Կստեղծվի համահայկական խաղերի մարզական ավան. Իշխան Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական խաղերի կազմակերպման, քաղաքային խորհուրդների ձևավորման, Մարզական վիլիջի ստեղծման (Երևանում), ինչպես նաև «Ձմեռային 2-րդ» (2025 թ. Փետրվար, Ջերմուկ) և «Ամառային 9-րդ» (2027 թ. օգոստոս) խաղերի անցկացման աշխատանքների քննարկման նպատակով կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ), գործկոմի անդամ Արմիկ Էբրահիմյանը (ԱՄՆ) և պատվավոր անդամ Ալբերտ Հավանը (Իրան-ԱՄՆ) մարտի 30-ին հանդիպեցին Լոս Անջելեսի, Գլենդելի, Փասադենայի, Բրբանքի, Գլենդել-Մոնթրոզի, Մալիբուի, Բևեռլի Հիլզի, Հոլիվուդի պատասխանատուների հետ: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրավիճակը ամենայն մանրամասնությամբ՝ պատասխանելով բազմաթիվ հարցերի:
Նա տեղեկացրեց, որ խաղերի կազմակերպման նպատակով կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ արդեն 3 նիստ է անցկացվել, որից վերջինը՝ Ջերմուկում: Քննարկվել են բոլոր հարցերը, արձանագրվել է, որ Ջերմուկը պատրաստ է ընդունելու «Ձմեռային 2-րդ» խաղերը՝ բացառությամբ հոկեյի, որը կանցկացվի Երևանում:

Շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց համահայկական խաղերի վիլիջ ստեղծելու գաղափարի շուրջ: Մասնակիցները միահամուռ ընդունեցին գաղափարը: Ուրախացան, որ վիլիջի ստեղծմամբ կլուծվի տարիներ շարունակ բոլորին մտահոգող կարևոր հարցը՝ համահայկական խաղերի մասնակիցները կապրեն կողք-կողքի ու հավասար պայմաններում:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ մի քանի անգամ քննարկվել է վիլիջի ստեղծման անհրաժեշտությունը: Շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը օժանդակի շուրջ 4000 տեղանոց մարզական ավանի կառուցման աշխատանքներին: Մայիս ամսին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստում մանրամասն կքննարկվի այդ հարցը և կընդունվի համապատասխան որոշում:

Հանդիպումից մեկ օր առաջ Իշխան Զաքարյանը և Ալբերտ Բոյաջյանը Արմիկ Եբրահիմյանի ուղեկցությամբ այցելեցին Գլենդելի ՀՄԸՄ-ի (հոմենըթմեն) «Արարատ» մարզական ավան, ծանոթացան մարզավանի բավականին հարուստ պատմությանն ու հնարավորություններին: Առաջիկա օրերին սպասվում են հանդիպումներ Ամերիկայի այլ քաղաքների պատասխանատուների հետ: Կոմիտեի նախագահի հաջորդ աշխատանքային այցը դեպի Եգիպտոս է:

ՀԽԿ մամուլի ծառայություն




Լրահոս