ՄԱԴԼԵՆԻՆ ԵՐԵՎԻ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիի ոսկու հանքերի նախկին տիրուհի, «Հայր եւ որդի Երիցյաններ»-ին պատկանող «Աթենք» մսամթերքի սեփականատեր Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսեց իրեն դատի տվողների մասին:  
-Տիկի՛ն Համբարձումյան, Դուք հայտարարել էիք, որ  Սյունիքի մարզպետը Լիճքվազ-Թեյի հանքավայրից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ: Նա էլ հայտարարել է, որ  Ձեզ դատի է տալու:
-Թող հայտարարի, կգան, դատարանում վկայություն կտան քննիչը եւ դատախազը, հարց չունեմ, ես երջանիկ կլինեմ, որ էնտեղ էլ խայտառակվի:
-Ինքն ասել է, որ գնել է այդ սարքավորումը:
-Սուտ է ասում, իր ասելով չէ, կան քննչական բոլոր փաստաթղթերը, ամեն ինչ կա, քննիչը մեզ գրել է, որ ձեր սարքավորումն էսինչ տեղում է դրված, մենք արգելանքի տակ ենք դրել: Մենք ամեն ինչ ունենք: Թող գնա, դատի տա: Ինքը 15 միլիոն դոլարի սարքավորումները գնել է 240 միլիոն դրամով: Այդ 240 միլիոն դրամի մեջ կա ցանկ` ինչ սարքավորումներ է գնել, այդ սարքավորումը` «սարտիրովչնին», այդ ցանկի մեջ չկա: Ինքը շատ լավ գիտի, ինձ ամառը հանդիպել է, ասել է` ես քեզ 100 հազար դոլար կտամ, ես էլ ասել եմ, որ մուրացկան չեմ, ես իմ սարքավորումն եմ ուզում, քո փողը չեմ ուզում:
-Իսկ ձեր վատ հարաբերությունների համար արդյո՞ք ուրիշ պատճառ չկա:  
-Մենք վատ հարաբերությունների մեջ չենք եղել, ես մի անգամ հեռախոսով խոսել եմ նրա հետ մինչեւ հանքի ձեռբքերումը, որովհետեւ նա  հայհոյում էր ավստրալացուն` Տոնիին, ես էլ հեռախոսը վերցրել, ասել եմ` «Սուրի՛կ, չի կարելի հայհոյել, կա մարդկային խոսելու ձեւ»: Նա էլ ասել է` «Ես քո համար Սուրիկը չեմ»: Ես էլ ասել եմ` «Սուրիկը չես, լավ» ու «ատբոյ» եմ տվել: Մի հատ հետաքրքրվեք` այդ ավստրալացիներն ինչո՞ւ վաճառեցին, փախան: Փախել են` նոր Լոնդոնից իրենց աշխատողներն իմացել են, որ շեֆերը փախել են: Բոլորին վախացրել էր: Կրկնում եմ` 102 միլիոն դրամի ապրանքը գտվում է Խաչատրյան Սուրիկի հանքերում, ինքը չի էլ ասել, որ իմ հանքում չէ:
-Նաեւ ասում են, որ, իբր, Սուրեն Խաչատրյանը Մեղրի-Երեւան մայրուղու վրա փակել է Ձեր ճանապարհը, Դուք ինչ-որ տեղ եք զանգել, ապա փոխանցել նրան հեռախոսը, նա էլ սփրթնած Ձեր ճամփան բացել է: Ասվում է, որ իբր դա Ռոբերտ Քոչարյանն է եղել:
-Սուրեն Խաչատրյանն իմ ճանապարհը երբեք չի փակել:
-Տիկի՛ն Սիլվա, Ձեզ հանքից զրկած էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Արմեն Մովսիսյանի հետ մեր հարաբերությունները փչացրել է Սուրեն Խաչատրյանը, եկել, ասել է` «շատ լավ հանք ա, արի՛ մենք վերցնենք, աշխատացնենք», բայց փոս փորողն ինքն է փոսն ընկնում. իրանց էլ չհասավ:
-Այսինքն` նախարարի անձնական շահագրգռվածությո՞ւնը կար այդ ամենում:
-Զուտ նախարարի անձնական շահագրգռվածությունն էր սկզբում, բայց հետո էլ… երեւի «կանտրոլից» դուրս եկավ:
-Այժմ հարց` տիկին Մադլենի մասով, որն ասում է, թե ինքը ոչինչ չի ասել՝ ամուսնու` մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի եւ 99թ. հետ կապված: Նա հայտարարում է, թե Ձեզ չի ճանաչում եւ չի լիազորել նման բաներ ասել:
