«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծուփոքր թիմակիցներ երեկ առավոտից թիրախավորել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը:
Պարզվում է՝ հեղափոխական իշխանությունները շատ հեռու են հումորից ու խիստ ծանր էին տարել «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլիմեկյան կատակները:
ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական ՊՈԱԿ-ը (հանրության շրջանում առավել հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ), ԱԺ պատգամավորները, ՔՊ փոխնախագահը և շատ ու շատերը թիրախավորված քննադատում էին մեզ: Իսկ ինչն էր պատճառը. «Ժողովուրդ օրաթերթ»-ը ինչպես ամեն տարի, ապրիլի 1-ին կատակ-հոդվածներ էր հրապարակել, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ԱԱԾ են հրավիրել՝ դատավորների անկախությանը խոչընդոտելու համար, Ակադեմիական քաղաքի ծրագիրը չեղարկվել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ԵՄ և Փաշինյան եռակողմ հանդիպմանը տեսակապով կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը, որ ՔՊ-ն որոշել է անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ Փաշինյանը կուսակցության հրատապ նիստ է գումարել, իրավիճակը թուլացնելու համար որոշում է կայացրել հրաժարական տալ։
Բայց լրահոսի տարբեր հրապարակումներից ՔՊ-ականներին վրդովվեցրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին մեր կատակը ու որոշել են չարությամբ պատասխանել հումորին:
ՔՊ-ականների ֆեյսբուքյան էջերում «Ժողովուրդ» օրաթերթին ողջ օրը թիրախավորելուց, ֆեյքային գրոհներ կազմակերպելուց հետո օրվա վերջում ակցիային միացավ նաև Փաշինյանի ընտանեկան թերթի առցանց տարբերակը և չարությամբ, քենոտ ու խիստ ցայտնոտային անդրադարձ կատարեց մեր կատակներին:
Հատուկ Նիկոլ Փաշինյանի համար ևս մեկ անգամ տեղեկացնենք, որ երեկ մեր ընթերցողին առավոտյան 8:03-ին նախապես տեղեկացրել էինք, որ եթե օրվա ընթացքում մեր կայքում նյութերի վերջում հանդիպեք «կ» տառը, ապա դա կատակ է, լուրջ չվերաբերվեք և կանխավ հայցել էինք բոլորի ներողամտությունը: Բայց այդ փաստը անբարեխղճորեն անտեսվել է Փաշինյանի կողմից:
Ավելին, երբ տեսանք, որ մեր հրապարակումներից մի քանիսը երկրի սահմաններից դուրս՝ միջազգային ԶԼՄ-ներով են տարածվում՝ ինչպես ավանդաբար, հարկ համարեցինք մինչև օրվա կես ևս մեկ պարզաբանմամբ հանդես գալ՝ բացատրելով կատակի չարաճճի օրվա խորհուրդը Հայաստանում:
Ուշագրավ է, որ 13 տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթն ավանդույթի համաձայն նման կատակներ գրում է բոլոր ապրիլի 1-ի օրերին, բայց երբեք ոչ մի ղեկավարություն կամ կատակի հասցեատեր նման մաղձով չի ընդունել հումորը, ինչպես Նիկոլ Փաշինյանը:
Մենք հանգիստ ենք տանում իշխանության ջղաձգումները, նաև վարչապետ հոդվածագրի, կին խմբագրի ստեղծագործությունները, նույնիսկ վիրավորանքները, և փոխադարձաբար մենք թույն ու մաղձ չենք տարածել ու չենք տարածի որևէ ուղությամբ: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի ստախոսությունները բացահայտում ենք և կբացահայտենք շարունակաբար:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: