Գլխավոր դատախազության 2023 թվականի հաշվետվությունից տեղեկացանք, որ քրեական վարույթներից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մ.Դ.-ն, ունենալով դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա, Երևան քաղաքում գործող երկու դեղատներում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել է զգալի չափերով՝ 1,8 գրամ քաշով Պրեգաբալին տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 12 դեղահաբ, որոնք ապօրինի վաճառել է Վ.Գ.-ին ու Մ.Շ.-ին: Մեկ այլ քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ն.Ա.-ն, ունենալով դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա, Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գործող դեղատանը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 6,9 գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ PGN 300 գրառմամբ 23 դեղահաբ:
Վերոնշյալ քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ի և Մ.Դ.- ի գործունեությունը քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում: Դատախազը 2023 թվականի օգոստոսի 25- ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Մ.Դ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Գլխավոր դատախազի տեղակալը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագրեր է ներկայացրել Առողջապահության նախարարություն՝ վերոնշյալ դեղատների գործունեության կասեցման հարցը քննարկելու նպատակով: 2023 թվականի նոյեմբերի 15- ին ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի որոշմամբ՝ կասեցվել են Ն.Ա.-ին և Մ.Դ.-ին տրված լիցենզիաների գործողությունները։
Քնար Մանուկյան