետրոսգետադարձները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զորիությունը», կամ դրա ռուսական տարբերակը՝ «ժիրիկությունը» (ծագումը՝ «Ժիրինովսկի» ազգանունից), պարզվում է, վարակիչ է, այն էլ՝ օդային ճանապարհով, և բավականին արագ տեմպերով է տարածվում։ Ընդ որում, ի տարբերություն սովորական հիվանդությունների, վիրուսի այս տեսակը այն ընդունողներին, կարծես թե, որոշ չափով ձեռնտու էլ է։ Օրինակ՝ մարդկանց հիշողությունից ջնջված և երիտհանրապետականների ասած՝ անցյալում մնացած որոշ գործիչներ այս վիրուսի արդյունքում նորից «ծիկ» են անում և փորձում հիշեցնել իրենց գոյության մասին։

Ով ասես չխոսեց Ռուսաստանի, Ղրիմի ու Ղարաբաղի մասին, նույնիսկ Գյումրիի նախկին քաղաքապետը, որի անունը ասոցացնում էինք միայն ՀՀԿ-ի ու կրիմինալի հետ։ Իսկ հիմա արդեն կարող ենք ասոցացնել նաև Ղրիմի ու Ղարաբաղի հետ։

Բայց Վարդան Ղուկասյանի կարծիքը ամենամեղմերից մեկն էր. Գոնե նա, ի տարբերություն մյուսների, Ղարաբաղն ու Հայաստանը չնվիրեց ռուսներին։ Իսկ ահա գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցն ու քաղաքագետների միության նախագահ, համատեղության կարգով նաև՝ «Գրիբոեդով» ակումբի անդամ Հմայակ Հովհաննիսյանն ավելի առատաձեռն գտնվեցին և գրեթե բառացիորեն ասացին՝ համեցե՛ք, տարե՛ք, ձերը լինի, անո՛ւշ լինի։

Իհարկե, այնպես չի, որ նրանց ասածով ռուսները կհամենան, բայց միանշանակ ռուսներն էլ դեմ չեն, ավելին՝ բավականին էլ գրգռված ախորժակ ունեն։ Օրինակ՝ «ժիրիկացավը» ավելի սրացված կերպով արտահայտվեց առանց այն էլ հոգեկան հավասարակշռությամբ աչքի չընկնող ռուս գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական և կրոնա-ինկվիզիտորական հայացքներով հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի մոտ, ով, ի դեպ, նույն՝ «Գրիբոյեդով» ակումբի անդամ է, ինչ Հմայակ Հովհաննիսյանը։ Հիմա մոտավորապես արդեն պարզ է դառնում, թե ինչ թեմաներ են քննարկվում «Գրիբոյեդով» ակումբի հավաքների ժամանակ։

Ահա թե ինչ է ասել Դուգինը 1in.am կայքին տված իր հարցազրույցում. «ՌԴն կլինի բարեկամ Հայաստանի համար, եթե Հայաստանը լինի ՌԴ բարեկամը: Այդ պարագայում մեր զորքերը կմնան ԼՂում, մեր ռազմաբազաները՝ ևս, ամեն ինչ կլինի լավ ու բարեկամականՌուսաստանում ավելի քիչ, բայց ձեռնտու կլինի չեզոք Հայաստանը, Հայաստան, որը կգործի ՀՀ շահերին համաձայն, որը կդնի պահանջներ, բայց տրամաբանության սահմաններում: Եթե Հայաստանը սկանդալներ սարքի, պահանջի արտոնություններ, ՌԴն կկոռեկտացնի այդ պահանջներն ու «կապրիզները» որոշակի քայլերով` ուղղված այլ երկրների: Եթե ՀՀ իշխանության գլխին գան պրոարևմտյան ուժեր և տեղի ունենա հայկական գունավոր հեղափոխություն, ուրեմն Հայաստանը գոյություն չի ունենա, որովհետև այն հետսովետական երկրները, ովքեր չեն կարողանում համաձայնության գալ ՌԴ հետ, այդ երկրները տապալվում են: Հայաստանը սուվերեն պետություն չէ միջազգային հարաբերությունների տեսության առումով, կախյալ պետություն է, ուստի պետք է ընտրի՝ ումից կախված լինել ավելի մեծ չափով, եթե ավելի շատ է կախվածությունը ՌԴից, ապա ամեն ինչ լավ է, եթե փորձում է խաղալ հակադրությունների վրա, ապա դա վտանգավոր է, եթե ՀՀն դառնա պրոամերիկյան, ապա Հայաստանն իր ներկայիս սահմաններով գոյություն ունենալ չի կարող, Ղարաբաղին էլ կարող են հաջողություն ասել, հավաքել իրերն ու գնալ»:

Եվ ինչպես ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն է ասում, նման կարծիքները զուտ անհատների կարծիքներ են, սակայն նաև կասկածում է, որ կարող է դա կազմակերպված դիվերսիա լինել, այնպես էլ ռուսական կողմը շատ հանգիստ կարող է ասել, թե սրանք Ժիրինովսկու և Դուգինի անձնական կարծիքներն են միայն, մենք էլ մեր կողմից կարող ենք եզրակացնել, որ Դուգինի մոտ գարնանային սրացումներ են: Բայց, միևնույն է, տարօրինակ է, այսքան հաճախ և իրար հետևից այսպիսի զուգատիպություննե՞ր… Դուգինը բավականին նվաստացուցիչ կերպով է խոսում Հայաստանի և հայերի մասին, ուլտիմատումների և սպառնալիքի լեզվով, և քիչ հավանական է, որ նա իր մտքի զեղումները նախապես որևէ մեկի հետ չի համաձայնեցրել։

Ինչ-որ կազմակերպված երևույթի հոտ է գալիս այս ամենից, ընդ որում, կազմակերպված տարբեր մակարդակներում՝ քաղաքական գործիչներից սկսած, մինչև սովորական ֆեյսբուքյան օգտատերեր։ Եթե ուշադիր հետևում ենք այս թեմայով ֆեյսբուքյան քննարկումներին, կարելի է նկատել, որ վերջին օրերին սոցցանցում հայտնվել կամ ակտիվացել են տարբեր օգտատերեր, որոնք մոլագարությամբ պաշտպանում են Ղարաբաղը և Հայաստանը ռուսաստանին նվիրելու գաղափարը, սուր բանավեճերի մեջ մտնում այդ գաղափարին ընդդիմացողների հետ և մեծարում այդ գաղափարը տարածողներին։ Իսկ որ արդեն բանավեճեր են առաջանում, նշանակում է՝ աշխատանք է տարվում։

Ինչևէ, թե՛ վիրուսի և թե՛ սրացումների պարագայում այս երևույթը կարող է շարունական լինել և տարածվել։ Սակայն պատմությունից պետք է հիշել, որ 10-րդ դարում, երբ կորցրեցինք Բագրատունյաց թագավորությունը, նմանատիպ մի սրացում էր դավաճան և սրբապիղծ կաթողիկոս Պետրոս Գետադարաձի և իշխան Վեստ Սարգսի մոտ, ովքեր Հայոց թագավորությունը նվիրեցին Բյուզանդիային՝ նախապես այդ վարակը տարածելով իշխանական շրջանակներում։

Այսօր էլ այդ վարակով տառապողները պետք է նկատի ունենան, որ ամեն դեպքում հայրենիքը ծախել փորձելով միավորներ չեն վաստակի և կորցրած համբավը չեն վերականգնի, այլ ընդամենը կդառնան մեր ժամանակի Պետրոս Գետադարձներ։

Կարեն Վարդանյան




Լրահոս