Երևանի պետական համալսարանում ապրիլի 3-ին կիրականանա իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։
Դեկանի պաշտոնի համար պայքարում են 2 հոգի՝ Գևորգ Պետրոսյանը և Հարություն Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գործող դեկանը Գագիկ Ղազինյանն է։
ArmLur.am-ը կապ հաստատեց Հարություն Խաչիկյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ տրամադրվածություն և սպասելիքներ ունի նա՝ կապված վաղվա ընտրությունների հետ։
Խաչիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր սպասելիքները, բնականաբար, մեծ են։
«Եթե առաջադրվել եմ դեկանի պաշտոնին, ապա բնականաբար սպասելիքներս մեծ են։ Դրական տրամադրվածություն ունեմ, վաղը նիստը կկայանա և արդյունքները ցույց կտան գիտական խորհուրդը ում նկատմամբ կկայացնի իր դրական որոշումը»,- ասաց Հարություն Խաչիկյանը։
Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում Հարություն Խաչիկյանն ասել էր, որ ընտրվելու դեպքում շնորհակալություն կհայտնի խորհրդից և կշարունակի իր աշխատանքային գործունեությունը, արդեն այլ կարգավիճակում, եթե չընտրվի, կրկին շնորհակալ կլինի և կրկին ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում կշարունակի աշխատել:
Աննա Սրապիոնյան