
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է առաջարկել ստեղծել 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությունը պետք է հավանության արժանանա Հյուսիսատլանտյան դաշինքի 32 անդամների կողմից։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկում է 5 տարվա ընթացքում Ուկրաինայի համար 100 միլիարդ դոլար արժողությամբ դաշնակցային ներդրումների հիմնադրամ ստեղծել՝ որպես փաթեթի մի մաս, որը դաշինքի առաջնորդները կստորագրեն հուլիսին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ», – ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ դաշնակիցները դեռ քննարկում են Ստոլտենբերգի առաջարկը, ինչպես նաև հաշվապահական հաշվառման մեխանիզմները, այդ թվում՝Ուկրաինային տրվող երկկողմ օգնությունը ընդհանուրի մեջ ներառելու հարցը։