 -Մադլենն էլ թող դատի տա, ես իր ընկերուհուն արդեն ասել եմ, նա էլ ասաց` ես կգամ, վկայություն կտամ դատարանում: Մադլենն ինձ չի ճանաչում, եթե հիշում եք` ես ասացի, որ իրեն չեմ ճանաչում, բայց ինքը «Մարիոթ»-ում սենց, սենց, սենց հայտարարություններ էր անում, երբ Սերոբին բռնել էին, ու անցել էր ընդամենը 10 օր:
-Իսկ Մադլենի ընկերուհին ո՞վ է:
-Դատարանում կգա` կիմանաք:
-Այսինքն` ընկերուհի՞ն էր Ձեզ լիազորել, որ հայտարարեիք:
-Ո՛չ, նա չէր լիազորել: Ես նստած էի, նա իմ ընկերուհին է, եւ եկավ քույր Արուսյակը, նստեցին, խոսում էինք ընդհանուր, մեկ էլ եկավ Մադլենը: Վրդովված` «ոնց ամուսնուս բռնել են, նա էդ մարդը չի, հլը թող բաց չթողեն, տեսեք ինչե~ր եմ հայտարարելու, հլը ցուցակ ունեմ», բայց հոկտեմբերի 27  ես չեմ ասել: Ինքն էլ տենց չասեց, ոնց որ թերթերը գրել են:
-Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ նա նման ձեւով արձագանքեց:
-Իրեն հնարավոր է` սովորեցրեցին. 80-նանց կին է, ո՛չ թերթ է կարդում, ո՛չ ՀՀ քաղաքացի է. Մադլենն է հարուստ, Սերոբը ոչինչ չի ունեցել, ես իրեն կհիշեցնեմ դատարանում: Իր ընկերուհիներն էլ կգան…
-Տիկի՛ն Սիլվա, Դուք Վազգեն Խաչիկյանին ճանաչո՞ւմ եք:
-Էդ ո՞վ ա:
-Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին ղեկավարը: Կասկածներ կան, որ Դուք նրա պատվերն եք կատարում:
-Ընդհանրապես չեմ ճանաչում Վազգեն Խաչիկյանին:
-Կարծիք կա, որ հարցը քաղաքականացնում եք` ամենավտանգավոր թեման շոշափելով:
-Կրկնում եմ` ես «27» չեմ ասել, իսկ ինչ վերաբերում է, որ ասում եք` «կարծիք կա», բոլոր թերթերը Սերոբի մասին գրում էին, որ նա հոկտեմբերի 27-ով անցել ա, ես ի՞նչ կապ ունեմ:
-Այս ընթացքում սպառնալիքներ զգացե՞լ եք` Սուրեն Խաչատրյանը Ձեզ զանգե՞լ է: Կամ իրավապահներն այցելել են Ձեզ` հարցնելու, թե որտեղից նման տեղեկություններ: Ի վերջո, մեզ մոտ շատ մոդայիկ  է սուտ մատնության մեղադրանքը:
-Սուրեն Խաչատրյանն ինձ երկու անգամ զանգել է` երեկ ցերեկը` 13:30, եւ գիշերը` մեկին տաս պակաս, բայց ես չեմ վերցրել հեռախոսը: Ինչ վերաբերում է մյուս հարցին,  ես ինչ-որ գիտեմ` բոլոր գիտեն, ուղղակի լրագրողներին պետք չէ ասել, քանի որ հասկացա, որ լրագրողները վախենում են:
-Լրագրողներն ուղղակի կանխատեսում են: Չե՞ք հիշում Հացպանյանին, երբ Սերժ Սարգսյանին զգուշացնում էր իբր Քոչարյանի ծրագրած մահափորձի մասին:
-Բայց ես արդարություն եմ ուզում, այսօրվա իմ բողոքն արդարության համար է: Մանավանդ որ ես հիմա վստահում եմ մեր հանրապետության նախագահին, որովհետեւ շատ լավ ելույթ ունեցավ բիզնեսի կողքին կանգնելու մասին: Եւ իմ ամբողջ հույսն ու հավատը նա է: Դուք իրեն ճիշտ ինֆորմացիա հաղորդե՛ք:
-Գիտե՞ք, որ Ձեր հայտարարությունները վիրավորել են գործարարներին օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին:
-Սամվել Ալեքսանյանի անունը ես չեմ տվել, ես ասել եմ, որ շաքարն անորակ է եւ շատ թանկ, ես ի՞նչ գիտեմ` ով է բերում շաքարը: Նաեւ ասել եմ` խորհուրդ եմ տալիս, զգո՛ւյշ եղեք, չհիվանդանաք էդ շաքարից:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս