ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «10 մլն ծառատունկ» ծրագիրը մնաց թղթի վրա․ ինչպես աղմուկ հանեցին և անհետ կորան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում «10 մլն ծառատունկ» ծրագիրը պետք է մեկնարկեր դեռ 2020 թվականին։ Այս մասին ՀՀ վարչապետ Փաշինյանն ազդարարել էր «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում։

Նրա որակմամբ՝ սա մի ամբիցիոզ ծրագիր է ենթադրում: 10 մլն ծառը, համաձայն վարչապետ Փաշինյանի, պետք է խորհրդանշեր 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում:

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Վարդան Մելիքյանը 2020 թվականի փետրվարին ասուլիսում նշել էր․

«Բելառուսից նշեցին, որ պատրաստ են տրամադրել մինչև 10 մլն սոճի, մինչև մեկ մլն կեչի: Ղազախստանից ենք տեսակների մեծ ցանկ ստացել: Այժմ աշխատում ենք Լեհաստանի հետ, նախատեսում ենք նաև համագործակցել Ֆինլանդիայի հետ: Առաջարկները ներառում են թե՛ վճարովի, թե՛ անվճար տնկիներ»:

Այս նույն փոխնախարարը 2020 թվականի օգոստոսին ազատվեց պաշտոնից՝ նախագիծը կիսատ թողնելով։

Հավելենք, որ նա միջգերատեսչական հանձնաժողովի գլխավորողներից մեկն էր։ Նախկին փոխնախարարի մեջբերումներից հասկանում ենք, որ ցանկություն կար ծառ տնկելու, բայց գումար չկար ծրագիր իրականացնելու համար։ Հնարավորություն չկա, այդ պատճառով ՀՀ բարձր ատյաններից բնության կարևորության մասին վանկարկող իշխանությունը, սեփական անտեղյակությունը թաքցնելու համար, չեղարկեց ծրագիրը։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էլ, ամփոփելով 2023 թվականը, նշեց, որ 2023 թ.-ին 314 հա անտառպատման աշխատանքներ են իրականացվել: Հետաքրքրվելով, թե ինչ ընթացք է ստացել «10 մլն ծառատունկ» ծրագիրը՝ նա նշել է, որ ծրագիրը հայտնի դեպքերի պատճառով, այն է կորոնավիրուսային վարակը և 44-օյրյա պատերազմը, չի կայացել։

«Ամբողջ միտքը, որ 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 մլն ծառ տնկվեր, ըստ էության, հայտնի պատճառներով, այդ ծրագիրը չիրականացավ: Ծրագիրը նաև 10-երի խորհուրդն էր ունեցել: Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց ես արդեն ասացի, որ 2024 թվականի համար նախատեսել ենք 1000 հա անտառ տնկել, դա, եթե չեմ սխալվում, 1 մլն ծառի մասին է»,- ասել է Սիմիդյանը։

Փաստացի Կառավարության ծրագիրը՝ «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվում:

Կոտայքի և Արմավիրի մարզում իրականացված համապետական ծառատունկի արդյունքները դիտելով պարզեցինք, որ ծառերի մի մասը տնկվել է չոռոգվող տարածքներում, մի մասն էլ հատկացվել է արդեն չորացած վիճակում, և այդ պատճառով ծառատունկ չի կազմակերպվել:

Կարող ենք ենթադրել, որ ծրագիրը ձևական բնույթ է կրել և ամենևին նպատակ չի հետապնդել ավելացնել երկրում կանաչ տարածքները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան




Լրահոս