Փորձելու ենք ճանապարհային քարտեզ կազմել, որպեսզի կարողանանք կազմակերպել հետվերադարձը. Դավիթ Գալստյանը՝ նոր ծրագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավորները նոր ծրագիր են մեկնարկել՝ «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը»: Ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզից, որտեղից Արցախի ընդդիմադիր պատգամավորները երեկ են վերադարձել: ArmLur.am-ը ծրագրի մանրամասների վերաբերյալ զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, ի՞նչ է ներկայացնում «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը, ո՞րն է դրա նպատակը:

-Այսօր բոլորը խոսում են, թե արցախցիների համար սա պետք է անել, նա պետք է անել, բայց ոչ ոք չի հարցնում՝ արցախցիներն ինչ են ուզում: Մենք տասը մարզերում հանդիպելու ենք արցախցիների հետ, փորձելու ենք հասկանալ նրանց ցանկությունները, խնդիրները եւ ամփոփելով դրանք՝ ներկայացնելու ենք արցախցիների տեսլականը: Այն մարդիկ, որոնք, քաղաքական նկատառումներից ելնելով, խոսում են արցախցիների անունից, պետք է հասկանան՝ արցախցիներն իրականում ինչ են ուզում, այլ ոչ թե իրենց ցանկությունները վերագրեն արցախցիներին:

-Ո՞ր մարզերում են հանդիպումները լինելու:

-Ծրագիրը սկսել ենք Սյունիքի մարզից, ամեն մարզում 50 հոգու հետ ենք հանդիպում, նրանց հետ զրուցում, մտքերն ու առաջարկություններն ամփոփելով՝ փորձում ենք պարզել, թե արցախցիներն ինչ խնդիրներ ունեն այստեղ ու գտնել դրանց լուծումը: Հիմնական նպատակը հայրենիք վերադարձի մասով արցախցիների պատկերացումներն ու անվտանգային երաշխիքների առումով նրանց սպասելիքները հասկանալն է: Ըստ այդ տեսլականի՝ փորձելու ենք ճանապարհային քարտեզ կազմել, որպեսզի այդ ծրագրի շրջանակներում կարողանանք կազմակերպել հետվերադարձը:

-Պարո՛ն Գալստյան, այս պայմաններում, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի վերացնի հայկական հետքն Արցախում, իսկ Հայաստանի իշխանություններն, առհասարակ, Արցախի թեման փակ են պահում, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախ վերադարձը:

-Դրա համար մենք չենք ցանկանում մյուսների նման մեր պատկերացումները բարձրաձայնել, ցանկանում ենք քննարկել հարցը նաեւ երիտասարդների հետ, ամփոփել դրանք ու ավելի հստակ կներկայացնենք՝ ինչպես ենք պատկերացնում դա, ինչ երաշխիքներով եւ ինչ նախապայմաններով:

Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս