ՀԴԿ-ն չի միանա, քանի որ չի վստահում քառյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե նույնիսկ այս պահին կառավարությանը անվստահություն հայտնվի, նախագահը նորից  ձևավորելու է նույն  կառավարությունը»,-այսօր Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ ՀԴԿ-ն  չի միանա չորս ընդդիմադիր կուսակցություններին, որոնք պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը և պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Սարգսյանը չի վստահում այդ ուժերին և համակարգային փոփոխությանն է կողմնակից:

«Այն համակարգը, որը մենք ենք պատկերացնում, դժվար թե, համընկնի այդ չորսնյակի հետ, որովհետև նրանց մեծամասնությունն արդեն իշխանությունում եղել է, և մենք նրանց քաղաքական պտուղները շատ լավ տեսել ենք: Չի կարող մեծահարուստը ցանկանալ այնպիսի համակարգ ձևավորել, որը ձեռնտու է բացարձակ մեծամասնությանը: Ես խոսում եմ սոցիալական արդարության սկզբունքի համաձայն, դրա համար մեր ճանապարհները տարբեր են:

Մենք համարում ենք, որ նրանք նույնն են, նույն համակարգի ստեղծողները: Այդ համակարգի մեջ հիանալի կերպով ապրող կառույցներ են: Ինչո՞ւ պետք է նրանք ցանկանան փոխել այն համակարգը, որը իրենց մեծ հաջողություն է բերել: Դա պետք է անեն այլ ուժեր և մենք մեր կողմից արդեն ձևավորում ենք ձախակենտրոն ուժերի բլոկ»:

Պարոն Սարգսյանը հրաժարվեց նշել այն կուսակցություների անուները, որոնք մտնելու են քաղաքական նոր բլոկի մեջ՝ քանի դեռ չկան նրանց ստորագրությունները, բայց նշեց, որ այդ բլոկին անդամագրվելու են  ոչ միայն քաղաքական կուսակցություններ, այլ նաև սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունեցող հկ-ներ և անհատներ:                                 

 

 

 




Լրահոս