Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի հրաժարականը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ՝ մարտի 24-ին, Երեւանի կենտրոնում միջադեպ էր տեղի ունեցել ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների եւ կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի եւ մյուս աշխատակիցների միջեւ:

«Ազգային առաջընթաց» խմբակցության երկու անդամներ՝ Հայկ Գրիգորյանը եւ Ռոբերտ Ծովյանը, Երեւանի Թումանյան փողոցում նկատել էին, որ հերթական ծառահատումն է իրականացվում, մոտեցել էին՝ պարզաբանում պահանջելու, սակայն, ինչպես ավագանու անդամներն էին մեզ հետ զրույցում պատմել, կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները հարձակվել էին իրենց վրա ու հարվածել, իսկ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայհոյել էր նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու ընդդիմադիր անդամներն օրերս պաշտոնապես դիմում են ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով Արմեն Բեգոյանի պաշտոնանկությունը։

«Դիմումը երկու օր առաջ ենք ներկայացրել Տիգրան Ավինյանին: Պահանջում ենք կասեցնել Արմեն Բեգոյանի գործունեությունը եւ ծառայողական քննություն նշանակել միջադեպի մասով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս